Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսանք եւ հավատանք

Հուլիս 21,2019 12:00

«Հայաստանը կիսված է. կա երկու ձայնավոր խումբ. մեկի համար ամեն ինչ սարսափելի է, մյուսի համար՝ հրաշալի: Մեջտեղում ընկած է լուռ, առայժմ սպասողական վիճակում գտնվող սիգմենտը»:

Քաղաքական գործիչ եւ քաղաքագետ Անուշ Սեդրակյանի այս խոսքերը, չնայած բավական ծայրահեղ են, բայց այդ խոսքերի ճշմարտացիությունը նույնիսկ լուռ, առայժմ սպասողական վիճակում գտնվող սիգմենտը կհաստատի:

Այս իրավիճակը, ճիշտ է, անբնական ու անտրամաբանական իրավիճակ է, բայց այն խիստ բնորոշ է բոլոր այն երկրներին, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն եւ որտեղ տեղի ունեցած հեղափոխությունը միանշանակ հաղթել է՝ ամբողջությամբ վերցնելով իշխանությունը:

Նույն ազգն է, նույն երկիրն է, նույն կյանքն է, միայն մարդիկ են իրարից տարբեր, ընդ որում, իրարից չափազանց են տարբեր՝ այն աստիճան տարբեր, որ մեկի համար այս նույն ու միակ կյանքը ահավոր ու սարսափելի է, մյուսի համար՝ հրաշալի ու գեղեցիկ:

Ասացի, որ մարդիկ իրարից չափազանց տարբեր են, բայց որ ավելի խորն եմ մտածում, հասկանում եմ, որ մարդիկ ոչ թե իրարից տարբեր են, այլ, ընդհակառակը, մարդիկ իրար շատ են նման, եւ ձգտումներով ու ցանկություններով են իրար նման, այսինքն՝ մեր էս մինուճար կյանքից նույն բանն են ուզում, բայց մեր էս մինուճար կյանքը չի կարող բոլորի ցանկությունը բավարարել, եւ չբավարարված ցանկություններով մարդկանց զգալի մասը հեղափոխական է դառնում, իսկ հեղափոխական դարձածների մի բախտավոր ու հաջողակ մասն էլ դառնում է իշխանություն, ավելի ստույգ՝ իշխանության մաս, եւ հենց իշխանության մաս դարձածների ու նրանց մերձավորների համար է հեղափոխությունից հետո կյանքը դառնում հրաշալի, ավելի ստույգ՝ նրանք, ովքեր հեղափոխության շնորհիվ իշխանություն են ձեռք բերել, ներկա ու անցյալ բոլոր դժբախտությունների պատճառը համարում են նրանց, ովքեր հեղափոխության պատճառով իշխանություն, ունեցվածք ու ամեն ինչ են կորցրել եւ ինչ էլ որ առայժմ չեն կորցրել, կարող են շատ մոտ ապագայում կորցնել, ընդ որում՝ ոչ միայն սեփականությունն ու ունեցվածքը կարող են կորցնել, այլեւ՝ ազատությունը, բայց սրանց կարողության ու ունեցվածքի կորուստը որեւէ մեկին առանձնապես չի հուզում՝ իրենցից բացի. ավելին. սրանց ունեցվածքի ու ազատության կորուստը ոգեւորում ու թեւավորում է բոլոր նրանց, ովքեր էն գլխից հույսեր են փայփայել, որ հեղափոխության հաղթանակի շնորհիվ տարբեր բնագավառներում՝ արդարադատությունից սկսած, կվերականգնվի արդարությունը, եւ մենք վկա ենք, թե հեղափոխական մասսան ինչպիսի ակտիվությամբ է ձգտում անձամբ անմիջական մասնակցություն հանդես բերել արդարության վերականգնման գործում, եւ դրանում լավագույնս համոզվեցինք Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի դատավարությունների ընթացքում, եւ եթե կարծում եք թե՝ էդ դատավարություններին հեղափոխական ակտիվիստների ակտիվությունը զուտ ձեւական բնույթ է կրում, չարաչար եք սխալվում, որովհետեւ, ըստ ամենայնի, հեղափոխության ու Նոր Հայաստանի առաջնորդները հեղափոխության առաջին իսկ օրվանից սկսած՝ իրենց ամբողջապես հաշվետու ու պատասխանատու են զգում հեղափոխությամբ ոգեւորված ու տոգորված ժողովրդի առաջ, եւ եթե նախորդ ռեժիմի դեմ պայքարում եւ արդարության ու արդարադատության վերականգնման հարցերում Նոր Հայաստանի ղեկավարներն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմնացորդ հետեւողականություն, սկզբունքայնություն ու նվիրվածություն են հանդես բերում, դրանում մեծապես ժողովրդի՝ հեղափոխության շարժիչ ուժի կամքը, հաստատակամությունն ու սկզբունքայնությունն են առկա, եւ ընդհանրապես՝ հայոց հեղափոխության հաղթանակի գրավականը հեղափոխության առաջնորդների, անձամբ Փաշինյանի ու հեղափոխության շարժիչ ուժի՝ ժողովրդի միասնական ու սինքրոն գործողություններն էին, որոնք առ այսօր էլ շարունակվում են, որովհետեւ, փաստորեն, հեղափոխությունն առ այսօր շարունակվում է, եւ չի կարող չշարունակվել, որովհետեւ նրանք, ում համար հեղափոխությունն ու այսօրվա իրականությունը սարսափելի են, ամեն ինչ անելու են, որպեսզի վերջ տան այս ամենին, իսկ նրանք, ում համար հեղափոխության հետ կապված ամեն ինչը հրաշալի է, կյանքի գնով կպահեն ու կպահպանեն կյանքի գնով ձեռք բերածը:

Հուսանք ու հավատանք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

19.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031