Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովում  նավթային տանկերների մանեւրները և օդում ԱԹՍ-ների պատերազմը, Իրան-ԱՄՆ հակամարտության նոր ճակատը

Հուլիս 21,2019 13:43

Քննադատելով Ջիբրալթարում Բրիտանիայի ծովուժի քայլերը, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին հուլիսի 16-ին իր ելույթում ասել է.«Նրանք, ովքեր, ծովահենությամբ կալանավորել են մեր նավթատար նավը, սակայն փորձում են դրան օրինականություն տալ պետք է իմանան, որ Իրանի Իսլամական հանրապետության հավատացյալ ժողովուրդն անպատասխան չի թողնի նրանց այդ քայլերը և տեղին ու ժամանակին կհակադարձի դրանց»:

Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդի այս սպառնալիքն իրոք անպատասխան չմնաց։

Հուլիսի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում  և Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերահսկման պարեկային գործողությունների ընթացքում, երբ արտասահմանյան նավերից մեկի միջոցով մաքսանենգ վառելիք էր տեղափոխվում, Լարք կղզում կալանավորել են մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ:

Հայտարարության մեջ ասված է.«Այս նավը, 12 հոգանոց արտասահմանյան  անձնակազմով պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով ձեռքբերված վառելիքը տեղափոխել  օտարերկրյա նավեր, որը սակայն ԻՀՊԿ-ի ծովուժի  գործողության արդյունքում ձախողեց:

ԻՀՊԿ-ի ծովուժը չի հայտարարել, որ տանկերն ի՞նչ երկրի է պատկանում։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է վերջերս Իրանի կողմից մեկ այլ նավի կալանավորման մասին արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվությունը: Սակայն միջազգային ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իրանի կողմից կալանավորված մեկ այլ տանկերը պատկանում է ԱՄԷ-ին։

Այնուհետև հուլիսի 19-ին ԻՀՊԿ ծովուժը  հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում կալանավորվել է մի բրիտանական նավթատար՝ միջազգային ծովային կանոնները խախտելու պատճառով:

Հայտարարության մեջ ասված է. «Հուլիսի 19-ին, “Stena Impero” բրիտանական նավթատարը, Հորմուզի նեղուցից անցնելիս, միջազգային ծովային կանոնները խախտելու պատճառով, Իրանի Հորմոզգան նահանգի նավահանգիստների ու ծովագնացության կազմակերպության պահանջով կալանավորվել է ԻՀՊԿ ծովուժի կողմից»:

Իրանը կվճարի, ինչպես ոչ ոք, եթե «որևէ հիմարություն» թույլ տա Միացյալ Նահանգների նկատմամբ: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հուսով ենք, որ սեփական շահի համար նրանք որևէ հիմարություն չեն անի: Եթե անեն, ապա այնպիսի գին կվճարեն, որը դեռ ոչ ոք չի վճարել», – ասել է ամերիկացի ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը մտահոգված է Թեհրանի հետ բախման հավանականությամբ:

ԱՄՆ-Իրան  լարված հարաբերությունները արդեն անկանխատեսելի և անկառավարելի փուլ են թևակոխում, այնպես որ ամեն վայրկյան երկու կողմերի դիվանագիտական շրջանակներից մի նոր անակնկալ հայտարարություն կամ չնախատեսված գործողություն ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում և չնայած միջազգային և միջնորդական կողմերի տարած ջանքերին՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Վերջին օրերի ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  Պարսից ծոցի տարածաշրջանում երկու օտարերկրյա նավթատար լցանավ է կալանավորել, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  ԱՄՆ ռազմածովային ուժերի «Յու Էս Էս Բաքսեր» նավը Պարսից ծոցում խոցել է իրեն մոտեցող իրանական անօդաչու թռչող սարքը, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված 12 իրավաբանական անձ ներգրավել  են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաները  ՄԱԿ-ի  տնտեսական և  սոցիալական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների ամենամյա նստաշրջանին մասնակցելու նպատակով՝ Նյու Յորք մեկնած Իրանցի դիվանագետների և ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի երթևեկության համար  սահմանափակություններ են կիրառել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ու սպառնալիքի քաղաքականություն կիրառելով, փորձում է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Իրանն առավելագույն դիմադրության քաղաքականությամբ, փորձում է չեզոքացնել ԱՄՆ-ի այս քաղաքականությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը պետք է ընդունի ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից ներկայացված 12 կետանոց պայմանները։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված նոր հակաիրանական պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան գործարք քաղաքականություն, որի մեջ նա բավականաչափ հմուտ է, սակայն ԱՄՆ-ի նախագահն Իրանի դեմ կիրառած իր բիզնես քաղաքականությամբ փորձում է ամեն ինչ ստանալ առանց՝ մի բան տալով դիմացի կողմին։ Սա իրանցիների բիզնես հոգեբանությանը հակասող քայլ է։

ՀԳՀԾ-ի և INSTEX-ի վերաբերյալ քննադատելով Եվրոպական երկրների վերաբերմունքը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների չկատարելը, Իրանի իսլամական հեղափոխության  առաջնորդը վերջերս ընդգծել է.« Արևմտյան երկրները չեն կարողանում ըմբռնել ճշմարտությունները: Իհարկե, այն ժողովուրդները, որոնք չեն վախենում Արեւմուտքից և պաշտպանում են իրենց իրավունքները, արևմտյան երկրներին պարտության են մատնում »:

Իրանի պահապանների կորպուսի հրամանատարները հետևելով երկրի հոգևոր առաջնորդի հորդորներին փորձում են, Իրանի ռազմական ուժը ցուցադրել Արևմուտքին և նրանց հասկացնել, որ Իրանի հետ գործարք կնքելը միակողմանի ճանապարհով անհնար է և ԱՄՆ-ի նախագահի փորձերն այդ ուղղությամբ, այն էլ Իրանի հետ, կարող է շատ ծախսատար լինել Արևմուտքի և ԱՄՆ-ի համար։

Իրանի եռյակ կղզիներում և Պարսից Ծոցում տեղակայված Իրանի ուժերի հնարավորությունները գնահատելու նպատակով կատարած այցի շրջանակներում, ԻՀՊԿ հրամանատարը բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է. «Պաշտպանական ռազմավարությունից հարձակողականի անցնելու համար Իրանն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները: ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է. «Թշնամու սխալի արդյունքում, մեր ռազմավարությունը պաշտպանականից կարող է փոխվել հարձակողականի և մեր բոլոր հնարավորությունները կարող են դառնալ հարձակողական»:

Իսկ ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի ամենամյա նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Զարիֆը  փորձում է ՀԳՀԾ-ում մնացած եվրոպական եռյակ երկրների միջնորդությամբ բանակցությունների վերսկսման ճանապարհ հարթել ԱՄՆ-ի վարչակարգի հետ։  CNN-ի հետ հարցազրույցում ԻԻՀ ԱԳ դիվանագիտության ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆը շարունակելով՝ Իրանում արդեն ընդունված ԱՄՆ-ի դեմ հռետորաբանությունը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն «աշխատեն՝ պատերազմից խուսափելու համար»։

Վերջին զարգացումների արագացումը,Պարսից ծոցում և Ջիբրալթարի նեղուցում  նավթային տանկերի մանեւրներից սկսած, մինչեւ Եվրոպայի կողմից INSTEX-ի ակտիվացումը, Իրանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ եւ Իրանում երկքաղաքացի կալանավորվածների փոխանակման հարցի վերարծարծումը ցույց են տալիս, որ բոլոր կողմերը, այդ թվում` Իրանը, ձգտում են դուրս գալ ստեղծված ճգնաժամային վիճակից: Սակայն, թե՛ Իրանում և թե՛ ԱՄՆ-ում կան այնպիսի ծայրահեղական ստվերային իշխանություններ, որոնք փորձում են դիվանագիտական ճանապարհները փակելով կողմերին մղել դեպի թերեւս սահմանափակ ռազմական բախումի իրականացման ուղղությամբ։

Չնայած ԻԻՀ նախագահը կարևորել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը և ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը փորձում է ԵՄ համոզել գործադրել INSTEX-ը, սակայն Իրանում հոգևոր արմատական իշխանության մի հատվածը և պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարության ազդեցիկ հատվածը միանգամայն այլ ռազմավարության են կիրառել ԱՄՆ-ի հետ ստեղծված լարվածությունը կարգավորելու համար։

Հուլիսի 18-ին, Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ  «ԱՄՆ-ում կան անձինք, ովքեր չեն ցանկանում, որպեսզի ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրվեն: Դրա վառ օրինակն է ԱՄՆ-ի կոնգրեսում՝ Իրանի ակտիվներից ավելի քան 1.5 միլիարդ դոլար սառեցնելու մասին որոշումը»: Նա հավելել է. «Ժամանակն անցնում է, իսկ հնարավորությունները՝ կորում»: Բայց, Նախագահ Հասան Ռոհանիի ակնարկը նաեւ վերաբերվում է, իրանական կողմում արմատական թեւի տարած ջանքերին, որոնք փորձում Պարսից ծոցում ծավալել տանկերների պատերազմ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խանգարելու համար։ Իրանի պահապանների կորպուսի ծայրահեղական գեներալները, ելնելով իրան-Իրաք ութամյա պատերազմի փորձից, գիտեն որ երկրի տնտեսական ներկայիս ծանր պայմաններում, իսլամական համակարգը հասարակական ընդվզումների վտանգից փրկելու և ԱՄՆ-ի 12 կետանոց պահանջներին չենթարկվելու միակ ելքը, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների դեմ սահմանափակ բախումների հրահրումն է։ Նրանք իրենց հաշվարկներում անկասկած չեն սխալվում,  քանի որ արտաքին սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտության պատրվակով միայն կարող են պահպանել Իրանի ժողովրդի հասարակական միասնությունը, որի ամրապնդման ատաղձն է կազմում հոգևոր իշխանության կողմից քարոզվող կրոնական գաղափարախոսությունը և նահատակության մշակույթը։ Սակայն, իրանցի զինվորականներն իրենց ռազմական գործողություններում պահպանում են կարմիր գիծը և երբեք չեն փորձում տարածաշրջանում ուղղակի հարվածել ԱՄՆ-ի զորքերին կամ ռազմանավերին։ Ռազմական բոլոր փորձագետները հաստատում են, որ Իրանի պահապանների կորպուսի ծովուժի  սրընթաց մոտորանավակները չեն կարող լուրջ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին, սակայն իրանական հրթիռները և ռազմանավերը, սուզանավերը և արդիական ծովային ականները կարող են նպաստել Հորմուզի նեղուցը փակելու վտանգին, իսկ նեղուցի կարող են բացել միայն ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների մասնագիտացված նավատորմը, իսկ փորձագետների կարծիքով այն ոչ թե՛ մեկ օրվա ընթացքում կբացվի, այլև առնվազն այն կտևի 2-4 ամիս։ Իսկ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակելը բացարձակ պատերազմի հայտարարություն պետք է համարել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ, որից անկասկած խուսափում են թե՛ իրանցիները, թե՛ ԱՄՆ-ը։

ԻՀՊԿ ՀՕՊ ուժերի կողմից ամերիկյան «MQ-4C Triton» անօդաչու թռչող սարքի թիրախավորման ժամանակ, ինչպես հետո հայտնի դարձավ, Պարսից ծոցի  օդային սահմանում նաև եղել է ամերիկյան PC-3 հետախուզական ինքնաթիռ, սակայն Իրանի պահապանների կորպուսի ՀՕՊ ուժերը չեն փորձել այն խոցել, ինչը ցույց է տալիս պահապանների կորպուսի հրամանատարները շատ նրբանկատ են ամերիկյան թիրախները ընտրելու գործում։

Հուլիսի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժի կողմից Պարսից ծոցի Լարք կղզում օտարերկրյա նավթատար տանկերի կալանավորումից անմիջապես հետո  ԱՄՆ-ի Centcom ուժերի հրամանատար գեներալ Քեննեթ Մաքքենզին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Պարսից Ծոցում ռազմական կոալիցիա ձևավորել, և Իրանի հետ պատերազմն անխուսափելի է: Քեննեթ Մաքքենզին, օրերս նաև հայտարարել էր,  որ Իրանը վերանայում է իր գործողություններն ու գնահատում ԱՄՆ-ի կարողությունները: Գեներալ Քեննեթ Մաքքենզին անկասկած՝ ակնարկում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու ուղղությամբ վերցրած քայլերի հետեւանքներին։

Չնայած, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից ասում է, որ պատրաստ է, առանց նախապայմանի բանակցել Իրանի հետ և մյուս կողմից ասում, թե՛ մեկ ժամում կոչնչացնի Իրանին, սակայն դա ուղղակի քաղտեխնիկա է՝ Իրանին համոզելու ենթարկվել Պոմպեոյի կողմից պահանջված 12 պայմաններին։

Վերջին օրերի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում բաց չթողեց որևէ առիթ խոսելու ԶԼՄ-ների հետ,  ԱՄՆ-ի  հետ բանակցելու պատրաստակամության մասին: Նրա խոսքերը հիմնականում պարունակում էին այն ուղերձը, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները չեղարկելու դեպքում, իրանը կսկսի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը՝ ենթադրում է Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների լուրջ հետեւանքների ազդեցության մասին:

Հուլիսի 18-ին, Նյու Յորքում, Զարիֆը լրագրողներին ասել է, որ եթե ԱՄՆ-ը մշտապես չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ապա Թեհրանը կհամաձայնի իր միջուկային օբյեկտների լրացուցիչ ստուգումների հետ:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա խորը անվստահության մթնոլորտը, բանակցային ճանապարհով համաձայնության հասնելը, կարող է լինել երկար ու ցնցումներով լի ուղղի, սակայն թվում է երկու կողմերն էլ հասել են այն եզրակացության, որ բացի բանակցություն վարելը այլ ճանապարհները բոլորին տանում են դեպի պատերազմի դաշտ, որի հետևանքներն անկասկած սարսափելի ու ավերիչ են ամբողջ աշխարհի համար: Թվում է թե՛, հետևելով Սառը պատերազմի օրինակին, հակամարտող կողմերի միջև լարվածությունը մեղմացնելու և անկանխատեսելի դեպքերը վերահսկելու համար, պետք է ուշ թե՛ շուտ Թեհրանի և Վաշինգտոնի ղեկավարների միջև ստեղծել կարմիր հեռախոսի գիծ։ Քանի որ, այս պայմաններում  հնարավոր չէ կողմերի միջև մշտապես համաձայնություն ձեռք բերել, երբ Իրանը և ԱՄՆ-ը միմյանց համարում են մշտական թշնամիներ:

 

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031