Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը՝ Լոռի բերդում․ Մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք

Հուլիս 20,2019 18:06

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ թեև նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում, բայց հատկապես ուսանողական տարիներին այն եղել է իր սիրած վայրերից մեկը, ուր հաճախ է եղել։ «Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձևերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր,-ասել է նա։ -Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին»։

Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև  տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե՛ պատմական տուրիզմ զարգացնել, թե՛ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման Հանրապետության նախագահը քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով ընդհանրապես տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

«Սա հսկայական արժեք է, որը դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք՝ ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որպեսզի իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե հայրենաճանաչության համար ինչ կցանկանար ցույց տալ իր թոռնիկներին, նախագահն ասել է, որ հայրենաճանաչությունը ընդհանուր գաղափար է․ «Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031