Լրահոս
Օրվա լրահոսը

Վրիժառու շունը (պատմվածք)

Հուլիս 21,2019 19:51

Փայլակը բջջային հեռախոսի ականջակալները հագցրած ականջներին, երաժշտություն լսելով, այգու վայրընթաց ճեմուղով, որտեղ գալիս էր ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերին, դանդաղ քայլելով, ներքև էր իջնում:

Ճեմուղու ձախ մասում, հեռվում, նա նկատեց թափառող շների ծանոթ ոհմակին, որոնց հետ երեխաները ուրախ խաղ էին անում:

Նա մի քանի օր առաջ նկատել էր, որ շների այդ ոհմակի ականջներին դեղին տարբերանշաններ են կպցրած, որ նշանակում էր թե՝ դրանք համապատասխան  կազմակերպության կողմից ստուգման են ենթարկվել, ստերիլիզացված են և գուցե անվնաս են մարդկանց համար:

Բայց նա վաղուց նկատել էր նաև, որ շների այդ ոհմակը մի վատ բնավորություն ունի, երբ այգում հայտնվում են «քաղաքակիրթ» շներ, որոնց վզին դրված թոկով կապված են տերերի ձեռքին և   գտնվում են նրանց անմիջական հսկողության տակ, հաչելով սլանում են դեպի այդ շների ուղղությամբ և կանգնելով որոշակի մոտիկ տարածության վրա, սկսում են հաչել, մեկը-մեկին հերթ չտալով, այնքան ժամանակ, մինչև «քաղաքակիրթ» շների տերերը ինչ-որ միջոցներով նրանց հեռացնում էին իրենց սիրասուն շներից:

Փայլակը ոչինչ վտանգավոր կանխազգացում չունենալով, անվրդով կերպով, շարունակում էր ճեմուղով ցած իջնել, բանի տեղ չդնելով նաև նրանց սովորական հաչոցը, երբ հանկարծ նկատեց, որ շների ոհմակը տեղից շարժվել է և հաչելով վազում է իր ուղղությամբ:

«Երևի  հերթական  անգամ «քաղաքակիրթ» շուն են տեսել և վազում են դեպի իրենց ընտրած այդ օբյեկտը” մտածեց նա և հայացքով որոնեց իր մոտակայքի տարածքը, բայց այդպիսի «քաղաքակիրթ» շուն չտեսավ իր տիրոջ հետ:

Ուշադիր նայելով շուրջ բոլորը, նա այլ շարժվող օբյեկտ չնկատեց, որը կարող էր շների հարձակման թիրախը դառնալ, բայց ինչքան մոտենում էր վազող շների ոհմակը, այնքան ավելի հստակ էր դառնում, որ  նրանց հարձակման թիրախը հենց ինքն է:

Քանի որ նրանց բաժանող տարածությունը այնքան էլ մեծ չէր, շատ չանցած շների չորս անդամից բաղկացած ոհմակը արդեն ընդհուպ գտնվում էր մի քանի մետր տարածության վրա և Փայլակը վերջնականապես համոզվեց, որ այդ արշավանքը հենց իր կողմն է ուղղված:

Նա արագ կողմնորոշվեց և երբ առջևից եկող սև-սպիտակ դնչով փոքրամարմին շունը երախը բաց հարձակվեց իր վրա, առաջին հարվածը ոտքով հասցրեց չալպուտուրիկի բաց երախին, որն ավելի կատաղելով իրեն հասած հարվածից, երկրորդ փորձից հետո արդեն բռնեց Փայլակի ոտքի ներքևի մասից և սկսեց կատաղորեն քաշքշել:

Դժբախտաբար Փայլակը երրորդ ոտքը չուներ, որ նրանով հարվածեր շան մարմնի որևէ մասին ու ցավ պատճառեր նրան, որ ոտքը բաց թողներ, քանի որ մի ոտքը արդեն չալպուտուրիկի երախում էր, իսկ  մեկն էլ հենարան էր՝ գետին չընկնելու համար օգտագործված (ինչ արած, բարձրյալը երկու ոտք է շնորհել մարդուն, առջևի ոտքերը, չգիտես ինչու, ձեռքերի վերածելով) և օգտվելով դրանից էլ չալպուտուրիկը շարունակեց  կատաղորեն  քաշքշել իր բերանում գտնվող Փայլակի ոտքը:

Սակայն Փայլակը, իրեն չկորցրեց և երրորդ ոտքի փոխարեն օգտագործեց աջ ձեռքը և ափով  հարվածեց չալպուտուրիկի գլխին, որը կարծես թե սթափեցրեց կատաղած շանը և նա  բաց թողեց Փայլակի ոտքը, բայց բերանում պահեց դատարկ տաբատի ներքևի մասը և շարունակեց քաշքշել:

Գերբնական ուժով Փայլակը դեպի իրեն քաշեց գերված ոտքը և տաբատը վնասվածքներով ազատեց շան երախից: Հենց այդ պահին էլ վրա հասած երեխաների խումբը հարայ-հրոցով շներին խաղաղեցրեց և հեռացրեց դեպքի վայրից մի փոքր հեռու:

Փայլակը անվրդով շարունակեց ճանապարհը (կարծես ոչինչ էլ չէր պատահել), ապա մոտեցավ ճեմուղու աջ կողմում առաջին պատահած նստարանին, նստեց ու վերև քաշելով տաբատը, տեսավ, որ աջ ոտքի ներքևի մասի հինգ տեղերում մնացել են շան ատամնահետքերը, որոնցից երկուսից, թեթևակի արյուն էր հոսում և լերդանում, իսկ երեք տեղերում շան ատամնահետքերից կարմրավուն քերծվածքներ էին առաջացել:

Նա հանեց ձախ գրպանում մշտապես պահվող մաքուր թաշկինակը, որպեսզի վարակ չանցնի բաց վերքերին, չշփոթելով ձախ գրպանում պահվող ամենoրյա օգտագործվելիք թաշկինակի հետ, զգուշորեն սրբեց վերքերի արյունը, փոքր-ինչ չորացրեց, ապա վեր կացավ ու դանդաղ քայլերով շարունակեց իր ճանապարհը:

Ճեմուղու վերջնամասում պատահականորեն հանդիպեց իր ծանոթներից մեկին, որը կնոջ հետ նստած այգու նստարաններից մեկին, զրուցում էր:

-Հո, շատ չվնասե՞ց-հարցրեց տղամարդը, որը հեռվից նկատել էր նրա ու շների ոհմակի պայքարը և այդպես էլ չէր մոտեցել օգնություն ցուցաբերելու:

-Կգնաս տուն, յոդով կմշակես,-խորհուրդ տվեց նրա կողքին նստած կինը,-բայց լավ կլինի անպայման սրսկվես փայտացման դեմ:

-Այդ շունը երևի ինձանից վրեժ լուծեց,-անփութորեն նետեց Փայլակը,-մի ամիս առաջ  նա պառկած էր այգու խոտածածկույթի վրա և ես իրեն բարձրաձայն ասացի, հե՛յ չալպուտուրիկ, խոտերը մի տրորիր: Իսկ նա ինձ նայեց քնատ ու արհամարհական աչքերով, մի փոքր բարձրացրեց գլուխը, ապա նորից նույն կեցվածքը ընդունելով, ալարկոտ գռմռաց:

-Հա՛,-հաստատեց ծանոթ տղամարդը,-դրանք հիշում են այն մարդկանց, ովքեր մի ժամանակ իրենց նեղացրել են:

-Ճիշտ է ասում Գարեգինը,-հաստատեց կինը,-ես էլ լսել եմ, որ կենդանիները լավ հիշում են իրենց նեղացրած մարդկանց և միշտ էլ նրանց մեջ խոսում է վրիժառության բնազդը:

-Գուցե և նա քաջալերվեց հենց այն ժամանակ, երբ երեք գամփռ ընկերները հաչելով վազում էին իր հետևից, իսկ նա էլ վստահ էր, որ խմբով ինձ կհաղթեն և իրականացրեց   վրեժ լուծելու երազանքը,-պատասխանեց Փայլակը և ցտեսություն ասելով, շարունակեց քայլարշավը:

Ավարտելով իր նախանշած ամենօրյա պարտադիր երթուղին, Փայլակը բռնեց տունդարձի ճանապարհը:

Հասնելով տուն, նա արագ մաքրեց ոտքի արյունոտված մասերը՝ բամբակը թաթախելով բժշկական սպիրտի մեջ, ապա յոդի լուծույթով խնամքով մշակեց ավելի շատ վնասված և արյունոտ տեղերը ու ավարտելով առաջին օգնության գործողությունները, մտավ աշխատասենյակ, նստեց համակարգչի մոտ ու անվրդով կեցվածք ընդունելով շարունակեց անավարտ թողած պատմությունը, որը երեկ էր սկսել գրել:

Ու հենց այդ պահին էլ հանկարծ հիշեց շատ տարիներ առաջ իր հետ պատահած մի արտառոց դեպքի մասին, երբ Սանկտ-Պետերբուրգ  գործուղման էր մեկնել և քաղաքի տեսարժան վայրերից մեկում զբոսնելիս, հանկարծ նկատեց իրենից ոչ հեռու հանգիստ քայլող առյուծին և ակամա մի կողմ քաշվեց, իսկ նրա տերը անվրդով կերպով արտասանեց.

-Մի՛ վախեցեք, այս առյուծը վարժեցված է կրկեսում և ամբողջովին անվտանգ է:

«Բայց թե ինչքան էլ առյուծը անվտանգ լինի, նա վերջապես գազանների արքան է և ցանկացած պահի կարող է քեզ հոշոտել»-մտքում ասաց Փայլակը և շարունակեց տկտկացնել համակարգչի ստեղները:

Նա, որն այսօր անհավասար կռիվ էր մղել այգու շների ոհմակի դեմ (մեկը՝ չորսի) հիմա էլ, երևակայորեն պատկերացրեց, թե ինքը ինչպես պետք է պայքարեր այն առյուծի դեմ, եթե, աստված մի արասցե, նա հարձակվեր իր վրա: Չնայած նրան, որ նա մենակ էր, այլ ոչ թե շների թափառական այս ոհմակի:

Իհարկե, պայքարել գազազած առյուծի դեմ այնքան էլ հեշտ չէր լինի, նույնիսկ անհնարին բան էր, բայց, Փայլակը մտովի բռնեց իր վրա հարձակվող, ահռելի երախը բացած առյուծի վերևի ու ներքևի ծնոտներից և իր գերբնական ուժով երկու կես արեց, ինչպես ժամանակին արել էր մեր դյուցազուն Մհերը:

Ահա և վերջ, իսկ Փայլակին ցանկանանք, որ  հանկարծ չհանդիպի գազանների արքա առյուծին, թե չէ դժվար թե նա կարողանա պատվով դուրս գալ այդ մենամարտից, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ ամսվա երեքշաբթի օրը՝ թափառող շների ոհմակի փոքրամարմին առաջնորդ չալպուտուրիկի հետ:

Հ․Գ․ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում պատկան մարմինները քաղաքի տարբեր փողոցներում, բնակելի վայրերում և զբոսայգիներում թափառող բազմաթիվ շների մասին, որոնք կարող են մի օր ավելի վատ հետևանքների հասցնել մարդուն, քան պատահեց մեր հերոսի հետ։

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել