Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգ ու պարով։
Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին:
Բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական անվանի գործչի հայրենի քաղաքում հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին, հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։ «Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որը ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև՝ մեծ քաղաքացի, ով մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին»,-ասել է Հանրապետության նախագահը։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ