ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոռի այցելության ընթացքում հյուրընկալվեց նաեւ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանում, գյուղի եկեղեցում, Դսեղի ծովեր լճի տարածքում:
Aravot.am-ը ՀՀ նախագահին հարցրեց, թե ո՞րն է երկրի զարգացման իր տեսլականը եւ մեր երկրի ո՞ր առանձնահատկությունները պետք է այդ համատեքստում շեշտադրվեն: Նա ասաց, որ պետք է ոչ թե գոյատեւման, այլ զարգացման ճանապարհով գնալ:
Կարդացեք նաև
«Բոլորս էլ գիտենք, որ այդ տեսլականը պետք է ներառի աշխարհի եւ շրջապատի տեսլականը, քաղաքական, տնտեսական զարգացումների տեսլականը: Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այսինքն մարդիկ են։ Մեր տեսլականը դրա հիման վրա պետք է լինի ամեն ինչ:
Բնական է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է զարգացնի՝ ե՛ւ տուրիզմը, ե՛ւ գյուղատնտեսութունը, ե՛ւ ժամանակակից տեխնոլոգիաները: Կան ոլորտներ, որտեղ պետք է մեծ ներդրում ունենանք, որովհետեւ ցանկացած ոլորտում կա այսպես ասած լոկոմոտիվ, իսկ մնացածը գնացք են: Ճանապարհը կառուցեցիր, դա լոկոմոտիվ է, տուրիզմը կզարգանա, մարդիկ գյուղը չեն լքի, իրենց գյուղատնտեսական ապրանքներն ավելի հեշտ դուրս կտանեն եւ այլն: Իմ առաջարկությունը հետեւյալն է՝ պետք է ունենանք պետական եւ համազգային քննարկում՝ տեսլականի եւ ազգային ծրագրի: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կարծիքը հայտնի»,-նշեց նախագահը:
«Ժամանակը կգա, ես կասեմ՝ իմ տեսլականն ինչպիսին է, վարչապետը, կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր մտավորականները, գյուղացիները, քաղաքացիները, ամեն մարդ պետք է իր տեսլականի մասին հայտնի, այդ դեպքում կունենանք ազգային ծրագիր եւ կկարողանանք առաջ գնալ, պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում, ինչն ենք զոհաբերելու եւ ինչի համար, պիտի հասկանանք՝ ինչո՞ւ ենք շատ աշխատելու, քան անհրաժեշտ է, եւ ո՞րն է մեր նպատակը:
Ճանապարհ պետք է դուրս գանք, եւ ճանապարհի ընթացքում ե՛ւ տեսլականը ե՛ւ ծրագիրն, իհարկե, կփոփոխվեն, բայց եթե կանգնած մնանք մեր տեղում, խաչմերուկում, ոչինչ չի փոխվի: Շատ երկրներ եւս խաչմերուկում են, շատերը կորցրել են իրենց ուղղությունը՝ տեխնոլոգիական փոփոխություններ, չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, հարաբերությունների նոր ձեւեր՝ մարդկանց եւ պետությունների միջեւ: Բոլոր պետությունները եւ ժողովուրդները պետք է այս խաչմերուկում իրենց որոշումներ կայացնեն, թե ուր են գնում, ժողովրդական ինչ տեսակ են կիրառելու: Նայեք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում… Հսկայական անկայունություն կա, պատճառն այն է, որ բոլորս էլ խաչմերուկի վրա ենք… Վատ է, բայց գուցե նաեւ լավ է, որովհետեւ խաչմերուկում գտնվելով հաղթելու է նա, ով առաջինն է գլխի ընկնելու, թե ուր գնալ այդ վազքի մեջ: Ես կարծում եմ, որ մենք հաջողելու ենք»,-ասաց նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ