Լոռի բերդի մոտ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ որպես նախագահ առաջին անգամ է այցելում Լոռի, իսկ ընդհանրապես շատ է այցելել հատկապես ուսանողական տարիներին: Վայրը նա բնորոշեց տպավորիչ եւ յուրօրինակ. «Միջավայրն ու ժողովուրդն էլ այստեղ ուրիշ են, շատ ավելի փափուկ ու հանգիստ»:
Նախագահի ձեւակերպմամբ, հայրենիքը ճանաչելը, հայտնաբերելը ուսանողական տարիներին իրենց՝ հայրենասիրության արտահայտման ձեւերից մեկն էր: «Խոսքը վերաբերում է Հայաստանին, որ թե Խորհրդային Միությանը; Ես կարծում եմ, որ կրկին դրա կարիքն ունենք: Ապրելով Երեւանում՝ հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում: Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10-11-րդ դարերի ամրոցներ կան: Ընդ որում այդ ամրոցների մեջ տեսնում ենք ոչ միայն կրոնական ներկայություն, այլեւ առօրյա»,-ասաց նա:
Խոսելով տարածքի 10-11-րդ դարերի բաղնիքների մասին՝ պարոն Սարգսյանն ընդգծեց. «Ուզում եմ հիշեցնել, որ եվրոպացիները մոռացել էին լողանալու արվեստը… Միջնադարում մաքուր ապրելու սովորությունը հայերս ունեցել ենք»:
Կարդացեք նաև
Նա նաեւ փաստեց, որ տարիներ շարունակ վրացական արիստոկրատիան գալիս էր այս կողմերում հանգստանալու, գնահատում էր տեղի գեղեցկությունն ու բնությունը. «Մենք նորից պետք է հայտնաբերենք այս գեղեցկությունը եւ վերադառնանք ակունքներին, այդ գեղեցկությանը: Սրանից լավ հանգիստ ես չեմ պատկերացնում»:
Aravot.am-ը ՀՀ նախագահին հարցրեց, թե հայրենաճանաչության առումով իր թոռնիկներին հատկապես ինչ տեսարժան վայրեր ու պատմամշակութային հուշարձաններ կտաներ տեսնելու:
«Թոռնիկներս փոքրիկ են, բայց, օրինակ, եթե Արմենին թողնես, մի վեց անգամ կպտտվեր, կվազեր այս գեղեցկության մեջ, պատերի արանքում, խոտերի մեջ: Հայրենաճանաչությունը ոչ միայն փաստացի է, ինչ-որ դար կամ եկեղեցի, հայրենաճանաչությունը սկսվում է հայրենիքը սիրելուց, հողը, ծառը, բլուրը, հայրենաճանաչությունը հողին կապվելն է, զգալը: Հայրենիքը միայն օպերայի հրապարակը չէ»,-ասաց նախագահը:
Տարածքի խնդիրներին էլ անդրադարձ եղավ, որոնց ծանոթացրել էին հուշարձանը ներկայացնելիս: «Հսկայական արժեք է պատմական, նաեւ տնտեսական արժեք է այն իմաստով, որ կարողանանք իսկապես եւ ճանապարհը կարգավորել եւ համայնքին աջակցել, սա ուղղակի տուրիստական գանձ է»,-ասաց Արմեն Սարգսյանը: Կարծիք հայտնեց, որ տարածքում կարելի է նաեւ մշակութային միջոցառումներ կազմակերպել՝ դասական երաժշտությունից մինչեւ ռոք կամ երիտասարդական հավաքներ՝ վրանների տակ:
Ավելի վաղ Սոս Սարգսյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհած նախագահին Aravot.am-ը հարցրեց, թե իր կարծիքով հատկապես վարպետի մարմնավորած կերպարներից ո՞րն է լավագույնը:
«Սոս Սարգսյանը դերասանական արվեստի հսկա է, ես չեմ ուզում որեւէ դեր առանձնացնել, թեեւ, երբ այստեղ ես, մտածում ես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մասին: Բայց մնացած բոլոր դերերը, որ պատկերում են տասնիններորդ դարի հայկական մշակույթը եւ Նահապետին, նույնպես հրաշալի են:
Ես անձամբ բախտ եմ ունեցել ճանաչելու Սոս Սարգսյանին, որը ոչ միայն մեծ դերասան էր, մեծ արվեստագետ էր, այլ նաեւ քաղաքացի էր, որը Անկախության հենց առաջին տարիներին մտածում էր երկրի մասին, ոչ միայն երկրի մշակույթի, այլեւ երկրի ապագայի մասին»,-պատասխանեց ՀՀ նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ