Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյան. «Շախմատը օգտակար է քաղաքականությամբ զբաղվողների եւ առհասարակ մտքի ճկունության զարգացման համար»

Հուլիս 20,2019 20:47

Շախմատի միջազգային օրվա առիթով ՀՀ ազգային ժողովի այգում կազմակերպվել էր «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Երեւանի, Հայաստանի տարբեր մարզերի եւ սփյուռքի 100-ից ավելի մինչեւ 16 տարեկան շախմատասեր պատանիներ: Փառատոնն անցկացվեց յոթ փուլով, յուրաքանչյուր պարտիային տրվել էր 10 րոպե ժամանակ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք հայտարարել ենք, որ նպատակ ունենք շախմատը տարածել եւ զարգացնել հանրապետությունում: Ազգային ժողովը իր առաջ նմանօրինակ մրցաշարեր կազմակերպելու խնդիր է դրել, եւ մեկնարկը տրված է: Հաշվի առնելով, որ այսօր Շախմատի միջազգային օրն է, շախմատի մրցաշարով որոշեցինք սկսել նմանօրինակ մրցաշարեր կազմակերպել երեխաների, պատանիների համար: Եվ մենք՝ պատգամավորներս էլ ոգեւորվելով այդ փաստից, ինքներս էլ ենք եկել մասնակցելու: Իհարկե, խաղում ենք սիրողական մակարդակով, սակայն կարծում եմ, որ սա լավ առիթ կլինի եւս մեկ անգամ ընդգծելու շախմատի կարեւորությունը»:

Հարցին, թե շախմատը որպես մտածողություն զարգացնող մարզաձեւ պատգամավորների համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Շախմատ խաղալը շատ օգտակար է քաղաքականությամբ զբաղվողների եւ առհասարակ մտքի ճկունության զարգացման, ալտերնատիվ մտածողության զարգացման համար: Ուրախ կլինեի, որ շախմատը ավելի  տարածված լիներ ոչ միայն պատգամավորների շրջանում, այլեւ մեր երկրում ընդհանրապես»:

Քանի որ խոսվեց  շախմատը մեր երկրում ընդհանրապես ավելի տարածված տեսնելու ցանկության մասին, հետաքրքրվեցինք, թե մասնագիտական հանձնաժողովի նախագահն ի՞նչ կարծիք ունի  շախմատը՝ դպրոցում ծրագրի մասին: «Շախմատը որպես դպրոցում դասավանդման առարկա լինելու մասին խոսակցությունները սկսել են նախորդ տարվանից եւ դեռեւս քննարկման փուլում են ու գտնվում են նախարարության ուշադրության ներքո: Ես այդ մասին հիմա կարծիք հայտնել չեմ կարող: Պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, որովհետեւ որքան դրական կողմեր կան, նույնքան էլ դպրոցականների ծնողների մտահոգություններ են եղել: Համակողմանի ուսումնասիրությունից հետո, կարծում եմ, նախարարությունը շուտով իր կարծիքը կասի»,-եղավ պատասխանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031