Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչիկցի տղա. «Մեծանամ, դատավոր եմ դառնալու»

Հուլիս 22,2019 12:00

Սիրեկան Աբրահամյանը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղից է, այս տարի փոխադրվել է 11-րդ դասարան: Նա շատ բազմազբաղ առօրյա ունի եւ բազում հետաքրքրություններ. «Սիրում եմ հայոց լեզու, գրականություն առարկաները, օտար լեզուներ՝ նույնպես, ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ կարատեի խմբակի: Կարծում եմ՝ տղամարդիկ պետք է ուժեղ լինեն, որովհետեւ կանանց կողքին ուժեղ տղամարդիկ են պետք: Ես կարատեից մոտ տասը մեդալ ունեմ, չորս մրցաշարերում առաջին տեղ եմ զբաղեցրել: Որոշել եմ ապագայում դատավոր դառնալ, դրա համար ցանկանում եմ ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ»:

Սիրեկանը գիտի, որ Ֆրանսիական համալսարանում ուսանելու ընթացքը դժվար է լինելու, բայց վստահ է, որ արդյունքը լավ կլինի: Մանկուց է երազել դատավոր դառնալ, երբ ֆիլմերից կամ հաղորդումներից տեսել է, թե ինչպես են նրանք դատեր վարում. «Միշտ մտածել եմ, որ դատավորի գործը իսկական տղամարդու գործ է: Ուզում եմ օրենքը պաշտպանել, կարծում եմ, որ օրենքը խախտողներին պետք է պատժել: Ասում են՝ դատավորներից ոմանք կաշառք են վերցնում, բայց ես անաչառ դատավոր եմ լինելու»:

Սիրեկանի համար իր Խաչիկ գյուղը շատ սիրելի է, քանի որ յուրահատուկ է. «Մեր գյուղը երեք կողմից շրջապատված է Ադրբեջանով՝ Նախիջեւանով, եւ միայն մի կողմից՝ Հայաստանն է: Բայց մեր զինվորները միշտ զգոն են եւ հսկում են սահմանը»:

Սիրեկանը երազում է նաեւ շրջագայելու մասին, արդեն իսկ հասցրել է լինել Գերմանիայում, ուր բնակվում է իր մեծ քույրերից մեկը, եւ Ավստրիայում, ուզում է տեսնել նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Դեմ չէ տեսնել նաեւ Բաքուն, քան որ «կոնֆլիկտ ունեցող երկրներն իրար պետք է ավելի լավ ճանաչեն»:

Սովորելուց, կարատեից եւ շրջագայելուց բացի՝ Սիրեկանն այլ զբաղմունք էլ ունի. «Մեկ տարի է, ինչ ճագարաբուծությամբ եմ զբաղվում, վերջին երեք ամիսներին հաճախում եմ ճագարաբուծության եւ մեղվապահության դասընթացների: Մի անգամ կազմակերպվեց սեմինար, որպեսզի տեսնեինք, թե ով ինչ է սովորել ճագարաբուծության դասընթացներից: Ես ինձ հետ տարել էի մի ճագար, որը աճուրդի դրեցինք: Նախնական գինը 7000 դրամ էր, սակայն ես ճագարս վաճառեցի 25000 դրամով: Իմ ճագարները ամիսը մեկ կարող են ձագեր ունենալ, ճագարաբուծությունը օգտակար բիզնես է, որովհետեւ քիչ աշխատանք է պահանջում, ճագարի միսն էլ շատ որակյալ սնունդ է, տոկոսով մարսվում է: Ճագարներին հիմնականում կենդանի եմ վաճառում, որովհետեւ ինձ համար դժվար է նրանց մորթելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Պատկերապատումը Լեւոն Ֆլջյանի

 «Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկականև ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են


«Առավոտ» օրաթերթ,

20.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031