Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի կողմից վարչապետի ասածը վիրավորական է հնչել, բայց  մյուս կողմից եթե իրերն իրենց անուններով չես կոչում, բուժել չես կարող. Նինա Կարապետյանցը՝ դատավորների՝ «պատերի տակ վնգստալու» արտահայտության մասին

Հուլիս 21,2019 16:52

«Այո, վարչապետի ասածն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում դատավորների հասցեին հնչեցված մեկնաբանությունները փոքր-ինչ չափազանցված չե՞ն, թե՞ համապատասխանում են իրականությանը, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես կարծիք էր հայտնել, որ դատական համակարգը ստրուկ է և տեր է փնտրում ու այսպես բնորոշել. «Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում եք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»:

Նինա Կարապետյանցը միևնույն  ժամանակ նշեց, որ չի կարծում՝ սա առհասարակ բոլոր դատավորներին է վերաբերում, քանի որ ըստ նրա՝ մենք նախկինում էլ ենք ունեցել բավականին արժանապատիվ, խելացի, պատրաստված, կամք ունեցող դատավորներ, բայց իրենք չնչին թիվ են կազմել: Ըստ իրավապաշտպանի՝ վարչապետի ասածը վիրավորական է հնչել և գուցե կարելի էր մի քիչ այլ կերպ արտահայտվել, բայց մյուս կողմից ըստ Նինա Կարապետյանցի, քանի դեռ իրերն իրենց անունով չես անվանում, խնդիրը չես ընդունում, քանի դեռ հիվանդը չի ընդունում իր հիվանդությունը, բուժվելու որևէ հնարավորություն չկա. «Դա չի վերաբերում միայն դատական համակարգին, այլ առհասարակ բոլոր համակարգերին: Դատական համակարգը ամենահիվանդ համակարգերից մեկն էր, ու դա ցույց է տալիս հենց հեղափոխությունից հետո ակնհայտ դիմադրությունը այս համակարգի կողմից հեղափոխական գաղափարներին, ժողովրդավարական գաղափարներին: Սա հանցավոր ռեժիմի վերջին հույսն է, և ակնհայտ է, որ այս համակարգը հիվանդ է եղել և մինչև վերջ պայքարելու է: Ես չեմ խոսում միայն մեկ-երկու գործի մասին, դրանք առհասարակ ինձ այդքան չեն էլ հետաքրքրում, այլ խոսում եմ համակարգի մասին, ու մինչև այսօր ցանկացած փաստաբան կարող է հաստատել, որ դատական, իրավական համակարգում առհասարակ ոչինչ չի փոխվել: Ավելին, դեպքեր կան, որ վիճակն ավելի է վատացել, և երևում է, որ համակարգն օգտագործվում է հեղափոխության, ժողովրդավարության և պետականության դեմ»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է հետևեր վարչապետի այս հայտարարությանը, որ հակառակն ապացուցեր, ինչը մենք այդպես էլ չտեսանք, խոսքը դատական համակարգից եկող արձագանքի մասին է, Նինա Կարապետյանը պատասխանեց. «Համակարգի ներսում առողջ ուժերը պետք է կարողանան խոսել: Նրանք, որոնք համաձայն չեն այս ամենի հետ, այն դատավորները, քննիչները, դատախազները, պետք է խոսեն խնդիրների մասին, այդպես է վարվում պարկեշտ մարդն ու քաղաքացին: Այդ դեպքում կհասկանանք, որ կարելի է ինչ- որ դատավորների վրա հույս դնել համակարգի առողջացման համար: Թե չէ երբ լռում են բոլորը, ստացվում է, որ հանցագործներին պարտակում են և դառնում հանցակիցներ»:

Նինա Կարապետյանցը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսպիսի հայտարարությունները վարկաբեկում կամ արժեզրկում են դատական համակարգը, քանի որ ըստ իրավապաշտպանի՝ այն այսպես թե այնպես վարկաբեկված է. «Դատական համակարգն ավելին արժեզրկել, քան հիմա է, ուղղակի անհնար է: Ցանկացած պաշտոնատար անձ՝ վարչապետ, թե այլ անձ, նրա ասելիք ավել կամ պակաս չի վարկաբեկելու այս համակարգը, քանի որ այն արդեն վարկաբեկված ու հիվանդ է, և, ցավոք, ես կարծում եմ անգամ անբուժելի է: Եթե որևէ մեկը, մի խումբ արժանապատիվ դատավորներ, խելացի, գիտակից, ժողովրդավար չեն արձագանքում, նշանակում է՝ համակարգն անդառնալի հիվանդ է և վիրահատական միջոցների կարիք ունի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031