Ծիրանի երկիր Հայաստանում անգամ ամենափոքրիկներին է հայտնի այս մրգի օգտակարության մասին, ուստի պատահական չէ, որ ամառվա «ծիրանաշատ» շրջանում մենք շտապում ենք ամենատարբեր եղանակներով երկարացնել այս անուշահամ մրգի «կյանքը», որպեսզի այն ուղեկցի մեզ տարվա բոլոր եղանակներին՝ հարստացնելով մեր օրգանիզմը ոչ միայն բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով, այլև հայկական արևի կենարար էներգիայով։
Վաղուց ի վեր, անգամ այն ժամանակ, երբ չկային համապատասխան հետազոտություններ ու փաստեր, հայերը ծիրանից և ոչ մի բան դեն չէին նետում՝ շատ բարձր գնահատելով մրգի թե՛ պտղամիսը, թե՛ կորիզը․ այն երեխաների սիրելի «խրթխրթանն» էր, որը կստանային շատ, եթե այդ տարի ընտանիքը որոշեր մեծ քանակով ծիրանի ջեմ կամ հյութ պատրաստել, կամ կստանային ավելի պակաս, եթե տանտիրուհին, այնուամենայնիվ, որոշեր կորիզն ավելացնել ծիրանի մուրաբային։ Ի դեպ, ձմռանը, երբ այդ մուրաբայով բանկան բացեին, միևնույն է, բոլորն առաջինը քաղցր կորիզն էին փնտրելու ու ճաշակելու։
Այսօր արդեն ծիրանի կորիզի զարմանալի հատկություններն ու առողջարարությունը բացահայտող բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ Սակայն մինչ անդրադառնալը ծիրանի կորիզի օգտակար հատկություններին, փորձենք պարզել՝ կան արդյո՞ք հակացուցումներ ծիրանի կորիզի օգտագործման հետ կապված։
Կարդացեք նաև
Ծիրանի կորիզի «ամենահակասական» բաղադրամասերից մեկը ամիգդալին գլիկոզիդն է, որը նաև պարունակվում է դառը մշկընկույզի, սալորի, դեղձի, խնձորի ու տանձի կորիզների կազմում։ Իսկ այդ օրգանական միացությունը հակասական է, քանի որ մի կողմից կարծիք կա, որ այն պայքարում է քաղցկեղի բջիջների դեմ, մյուս կողմից այն կարող է վնասել օրգանիզմին։
Ծիրանի կորիզներին դառը համ է հաղորդում ամիգդալինի հիդրոլիզի արդյունք հանդիսացող կապտաթթուն՝ ցիանակալիումի «հարազատը»։ Կապտաթթվի ավելցուկն օրգանիզմում կարող է հետևյալ ախտանշաններով ուղեկցվող թունավորում առաջացնել․
- գլխացավ,
- շնչառության խանգարում,
- թուլություն,
- ստամոքսի ցավ և սպազմ,
- սրտխառնոց,
- փսխում։
Սուր թունավորման դեպքում կարող են առաջանալ ցնցումներ, գիտակցության կորուստ, ճնշման տատանումներ, շնչառության կանգ։
Բոլոր այս դեպքերում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը։
Տրամաբանական հարց է առաջանում՝ օրական ծիրանի քանի՞ կորիզ կարելի է ուտել։
Մասնագետները կարծում են, որ մեծահասակներն օրական կարող են ուտել 40 գ-ից ոչ ավելի, ինչը կազմում է մոտ 20 կորիզ, իսկ երեխաներին խորհուրդ է տրվում օրական ուտել 2-3 կորիզ։ Այս դեպքում ևս մեկ հարց է առաջանում՝ չէ՞ որ մենք ուտում էինք մեծ քանակությամբ կորիզներ և մեզ հետ ոչ մի վատ բան չէր պատահում։ Սակայն արժե նշել, որ մենք ուտում էինք ծիրանի քաղցր կորիզները, որոնցում կապտաթթվի պարունակությունը նվազագույն է։
Օրգանիզմին վնաս է հասցնում երկար ու ոչ ճիշտ պահված դառը կորիզների չափից դուրս օգտագործումը։
Ինչքան երկար են պահվում ծիրանի կորիզները, այնքան դրանցում մեծանում է ամիգդալինի պարունակությունը․ խորհուրդ է տրվում պահել ծիրանի կորիզները մինչև մեկ տարի։
Եթե ցանկանում եք պահել ծիրանի կորիզները, ապա դրանք պետք է չորացնել ու լցնել հերմետիկ տարայի մեջ՝ դնելով չոր տեղում։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո ամիգդալինը քայքայվում է, հետևաբար կապտաթթու չի առաջանում։ Ուստի համարվում է, որ առողջության համար վտանգավոր կարող են լինել ծիրանի թարմ ու դառը կորիզները։
Օգտագործելուց առաջ կարող եք տաքացնել ծիրանի կորիզները արևի ճառագայթների տակ կամ մի քանի րոպե պահել տաք ջեռոցում։
Խոսեցինք հնարավոր վտանգների մասին, որոնք, ըստ էության, այնքան էլ սարսափելի չեն, քանի որ հիմնականում ուտում ենք ծիրանի քաղցր կորիզները, որոնցում ամիգդալինի պարունակությունը նվազագույն է։ Իսկ այժմ անդրադառնանք ծիրանի կորիզի օգտակար հատկություններին։
Ծիրանի՝ նուշի նմանվող կորիզների կազմում առկա են РР, А, В, С, Е, F, վիտամինները, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, կալցիում և այլ հանքանյութեր։
Օրական ուտելով 40 գ ծիրանի կորիզ՝ դուք լրացնում եք մագնեզիումի օրական նորմայի 25 %-ը, կալիումի՝ 18 %-ը, ֆոսֆորի՝ 33 %-ը։
Ծիրանի կորիզները մասնավորապես օգտակար են՝
Քաշի ավելացման համար
Շատերը օր ու գիշեր պարապում են մարզասրահում՝ մի քանի ավելորդ կիլոգրամից ազատվելու համար, շատերի համար էլ չափազանց դժվար է գոնե մի քիչ քաշ հավաքելը։
Ծիրանի կորիզները բարձր կալորիականություն ունեն, 100 գ-ում պարունակվում է մոտ 520 կկալ, 45 գ ճարպեր ու 25 գ սպիտակուցներ։ Ծիրանի կորիզների ամենօրյա օգտագործումը կօգնի ոչ միայն քաշ հավաքել, այլև ամրացնել մկանային համակարգը։
Սրտի աշխատանքի կարգավորման համար
Կորիզներում պարունակվող ճարպաթթուները դրական են անդրադառնում անոթների ու սրտամկանի վիճակի վրա։ Սակայն այս ազդեցությամբ օժտված են ծիրանի թարմ կորիզները։
Ոչ միայն կորիզների, այլև ընդհանրապես ծիրանի հաճախակի օգտագործումը նպաստում է՝
- Արյան մեջ «վատ» խոլեսթերինի նվազեցմանը։
- Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգի նվազեցմանը։
- Օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչը նվազեցնում է այտուցներն ու կանխարգելում դրանց առաջացումը (կորիզներում առկա կալիումի աղերը միզամուղ ազդեցություն ունեն)։
- Հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, քանի որ ծիրանի կորիզները երկաթ ու վերջինիս կենսահասանելիությունը բարձրացնող տարրեր (օրինակ՝ ֆոլաթթու) է պարունակում։
Իմունիտետի ամրապնդման համար
Ծիրանի կորիզների կանոնավոր օգտագործումը կօգնի արագ վերականգնվել մտավոր ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դրանցում պարունակվող հանքանյութերն ու ճարպաթթուները դրական ազդեցություն են ունենում ողջ օրգանիզմի և մասնավորապես օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնողական գործընթացների վրա։
Յոդն ու մագնեզիումը խթանում են գլխուղեղի աշխատանքը՝ ակտիվացնելով մտավոր գործունեությունը, լավացնելով հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը։
Աղիքների համար
Ծիրանի կորիզները կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարձրացնում աղիքների տոնուսը, պայքարում ստամոքսի այրոցի ու փորափքանքի դեմ։
Ծիրանի կորիզները հատկապես օգտակար են փորկապությամբ տառապող մարդկանց համար։
Հելմինտների դեմ պայքարի համար
Վաղուց ի վեր ծիրանի կորիզներն օգտագործվում էին որպես հակաճիճվային բնական միջոց։
Օրական 15-20 կորիզը բավական է մի քանի օրվա ընթացքում ճիճուներից ազատվելու համար։
Տղամարդկանց առողջության համար
Վիտամին E-ի բարձր պարունակության շնորհիվ ծիրանի կորիզները նպաստում են սեռական գեղձերի աշխատանքի կարգավորմանը, ինչն էլ դրական է անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա։ Բացի դա, տոկոֆերոլը ևս մի քանի կարևոր գործառույթ է իրականացնում տղամարդկանց օրգանիզմում։
- Նպաստում է տեստեստերոնի արտազատմանը։
- Ամրացնում մկանային համակարգը։
- Բարձրացնում դիմադրողականությունը։
Զարմանալի չէ, որ մարզիկների սննդակարգում ծիրանի կորիզները կարևոր տեղ են զբաղեցնում։
Ծիրանի կորիզները հակացուցված են՝
- հղիության և կրծքվ կերակրման ժամանակ,
- շաքարային դիաբետի դեպքում,
- Լյարդի հիվանդությունների դեպքում (հատկապես սրացման փուլում),
- Վահանաձև գեղձի դիսֆունկցիայի դեպքում։
Այժմ առավել մանրամասն փորձենք անդրադառնալ ծիրանի կորիզների հակաքաղցկեղային ազդեցությանը։
Սա ծիրանի կորիզի ամենահակասական հատկությունն է, որի շուրջ վեճերն արդեն մի քանի տասնամյակ չեն դադարում։
Հիմնական միացությունը, որին հակաքաղցկեղային ազդեցություն է վերագրվում, ամիգդալինն է (վիտամին В17-ը կամ լետրիլը)։
Հիդրոլիզի գործընթացում ամիգդալինը 4 մոլեկուլ է ձևավորում, որոնցից 2-ը գլյուկոզա է, երկուսը՝ ցիանիդ ու բենզալդեհիդ, որոնք էլ սպանում են քաղցկեղի բջիջները։ Ընդ որում, գլյուկոզան յուրատեսակ խայծի դեր է կատարում քաղցկեղի բջիջների համար, որոնք առանց շաքարի ֆերմենտացման չեն կարող ինտենսիվորեն աճել ու բազմանալ։
Պարզ ասած՝ քաղցկեղի բջիջները «ձգում են» ամիգդալինը գլյուկոզա ստանալու համար, սակայն մահանում են դրանից անջատվող ցիանիդի ու բենզալդեհիդի հետ «հանդիպման» արդյունքում։ Ընդ որում, այդ «անջատումն» ապահովում է բետա գլյուկոզիդազ ֆերմենտը, որը մեծ քանակությամբ առկա է քաղցկեղի բջիջներում։
Կարծիք կա, որ ցիանիդն ու բենզալդեհիդը բացասաբար են անդրադառնում բացառապես քաղցկեղի բջիջների վրա՝ «շրջանցելով» առողջ բջիջները։ Այդպես է արդյո՞ք իրականում։
Չինաստանի գիտնականների հետազոտության համաձայն, որը տպագրվել է Կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի կողմից, ամիգդալինը թունավոր ազդեցություն է գործում ինչպես քաղցկեղի, այնպես էլ առողջ բջիջների վրա։ Սակայն արդարության համար արժե նշել, որ քաղցկեղի բջիջների վրա վիտամին B 17-ի ազդեցությունն առավել ընդգծված է։
Բուլղարիայի Սոֆիայի համալսարանի գիտնականները 2017 թ․-ին անցկացված հետազոտության արդյունքում տվյալներ են ստացել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ամիգդալինը թունավոր բարձր ազդեցություն ունի քաղցկեղի բջիջների նկատմամբ։ Սակայն այդ հետազոտությունն անցկացվել է բացառապես in vitro եղանակով, այսինքն՝ փորձանոթում։
Վիտամին В17-ի վերաբերյալ չի անցկացվել և ոչ մի վերահսկվող կլինիկական հետազոտություն, որի շրջանակում լետրիլով բուժվող հիվանդների վերահսկվող խումբը կհամեմատվեր վիտամին B 17 չստացող հիվանդների վերահսկվող խմբի հետ։ Ինչպես նաև չեն անցկացվել կրկնակի կույր հետազոտություններ, որոնց շրջանակում ո՛չ հիվանդներին, ո՛չ էլ հետազոտողներին հայտնի չէ, թե հատկապես որ խումբն է ստանում վիտամին B 17, իսկ որը՝ պլացեբո։
Հ․Գ․ Հուսանք՝ առաջիկայում կլինեն հիմնավոր կլինիկական երկկողմանի հետազոտություններ, որոնք սպառիչ պատասխան կտան լետրիլի հակաքաղցկեղային ազդեցության մասին, իսկ մինչ այդ խուսափենք ինքնաբուժումից և չմոռանանք բժշկության ոսկե կանոնի մասին՝ շատ ավելի լավ է կանխարգելել, քան հետո երկար ու ձիգ բուժվել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ