Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատերական արվեստում պետք է զգալ ժամանակի փոփոխությունը»

Հուլիս 22,2019 12:30

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանի դիտարկումները

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում թատերական ռեժիսորներից ոմանք նպատակահարմար չեն գտնում մեր ժամանակներում հաստատուն ստեղծագործական աշխատակազմ, որի արդյունքում՝ երկարակյաց խաղացանկային ներկայացումներով թատրոնների գոյությունը: Փոխարենը՝ հավաստիացնում են, թե մեր օրերը պահանջում են արագ փոփոխվող խաղացանկ ու ստեղծագործական կազմ:

Այս առիթով խնդրեցինք իր տեսակետը հայտնել մեր թատերական աշխարհից հանրության հետ ամենաշատը շփվող ռեժիսորին՝ Ռուբեն Բաբայանին: «Ծայրահեղությունից ծայրահեղություն հարկավոր չէ ընկնել: Պետք է գործեն ե՛ւ խաղացանկային, ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային, ե՛ւ քաղաքապետարանների, ե՛ւ հասարակական, ե՛ւ կոոպերատիվ, ե՛ւ անտեպրիզային ներկայացումներով թատրոնները: Իսկ թատերական գործի կազմակերպումը պետք է լինի ազատ, որի համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական գործողություններ: Աշխարհում, նկատի ունեմ քաղաքակիրթ աշխարհը, պետության կողմից ընդունված է ընդամենը մի կարեւոր սկզբունք, ինչն էլ արտահայտվում է մեկ նախադասությամբ՝ աջակցություն առանց կառավարման: Իսկ ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել արվեստի զարգացումը առանց մեկենասների եւ հովանավորների մասնակցությամբ: Սա ոչ միայն գումարի խնդիր է, այլ նաեւ բիզնեսն ու արվեստը իրար մոտեցնելու, բիզնեսն ավելի քաղաքակիրթ, իսկ արվեստն ավելի պրակտիկ, ժամանակակից, հանրության պահանջարկը բավարարող եւ հանրության առջեւ ավելի քաղաքակիրթ մոդել ստեղծելու հարց»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ռեպլիկին՝ մեկ մոդել բոլոր թատրոնների համա՞ր, պարոն Բաբայանը պատասխանեց. «Թատրոնների ղեկավարման մոդելը շատ հաճախ կախված է, թե ո՞վ է տվյալ թատրոնի ղեկավարը: Եվ դա ճիշտ է, քանի որ լիովին չենք կարող բացառել անհատի գործոնը: Այն՝ ինչը լավ է մի թատրոնի համար, կարող է բացարձակ չաշխատել մյուսի դեպքում: Եթե գոյություն ունենար, ասենք, մի իդեալական, ունիվերսալ համակարգ, ապա այն վաղուց կկիրառվեր: Բոլոր դեպքերում մի շատ կարեւոր սկզբունք կա. արվեստագետը, անկախ թատրոնի կարգավիճակից, պետք է աշխատի պայմանագրային հիմունքներով եւ վարձատրվի ոչ թե զբաղեցրած պաշտոնի, այլ կոնկրետ ստեղծագործական աշխատանքի համար»:

Դիտարկմանը, թե այստեղ էլ կծագի աշխատավարձի կամ հոնորարի չափի խնդիր, մեր զրուցակիցն ասաց. «Մեր թատրոնները կոչված են լուծել ավելի շատ սոցիալական խնդիրներ, քան ստեղծագործական: Անհրաժեշտ են մեծ փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը պարտավոր է հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները: Օրինակ, արվեստագետը չի կարող վարձատրվել այն սկզբունքով, ինչպես որեւէ նախարարության կամ վարչության աշխատող, այնպես, ինչպես բալետի արտիստը, փողային գործիքի երաժիշտը, տիկնիկային թատրոնի դերասանը: Թվարկածներիս դեպքում պետք է իջեցվի նրանց կենսաթոշակային տարիքը»:

Օրերս Ազգային օպերային թատրոնում Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության համար հայտարարված ռեժիսորների մրցույթում, որին ներկայացված էր 5 հայտ, հանձնաժողովը հաղթող չի ճանաչել ներկայացված եւ ոչ մի աշխատանք: Մրցույթի ժամկետը երկարաձգվել է մինչեւ աշուն: Կարող են հայտեր ներկայացնել ինչպես նոր ռեժիսորներ, այնպես էլ նախկին մասնակիցները:

Օպերային թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնից տեղեկացրին, որ հանձնաժողովին իրենց «Անուշի» ռեժիսորական լուծումն են ներկայացրել 5 հայտատուից 4-ը՝ Նաիրե Ստեփանյանը, Սամսոն Մովսեսյանը, Արսեն Ղազարյանը, Ժիրայր Փափազյանը, իսկ Կարեն Ներսիսիյանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Հանձնախմբի կազմում էին թատերագետ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, ռեժիսորներ Ռուբեն Բաբայանը, Գրիգոր Խաչատրյանը, դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանն ու Հարություն Արզումանյանը, օպերային երգիչ Սարգիս Աղամալյանը, գեղանկարիչ Դավիթ Մինասյանը:

Ռուբեն Բաբյանից խնդրեցինք կարծիք հայտնել իր գործընկերների՝ «Անուշի» իրենց լուծումների առիթով եւ հետաքրքրվեցինք այդ մրցույթի հայտարարման օրվանից մասնագետներին եւ նույնիսկ պրոֆեսիոնալ ունկնդրին հուզող մի հարցի մասին, այն է՝ Կոնստանտին Օրբելյանը որպես օպերայի գեղարվեստական ղեկավար, ինքը կարող էր առանց մրցույթի ընտրել ռեժիսոր, Սունդուկյանի թատրոնում էլ նոր «Պեպո» բեմադրվեց, ինչո՞ւ մրցույթ չհայտարարվեց:

«Կարծում եմ, այդ հարցը պետք է ուղղեիք հենց թատրոնի գեղարվեստական ղեկավարին: Քանի որ ես մրցութային հանձնաժողովի կազմում էի, հարց ուղղեցի Օրբելյանին՝ ի՞նչ եք ուզում ունենալ, ուզում եք ավանդակա՞ն, թե՞ մոդեռն բեմադրություն… Այս պահին բնականաբար կհայտնեմ միայն իմ կարծիքը. նոր բեմադրության մեջ պետք չէ շեշտադրել Անուշի սոցիալական կոնֆլիկտը: Հակառակը, պետք է ամբողջովին այն զրկել կենցաղային մոտեցումից: Երբ դիտում ենք ինչ-որ սագաներ, մեզ քիչ է հետաքրքրում դրանց հիմքում ընկած սյուժետային կոնֆլիկտները: Հակառակը՝ հետաքրքրում է ռիտուալ ծիսակատարությունը: Օրինակ, Սարոյի եւ Մոսիի կոխի տեսարանը: Ըստ իս, դա ռիտուալ պայքար է»,- նշեց պարոն Բաբայանը: Տիկնիկային թատրոնում մի շարք բեմադրություններ իրականացրած ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը մինչ մրցույթը մեզ հետ զրույցում նշել էր, թե իր մոտեցումն «Անուշին» ազատ է, քանի որ թումանյանական պոեմում գլխավոր անձը բնությունն է, իսկ բնությունը ինքնին ազատություն է: Ռուբեն Բաբայանը շարունակելով կրտսեր գործընկերոջ խոսքը, նույն միտքն արտահայտեց, ինչ Մովսեսյանը. «Անուշի մահը ընկալվում է որպես ողբերգություն: Դա այդպես չէ: Նա գնում է դեպի բնություն, դեպի հավերժություն: Ես ներկայացումը տեսնում եմ բավական դինամիկ, այնպես, ինչպես բնությունն է…»: Հետո էլ հավելեց. «Երբ նշում ենք, որ «Անուշում» բնությունը գլխավոր գործող անձ է, ապա բնության արհավիրքները, այնպես, ինչպես մարդկային կրքերը, շաղկապված են: Հենց, օրինակ, Սարոյի եւ Մոսիի կոխի տեսարանը: … «Անուշը» պետք է լինի օպերա ոչ թե ներքին լսարանի, այլ աշխարհի համար…»: Ռեպլիկին, այսինքն՝ միանշանակ ժամանակակից լուծումներով, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Թումանյանի գործը զուրկ է կենցաղից: Թումանյանը պոեմ է գրել, որի էությունը հրաշալի զգացել է Տիգրանյանը: Պետք չէ վախենալ ոչնչից: Մեկ խոսքով՝ այսօրվա Անուշը պահանջում է դինամիկ բեմադրություն, որտեղ տեղ չեն ունենա ստատիկ միզանսցենները, քանի որ, կրկնում եմ, բնությունն էլ մշտապես շարժման մեջ է: Կուզեի այսպիսի «Անուշ» տեսնել: Սա չի նշանակում ջնջել ժամանակին իրականացրած «Անուշի» բեմադրությունները: Այդ ժամանակների համար դրանք լավն էին: Թատերական արվեստում պետք է զգալ ժամանակի փոփոխությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Կարծում եմ, վաղուց հասունացել է ժամանակը, որ Տիգրանյանական «Անուշ»-ի կողքին մի նոր հեղինակի «Անուշ» բեմադրել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Տիգրան says:

    Բաբայան ջան, կներես, բայց ազգային արվեստից շատ բաներ չես հասկանում: Ի՞նչ ռիտուալի մասին է խոսքը: Թումանյանը ազգագրագետների համար չի գրել գործը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031