Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԲԱ գործարանից մինչեւ միլիարդների մասին երազող վանաձորցի փոքրիկ

Հուլիս 22,2019 10:57

Աշխատանքային այցով Լոռի եւ Տավուշ մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց նաեւ Վանաձորի ՎԱԲԱ հակակարկտային ցանցերի գործարան, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Թաիրովի ամառանոց (Գուգարաց թեմի առաջնորդարան) եւ UWC Դիլիջանի միջազգային դպրոց:

«Մեկուկես օրվա ընթացքում, երբ Լոռվա մարզում շրջապտույտ էինք անում լավ եւ վատ վիճակում գտնվող համայնքներում, ես փորձում էի ինքս ինձ համար պարզել, թե գյուղատնտեսության, գյուղի համար որոնք են ամենակարեւոր գործոնները, ինչպիսի աջակցության կարիք ունեն իրենք: Կարծում եմ, որ դրանք նախ եւ առաջ ենթակառուցվածքներն են, մասնավորապես ճանապարհները եւ իհարկե ինտերնետը: ՎԱԲԱ գործարանը շատ արժեքավոր է եւ չպետք է իրենց արտադրանքին մոտենալ զուտ որպես հակակարկտային ցանցի: Սա տեխնոլոգիա է, որ աշխարհով մեկ կիրառվում է:

Օրինակ՝ եթե Իտալիա գնաք, կտեսնեք, որ այնտեղ չկան խաղողի, խնձորի այգիներ, որոնք պաշտպանված չլինեն: Պաշտպանում են ոչ միայն կարկուտից, այլեւ թռչուններից: Թռչուններից պաշտպանված չլինելու պատճառով բերքի մի մասը կորում է, իսկ այս ցանցերի շնորհիվ միկրոկլիմա է ստեղծվում: Սա ժամանակակից տեխնոլոգիա է: Իրենք ներդրում են արել եւ ստեղծել ժամանակակից արտադրություն, որ ոչ միայն կարող են Հայաստանում կիրառել, այլեւ արտահանել: Ես կարծում եմ, որ ափսոս կլինի Հայաստանում արտադրված նման ապրանքը միայն արտահանվի»,-ասաց նախագահը մատնանշելով Հայաստանի հարավի, Արարատյան դաշտի խաղողի այգիների պաշտպանության անհրաժեշտությունը:

Նրա խոսքերով, ներդրումը երեք-չորս տարվա ընթացքում կվերադառնա, հետեւաբար ճիշտ կլինի, որ սուբսիդավորում կատարվի:

ՎԱԲԱ-ի ծրագրերի ղեկավար Տիգրան Ղարաջյանը նշեց, որ գործարանը ամբողջապես իտալական սարքավորումներով է հագեցած եւ իտալական հումք է օգտագործվում, արտադրանքն էլ մրցունակ է աշխարհում: Նա նաեւ ասաց, որ պետությունից աջակցություն են ակնկալում, սուբսիդավորման անհրաժեշտություն կա 300-500 մլն դրամի սահմաններում; Նաեւ ցանկանում են, որ պետությունը աջակցի միջազգային ցուցահանդեսներին կարողանան մասնակցել:

Տիգրան Ղարաջյանը նաեւ հավելեց, որ նախագահից էլ ակնկալում են, որ իրենց արտադրանքը նրա կապերի միջոցով ներկայացվի միջազգային հարթակներում: Գործարանը գործում է անցյալ տարվա սեպտեմբերից, ունի 17 աշխատատեղ եւ զարգանալու բավականին տեղ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արմեն Սարգսյանը այստեղ պատասխանեց կենտրոնի ներկայացուցիչների հարցերին, լսեց նրանց առաջարկները, ծանոթացավ տեսլականներին: Նաեւ զրուցեց ծրագրավորող երեխաներին; Նրանցից մեկը, պատասխանելով նախագահի հարցին, ասաց, որ ուզում է միլիարդատեր դառնալ: «Քանի՞ զրո կա մեկ միլիարդի մեջ»,- հարցրեց Արմեն Սարգսյանը: Երեխան ասաց 6, նախագահը կատակով պատասխանեց. «Դու միլիարդատեր չես դառնա, դրա համար նախ պետք է մաթեմատիկա սովորես»:

Տպավորիչ էր հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների եւ շրջանավարտների հետ: Նրանք տարբեր հարցեր ուղղեցին ՀՀ նախագահին՝ սկսած աշխարհում Հայաստանի տեղից, վերջացրած իրենց երազանքներին հասնելու վերաբերյալ հարցերով: Նախագահը նրանց հետ զրույցում շեշտադրեց նպատակին հասնելու համար կրթության միջոցով գիտելիք եւ նոր որակներ ձեռք բերելը եւ նպատակի հետեւից գնալը:

Արտասահմանցի ուսանողներից մեկին Արմեն Սարգսյանը հարցրեց, թե ինչու է որոշել հատկապես Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել, երիտասարդը հարցով պատասխանեց նրա հարցին. «Ուրիշ ո՞ր երկրում ես կարող եմ այսպես նստել ու զրուցել երկրի նախագահի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031