Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հուլիս 21,2019 23:35

Սկիզբը՝ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5

ԳԼՈՒԽ 6

Ապագա մանկություն

Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և պատանին կկանգնի խաղալիք գողանալու գայթակղության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա ծնողի բիրտ պահանջներից շեղվելու պահանջմունքը, երբ օրորոցում կմնան անմիտ չարաճճիություններ, որոնք ի սպառ չեն անհետանում երբեք։ Քանզի գլուխ են բարձրացնում հանկարծ ու անսպասելի, և տարիքով մարդուն իսկ այցելում են անպատեհ՝ քիմքի վրա թողնելով մանկության անհասկանալի համը։

Մարդը չի ծերանում երբեք։ Նա զառամում է մանկանալով։ Իսկ մահն ընդամենը սահման է, յուրօրինակ եզերք, որտեղ մի անգամ և մի վերջին անգամ բախվում են գոյության ավարտն ու սկիզբը։

Այո, այդպե՛ս է։

Չարաճճի թոռները խաղում են տատ ու պապերի հետ, որոնք չարաճճի են նույնպես։ Պառավ երեխայի խելամտությունը կանխում է ապիմաստուն.(«Ապիմաստուն». հեղինակային բառ է) երեխայի օյինբազությունը, բայց նրանք շատ լավ հասկանում են միմյանց, որովհետև հաղորդակցվում են մանկության լեզվով։ Թոռ մեծացնող տատերը մայրանում են վերստին՝ կրկին վերապրելով բնազդներ, որոնք ծնում են հաճույք և հոգատարություն։

Բարուրելու հաճույքը…

Կերակրելու, բարոյախրատական հեքիաթով կրթելու հաճույքը…

Կյանքի փորձով ուղղորդելու հաճույքը։

Տարբեր են մոտեցումները, և հոգատարության դրսևորումները տարաբնույթ են նույնպես։ Սակայն եզակի այս փոխհարաբերություններում ընդմիշտ առկա է սեփական կյանքի մեծ ափսոսանքն ի վերջո իրական տեսնելու ձգտումը։ Թոռները նվերներ են, անհողդողդ մխիթարություն, որից կառչում են զառամյալ մարդիկ՝ իրենք իրենց հավատացնելով, թե կյանքն ահա այսպե՛ս պիտի շարունակվեր, և այսպես պիտի հոսեր ցեղի արյունը։

Ինչպիսի՜ մոլորություն։

Մարդը մահանում է այնժամ, երբ նահապետ պիտի լիներ և պիտի փոխանցեր կենաց դասեր, որոնք պարզաջրվել են սիրով, մեծ պայքարով և իմաստությամբ։

Մարդն ապրում է վրիպելով, սակայն չունի սխալներ ուղղելու ժամանակը։ Եվ թոռ մեծացնող տատ ու պապերը նախ և հետո ձգտում են հենց սրան։ Նրանք ողջ էությամբ ցանկանում են, որ իրենց կյանքի սխալները չկրկնվեն հետո։ Նրանք շնորհում են լավագույնը՝ ջանք ու եռանդ չխնայելով, խարխափելով իրականության հոգեմաշ խավարում, որտեղ կյանք է ցանկանում ենթագիտակցությունը, իսկ գիտակցությունն այդ կյանքը փոխադրում է թոռների գոյության մեջ։ Այս փոխհարաբերություններում, իհարկե, առկա են ամեն տեսակ օյինբազություններ, որովհետև մանկությունը խաղ է ու խաղալիք։

Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և Միքայել Գոմեսը չի ազատագրվի նոր խաղալիք ունենալու գայթակղությունից։ Լրջախոհ, տարիքն առած մարդը ժամանակ առ ժամանակ կկանգնի ցուցափեղկի առջև՝ երևակայությամբ շոշափելով մանկության լուսասքող ակնթարթներ, որոնք, ահա՛, լիուլի սփռված են անգամ հետին խանութների ցուցափեղկերում և որոնք, սակայն, ինքը չի ունեցել երբեք։ Ցանկությամբ հիվանդ, թուլությամբ գերեվարված մարդն իր ողջ կյանքի ընթացքում կգողանա խաղալիքներ՝ աչքի առջև ունենալով օրենքի դատապարտությունն ու ոստիկանների թուքումուրը։ Հավանական պատժից նա կսարսափի կանխավ, բայց ցանկալի առարկան գրպանում ունենալուց հետո կժպտա թեթև, և հաճույքը սարսափից զորեղ կգտնվի։ Ապա կգան օրեր, երբ գողացված խաղալիքը կզրկվի նախկին հմայքից, կմնա ինչ-որ դարակի փոշիներում՝ այլ խաղալիքների մեջ, և այդժամ կրկին ու կրկին գլուխ կբարձրացնի ևս մի անգամ, թերևս վերջին անգամ գողության դիմելու պահանջը։

Սակայն Միքայել Գոմեսի յուրաքանչյուր հաղթանակն, իրականում, կանխավ դատապարտված պարտություն էր, և Միքայելը քաջ գիտեր այս ճշմարտությունը, բայց ինքն իր առջև կանգնելու և ինքն իրեն խոստովանելու ուժը չէր գտնվում երբեք։ Կան մարդիկ, ովքեր խաբված լինելով են բավարարվում։ Իսկ ամենավտանգավոր սուտը բնավորվում է այնտեղ, ուր կա կամավոր կեղծիք և խոստովանությունից խուսափելու միտում կա։

Ահա ես խոսեցի հեռավոր ապագայի մասին, սակայն դեպքերի ընթացքը մեզ ուղղորդում է այնտեղ, ուր կաղ է երջանկությունը, իսկ սերը՝ թերի։

Թերեզա Գոմեսը մեծացնում էր Միքայելին կախ սրտով, քանզի Վիետնամի պատերազմը խլել էր ամուսնուն։ Երեխան խինդով էր լցրել կյանքի փուչ խոռոչը, իսկ պատերազմը մեկ այլ խոռոչ էր բացել՝ ընդամենը հաստատելով այն ճշմարտությունը, որ լիարժեք երջանկությունն անգամ լիարժեք չի լինում։ Մենության ճնշող ներկայությունը քիչ թե շատ նահանջում էր ցերեկվա ժամերին, երբ դայակն էր այցելում, բայց գիշերները դժվար էին, ծանր, երկարատև։ Պստիկ Միքայելը վատ չէր քնում։ Առողջ էր, չափավոր նազ ու տուզով։ Սկսեց քայլել մեկ տարեկանում և հենց այդ տարիքում էլ բացատրվում էր հեշտությամբ՝ շատ-շատ բառեր անսխալ արտասանելով։ Սա Ալեքսանդր Գոմեսի բացակայության առաջին տարին էր։ Ողջ բացասականով հանդերձ, այս ժամանակահատվածը մեկ դրական կողմ ուներ։ Թերեզան ապրում էր՝ ինքն իրեն բացահայտելով։ Անցել էին ծանրակիր այն օրերը, երբ տառապում էր թերարժեքության բարդույթով, երբ ընկճախտն էր բնակվում նրա անկողնում, իսկ վախը ջլատում էր ուժեր։ Երեխան փափկազգաց էր դարձրել Թերեզայի սիրտը, արթնացրել բնազդներ, որոնք կինը չէր ճանաչել երբեք։ Նա կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ երեխայի հանդեպ սերը եզակի տրոփ է, կրծքի տակ պսպղուն օազիս, մշտատև երկրպագություն… Թվում էր՝ իմաստության դասեր կան մինչև իսկ ամենապարզ շփումների մեջ, և կան իմաստներ, որոնք բուն կենցաղով էին հասկացվում։ Թերեզան հրճվում էր Միքայելի հրճվալից ծիծաղով, երբ նա չփչփացնում էր՝ ջուր ցայտեցնելով, իսկ կինը գիտեր, որ այս ակնթարթը ծնունդն է իր հոգատարության։

– Ջո՜ւ-ջո՜ւ,- երգեցիկ գղգղում էր պստիկ չարաճճին՝ մեծագույն հաճույք ստանալով պսպղուն կաթիլներից, որ ցայտում էին ամեն անգամ, երբ թաթիկներով հարվածում էր ջրին, իսկ Թերեզայի ներքին հաճույքը ծնվում էր այն գիտակցությունից, որ սա պատահական ջուր չի, այլ ջերմաստիճանը նախապես ստուգված է ջերմաչափով, իսկ փրփուրը հատկապես երեխա լողացնելու համար է՝ որպեսզի չմրմռան աչքերը։

Կույր մարդիկ ճանաչում են աշխարհը մեկ այլ, անիմանալի զգացողությամբ և գույներ են ճանաչում շոշափելով։ Համանման իրավիճակում էր Թերեզա Գոմեսը, քանզի շոշափելով էր բացահայտում մայրության խորքն ու էությունը։ Աստիճանաբար ապաքինվում էին նաև նրա կրոնական համոզմունքները։

«Ես ստացա իմ աղոթքների պատասխանը, շնորհակալ եմ տեր Աստված»։- Ահա թե ինչ էր մտածում երեխա մեծացնող կինը։

Ամեն երեկո, նա սուրբ Գրքից հատվածներ էր կարդում բարձրաձայն, և Միքայելը քնում էր՝ ճանաչելով փաղաքուշ ձայնի խաղաղությունն ու Վերին իմաստության խորհուրդը։ Նեղանձնական թուլության պահերին, երբ առանձնահատուկ սուր էր ամուսնու հանդեպ կարոտը, Թերեզան երկա՜ր-երկա՜ր զրուցում էր Միքայելի հետ՝ նրան ընդունելով իբրև միակ և անփոխարինելի մխիթարություն։ Կինը պատմություններ էր պատմում Աստվածաշնչից, մատուցում էր հատկապես այն դրվագները, որոնք համահունչ էին ներկա կյանքին։ Շուտով տուն մտան առաջին գրքերը, որոնք նկարազարդ-շքեղ էին, սակայն բոլոր այդ գրքերում առկա էր կրոնական միտքը։ Գրքերի հետ միասին տան անդամներ դարձան Ռաքելն ու Լիան, Հեփթայեն և նրա դուստրը, Սամուել մարգարեն, Սամսոնը, Դավիթ թագավորն ու Հիսուս։

– Արի՛ ինձ մոտ։- Երեխային գիրկը վերցնելով՝ Թերեզան փոխանցում էր տարիքին համահունչ գիտելիքներ։- Ցույց տուր կարմիրը… Իսկ սա՞ ինչ է։

– Աթոլ։

– Այ իմ թլիկ, ասա՝ ռ։

– Լ։

– Աթո՛ռ։

– Աթոլ։

Առանձնահատուկ հաճույք կար համատեղ զբոսանքներում։ Նրանք հյուր էին գնում երբեմն, ավելի հաճախ՝ պարզապես զբոսնում էին՝ կենարար օդ ներծծելու պահանջը բավարարելով։ Զբոսայգիներում, սովորաբար, հանգիստ էին վայելում երեխամայրեր, որոնք թերևս նույն տարիքի զավակներ ունեին և ճանաչել էին զմիմյանս բազմաթիվ հանդիպումների արդյունքում։ Թերեզան շփվում էր նրանց հետ՝ երբեք դուրս չգալով իր համար ընդունելի սահմաններից։ Այս կանայք ապրում էին ուրի՛շ չափանիշներով և անում էին բաներ, որոնք հակառակ էին Թերեզայի կրոնական համոզմունքներին։ Այստեղ առանձնահատուկ կարևորություն ունեին Ամանորը, ծննդյան արարողությունն ու Հելոուինը… Եվ ծավալվում էին զրույցներ…

– Մենք չենք կարող նշել այդ տոները,- բացատրում էր Թերեզան՝ ներկաներին դիմելով,- որովհետև Հիսուս Քրիստոսը դրանք նշելու պատվեր մեզ չի տվել։ Քրիստոնեական առաքինություն պահպանելը յուրաքանչյուրիս պարտքն է, դուք համամի՞տ եք։

– Սակայն, տիկին Թերեզա, չեմ հասկանում, թե ի՞նչ վատ բան կա դրանք նշելու մեջ։ Մի՞թե կարող ենք զրկել մեր երեխաներին մանկության համար այդքան կարևոր միջոցառումներից։

– Աշխարհում կան շատ անթույլատրելի բաներ, տիկին Իրինա, սակայն մարդիկ օգտվում են դրանցից։ Մեծամասնությանը հետևելը դեռ չի նշանակում, թե ճիշտ ճանապարհը հենց դա է։

– Իսկ դուք, տիկին Թերեզա, դաստիարակության համար ի՞նչն եք կարևորում։- Խոսողը ևս տարեկից էր, երիտասարդ երեխամայր, Ավգուստա անունով։- Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում բարոյական չափանիշներ։

– Սիրելի Ավգուստա, ախա՜ր մարդկությանը հայտնի բոլոր չափանիշները Աստվածաշնչից են վերցված։ Մի գողացիր, մի շնացիր և այն։ Համամի՞տ եք։

– Երեխան պետք է ուրախանա իր տոնածառով, ծննդյան տորթի մոմը հանգցնի և պետք է մեծանա հասակակիցներից չզատվելով։ Ահա՛ իմ տեսակետը։

Նման զրույցներ հաճախ էին ծավալվում, երբ նրանք հանկարծ հավաքվում էին զբոսայգու որևէ անկյունում։ Բարեկիրթ կանայք էին, և նրանցից ոչ մեկը իր տեսակետը չէր պարտադրում Թերեզային։ Սակայն կարծիքները չէին մերվում երբեք, իսկ տարաձայնությունը կանխում էր հետագա փոխհարաբերությունների զարգացումը՝ ի չիք դարձնելով ընկերանալու, միմյանց հյուրընկալելու տարբերակներ։

Ահա այսպես անցնում էին օրեր, և Թերեզան մեծացնում էր Միքայելին՝ նրա մանկությունն ամփոփելով մտացածին իր աշխարհի միջնաբերդում։ Տանը չկային խաղալիքներ. երեխան ապրում էր մեծ մարդու կենցաղով։ Եվ ամեն անգամ, երբ չէր գտնվում լացին անհրաժեշտ խաղալիքը, Թերեզան ծնրադրում էր սենյակի անկյունում՝ ստիպելով, որ Միքայելը ևս ընդունի այս տան մեջ անփոփոխ ծիսակարգը։

Երեխան խաղում էր աղոթքներով։

(շարունակելի)

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել