Սրտաբան Լամարա Մանուկյանը զգուշացրեց՝ ամռանն ունենում ենք լուրջ սրացումներ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ կապված:
«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը սրտաբանը մանրամասնեց. «Բարձր ջերմաստիճանի ներքո բավականին մեծ քրտնարտադրության հետևանքով ունենում ենք արյան շրջանառության բարդություններ: Արյունը խտանում է, կարող ենք ունենալ սիրտ-անոթային սուր ինֆարկտներ, ինսուլտների սրացումներ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խմել մինչև ութ բաժակ հեղուկ օրվա ընթացքում, որ նման բարդություններ չառաջանան»:
Շոգ եղանակին կարող է տատանվել զարկերակային գերճնշումը: Ըստ մասնագետի՝ մարդիկ կան, որոնց մոտ մի քիչ նվազում է նկատվում և փորձում են իրենց դեղորայքի չափը նվազեցնել, հանել, բայց դա ճիշտ չէ, քանի որ հետո կարող են լինել խիստ բարձրացումներ:
Նա մանրամասնեց. «Խորհուրդ եմ տալիս մայիս ամսին դիմել իրենց բժշկին, որպեսզի կորեկցիայի ենթարկեն բոլոր դեղորայքները, որ ճիշտ դեղորայքներ ստանան հիվանդները: Աուտոիմուն հիվանդությունները ևս սրվում են: Հատկապես ցրված սկլերոզը: Հենց արևը պատճառ է, որ այն սրվի, սրվում է նաև գայլախտը: Հակացուցված է, որ այդ հիվանդները գտնվեն արևի տակ, հատկապես ընդունեն արևայրուք: Ջերմաստիճանի՝ ամեն հինգ աստիճանի բարձրանալիս կրկնակի հավանական բարձրանում է, ավելանում միգրենով հիվանդների ցավերը»:
Կարդացեք նաև
Լամարա Մանուկյանն ասաց, որ ողջ աշխարհում ընդունված չափանիշ է. եթե ջերմաստիճանը բարձր է 37 աստիճանից, դրսում աշխատանք կատարող անձինք իրավունք չունեն աշխատել. « 35-37 աստիճանի դեպքում դրսի աշխատանքներ կատարելու դեպքում 15 րոպե աշխատելուց հետո պետք է հանգստանալ 10 րոպե: Դրանք միջազգային տվյալներ են, իսկ 37-ից բարձր ջերմաստիճանի ժամանակ դրսում ոչ մի աշխատանք չի կարելի կատարել»:
Շոգին դիմակայելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել շատ հեղուկներ. «Եթե ունենք 35-ից բարձր ջերմաստիճան, մեկ ժամը մեկ պետք է կես լիտր ջուր խմել: Կարելի է 20 րոպեն մեկ մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ապահովենք մեր արյան շրջանառությունը»:
Գաստրոէնտերելոգ Մարիաննա Մալխասյանն ասաց, որ շոգ եղանակին ամենամեծ տարածումն ունեն սննդային թունավորումները: Նա ներկայացրեց ախտանիշները. «Ախտանիշները կարող են լինել ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, աղիների գործունեության խանգարումները: Շատ հաճախ սննդամթերքը լինում է պիտանելիության ժամկետի մեջ, բայց չի լինում պիտանելի սննդօգտագործման համար: Այդ պատճառով պետք է համային, գունային ցուցանիշին, հոտին ուշադրություն դարձնել: Երբ կդիտվեն նման երևույթներ, սննդակարգից պետք է բացառել ալկոհոլը, կոնսերվացված սնունդը, կաթնամթերքը՝ կաթը, սունկը, ձմերուկը: Աղցաններն ու ապուրները երրորդ օրն արդեն պիտանի չեն սննդօգտագործման համար: Կծու, թթու, գազավորված ըմպելիքները պետք է բացառել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ