Բյուրականի աստղադիտարանը տոնում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50 – ամյակը: 1969 թ․-ի հուլիսի 20-ին մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:
ՆԱՍԱ-ն իր «Ապոլլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին: Նիլ Արմսթրոնգն ամերիկացի տիեզերագնաց է, ռազմածովային օդաչու, նա առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ ողջ մարդկության համար»:
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն անմասն չմնաց այս մեծ իրադարձությունից, որ տոնվում է ավելի քան 70 երկրում: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի գլխավորությամբ, վաղ առավոտից կազմակերպվեցին բազմապիսի միջոցառումներ, քննարկումներ, սեմինարներ, զեկույցներ, Բյուրականի աստղադիտարանի գործունեության վերաբերյալ առաջադրվեցին քննարկման թեմաներ: Դռները բաց էին բոլորի համար:
Կարդացեք նաև
Երեկոյան կայացավ թեմատիկ լուսանկարների ցուցահանդես, ինչպես նաև ֆիլմի դիտում՝ բաց երկնքի տակ: Տոնի առթիվ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռները բաց էին մինչ ուշ երեկո: Այցելուներին հասանելի էր նաև Պլանետարիումը (աստղացուցարան):
Տնօրեն Արեգ Միքայելյանն անձամբ հանդիպել է առաջին աստղագնացներ Նիլ Արմսթրոնգին, Էդվին (Բազ) Օլդրինին, ինչպես նաև Չարլզ Դյուքին և Հարիսոն Շմիդտին: Հետաքրքիր էր հենց իրենից լսել այնպիսի կենդանի պատմություններ, որոնք իրենց հետքը թողեցին աշխարհի մարդկության կյանքի ու գիտության մեջ:
Իր գործունեության ընթացքում պրն Միքայելյանը հայտնաբերել է ավելի քան 3500 տիեզերական նոր օբյեկտներ:
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ