«Մեր ժողովուրդը պետք է սովորի պետական մարմինների հետ հաղորդակցվել. չունենք այդ մշակույթը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
Ազգագրագետին ներկայացրինք Գյումրիում «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին վարչապետի մասնակցության ժամանակ նրա և մի գյումրեցի կնոջ միջև տեղի ունեցած մի երկխոսություն:
Բազմազավակ գյումրեցի կինը Նիկոլ Փաշինյանից օգնություն խնդրեց՝ նշելով, թե հինգ երեխա ունի և ասաց՝ որպես պետություն պարտավոր են իրեն օգնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ իր տղան գնա աշխատի, իր ընտանիքը պահի՝ հայտարարելով, որ բոլոր հասուն մարդիկ պետք է աշխատեն ու իրենց ընտանիքները պահեն: Աղասի Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ տեղի՞ն էր այս հորդորը, գուցե մարդիկ իրոք ունեն անհատական աջակցության և անհատական վերաբերմունքի կարիք, այն էլ Գյումրիում, նա պատասխանեց. «Եթե մարդիկ շահառուներ են, ու իրենց տվյալները համապատասխանում են սոցիալական այս կամ այն բնույթի աջակցությունից օգտվելուն, ապա ճիշտն այն է, որ ոչ թե գան փողոցում վարչապետին կամ ցանկացած պաշտոնյայի դիմեն, այլ կարգ գոյություն ունի դրա համար. պետք է դիմել պետական համապատասխան մարմինների և ստանալ աջակցություն: Չի կարելի փողոցներում անընդհատ նման ինչ-որ բաներ անել, հարցը դա է: Հարցն այն չէ, թե ինչքան աշխատատեղ կա, մարդիկ աշխատել սիրո՞ւմ են, թե՞ ոչ: Կան մարդիկ, որոնք հնարավորություն ունեն աշխատելու, չեն աշխատում, քանի որ պարզապես չեն ուզում աշխատել ցածր աշխատավարձով, կամ այնքան աշխատավարձով, որն իրենց կարծիքով՝ իրենց չի բավարարում, կան մարդիկ, որ ուզում են, գնում են ցանկացած աշխատանքի, աշխատում են: Փողոցում ամեն մեկը հո չի՞ գնալու վարչապետից բան ուզի, ասի վաչապե′տ, օգնի: Դա ավելի շատ նախկին շրջանից եկած մի բան է, երբ մարդիկ, ինչ-որ պաշտոնյայի, ինչ-որ մի հարուստի տեսնելով, գնում, մի բան էին ուզում մտածում, որ դա իրենց օգուտն է»:
Ըստ Աղասի Թադևոսյանի՝ մարդիկ պետք է հասկանան՝ չի կարելի գնալ փողոցում վարչապետից օգնություն խնդրել: Գոյություն ունեն պետական ինստիտուտներ, և պետք է դիմել այդ ինստիտուտներին, համապատասխան թղթեր ներկայացնել ու ստանալ աջակցություն: Մեր այն դիտարկմանը՝ գուցե մարդիկ ճարահատյա՞լ են այդ քայլին դիմում, Աղասի Թադևոսյանն արձագանքեց. «Ճարահատյալ չեն գնում փողոցում մարդուց բան ուզում: Գնում են սոցիալական ծառայություններ: Ուրիշ ձև չկա: Մենք պետք է սովորենք պետության հետ հարաբերվել, ոչ թե հարաբերվել վարչապետի հետ՝ որպես անհատ, որը այդ պահին կամ օգնելու հանկարծ ցանկություն կունենա, կամ ՝ ոչ: Կապ չունի այդ պահին վարչապետի տրամադրությունը ու կապ չունի նա վարչապետ է, թե որևէ հարուստ մարդ: Չի կարելի գնալ փողոցում մարդուն ասել՝ ինձ օգնեք: Գնացեք, դիմեք պետական կառույցներին, սա է ձևը: Եթե պետական կառույցների աջակցությունը մարդկանց չի բավարարում, թող բողոքով դիմեն և փոխեն պետական կառույցի ծառայության ձևը, ոչ թե փողոցում դիմեն մարդուն անձնապես ու ասեն՝ ինձ օգնեք: Դա ամենասխալ ու անընդունելի ձևն է: Կապ չունի՝ այդ մարդն ինչքան կարիք ունի օգնության, կամ իրականում ունի օգնության կարիք, թե ոչ, հարցն այն է, որ մարդիկ պետք է սովորեն պետական ինստիտուտների միջոցով իրենց հարցերը լուծել, ոչ թե անձնական դիմելու ձևով, փողոցում մարդուն բռնացնելով»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ այդ դրսևորումների արմատները որտեղի՞ց են գալիս, ազգագրագետը պատասխանեց. «Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, հատկապես Գյումրիում դրսից օգնությունը բաժանելը սկսվեց, մարդիկ սովորեցին, որ իրենց պետք է օգնեն, խղճահարություն էին առաջացնում և օգնություն ստանում տարբեր տեղերից: Սովորեցին այդ օգնությամբ ապրել: Մարդկանց համար քաղաքապետարանը ոչ թե պետական, համայնքային կառավարման մարմին էր, այլ գնում, քաղաքապետից օգնություն էին խնդրում՝ 5-10 հազար դրամ: Սա մշակույթ է, և այն փոխել է պետք: Այն մշակույթը, որի համաձայն մարդիկ գնում, պետական պաշտոնյային դիմում են անձնական խնդրանքով, նման բան չի կարող լինել պետության մեջ: Մարդիկ պետական պաշտոնյային պետք է դիմեն պետական ինստիտուտների հանդեպ ունեցած այս կամ այն պահանջով: Մարդիկ պետք է սովորեն պետության հետ նորմալ, քաղաքակիրթ ձևով առնչվել, մնացած խնդիրներն այս պարագայում երկրորդական են»:
Գյումրիում տեղի ունեցածի հետ կապված Աղասի Թադևոսյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Եթե վարչապետն այդ պահին խղճահարություն ցույց տար, մարդուն օգներ, գուցե ավելի վատ վիճակում մարդիկ կլինեին, պետք է մտածեին՝ վարչապետն անարդար է, նրան օգնեց, մեզ՝ ոչ: Անհատական պատմությունների, դժբախտ պատմությունների մեջ ենք ընկնում . մեկն իրոք արժանի էր օգնության, մյուսը՝ ոչ: Այս քաոտիկ իրավիճակների հաղթահարման ձևը պետական մարմինների հետ որպես քաղաքացի շփվելու ձևն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիկոլը ինքնա 10նյակ տարիներ ժողովրդին էտ պրոպագանդե, որ ամեն ինչի համար երկրի ղեկավարնա պատասխանատու, շենքի վերելակի փչանումա երկրի ղեկավարնա մեղավոր, մի հատ հաստագլուխ ոստիկան մարդկանց նսեմացնումա վարտիքով տնից հանումա բերմանա ենթարկում ղեկավարնա մեղավոր։
Ամեն ինչ վատա երկիրը երկիր չի, քանի որ ցարը չարա։
Այ որ սրանց քշենք գա բարի ցար ամեն ինչ լավա լինելու։
Հիմա հնձումա իր ցանած պտուղները։
Ասում են հասկացանք ցարը չար էր, հիմա բարի ցարա ու առավել եվս բոլոր հարցերով պիտի դիմենք ու պիտի մեզ օգնի։
Փորձումա հակառակ պրոպագանդան անել թե բա գնացեք աշխատեք, աղբը կուլտուրական թափեք, վերելակը ձերնա պետությունը պարտավոր չի Ձեր վերելակը փոխի։
Բայց արդեն ուշա։ Բա որ պարտավոր չի խի էիք ասում բոլոր վերելակները փոխելու ենք։
Փաստորեն ժողովրդին խաբել եք 80տոկոս ստացել եք հիմա խոսքից հետ եք կանգնում։
Ժողովուրդը տենց բաները չի ներում։