Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը  լուսանկարվեց ապագա նախագահի հետ եւ նշանված զույգին նախագահական պալատ հրավիրեց

Հուլիս 20,2019 23:07

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հուլիսի 20-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ծաղիկներ խոնարհեց Ստեփանավանում  Սոս Սարգսյանի հուշարձանին, որը գտնվում է վարպետի անունը կրող փողոցի հարակից այգում: Նախագահին դիմավորեցին մեղր ու հացով, մարդիկ ցանկանում էին լուսանկարվել նրա հետ, խոսել իրենց խնդիրներից: Աշոտ անունով իննամյա մի երեխայի նախագահը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, տղան սկզբում ասաց, որ չի որոշել: Քիչ անց ասաց, որ ինքն էլ է որոշել նախագահ դառնալ:

Արմեն Սարգսյանն այցելեց նաեւ Լոռի բերդ համայնք ու միջնադարյան Լոռի բերդ ամրոց, որտեղ 1966 թ-ից սկսած պեղումներ են կատարվում: Մասնագետների փաստմամբ,  պեղումների արդյունքում այստեղ բացվել են ցեղապետների, ռազմական առաջնորդների, իշխանների, քրմական դասի ներկայացուցիչների եւ համայնականների հարյուրից ավելի դամբարաններ: Այստեղ նաեւ բացառիկ խաչքարեր կան:

Գյուլագարակ համայնքի մանկապարտեզում նույնպես սպասում էին նախագահին, փոքրիկները նրա համար ՀՀ հիմնը երգեցին, լուսանկարվեցին: Մանկապարտեզը գործում է այս տարվանից, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել է 1 մլն դրամ՝ գույք ձեռք բերելու նպատակով:

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում (VI դար) ՀՀ նախագահին դիմավորեցին հոգեւոր դասի ներկայացուցիչները՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհի արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ: Սրբազան հայրը Արմեն Սարգսյանին նվիրեց Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող նկարազարդ  գիրք: Ներկայացնելով հուշարձանը եւ հարակից տարածքը, հոգեւորականները նշեցին, որ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուց հարեւանությամբ գտնվող. կանգուն կոթողը վաղ քրիստոնեական շրջանի կարեւոր հուշարձաններից է:

Ինչպես ամենուր,  եկեղեցու մոտ եւս շատերը ցանկություն էին հայտնում լուսանկարվել ՀՀ նախագահի հետ, Արմեն Սարգսյանը ոչ մեկի չէր մերժում: Եկեղեցի մկրտվելու էր եկել նաեւ մի երիտասարդ զույգ, որի նշանադրությունը վերջերս էր կայացել; Նրանք նախագահին հրավիրեցին իրենց հարսանիքին: Նախագահն ասաց, որ չի կարող այդ օրը մասնակցել, սակայն սեպտեմբերին նրանց կընդունի Նախագահական պալատում: Լուսանկարվելիս անընդհատ ուշացող Հայկանուշ անունով հարսնաքրոջ մասին էլ կատակեց. «Հայկանուշին էլ չմոռանանք»:

Օձունից հետո նախագահը մեկնեց Ահնիձոր՝  Հրանտ Մաթեւոսյանի տուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031