Լրահոս
Օրվա լրահոսը

16-րդ արձանագրությունը դեռևս նոր ընդունված փաստաթուղթ է. Եվրոպական դատարանն այդ առումով դեռ մեկ դեպք է ունեցել․ «Փաստ»

Հուլիս 20,2019 12:56
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: Այդ գործերով ՍԴ-ն խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Անդրադառնալով խորհրդատվական կարծիքի ազդեցության հնարավորությանը, խոսելով նաև ընթացակարգերի մասին՝ սահմանադրագետ Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ ազդեցությունն էական է:

Վենետիկի հանձնաժողովի առումով նա ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի պարագայում ստացվում է, որ եվրոպական լավագույն մասնագետ-փորձագետները ներկայացնում են բարձրաձայնված հարցադրումների վերաբերյալ պատասխաններ՝ հաշվի առնելով լավագույն փորձը: Դրա ազդեցությունը պետք է գնահատվի այնքանով, որ պատասխանները միջազգային փորձի, հատկապես եվրոպական երկրներում ընդունելի մոտեցումների հանրագումարն է»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ըստ ընթացակարգի՝ ՍԴ աշխատակարգային որոշումը, այնտեղ ընդգրկված հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին փոխանցվում են ՍԴ նախագահի նամակի միջոցով: «Ես երեկ նկատեցի, որ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, որին շատ լավ ճանաչում եմ ու հարգում, հայտնել էր կարծիք, թե պարզ չէ այդ ինչպե՞ս պետք է Վենետիկի հանձնաժողովը հարցեր տա, արդյո՞ք դա առհասարակ իրավաչափ կարող է լինել և այլն: Դրա վերաբերյալ պարզապես տեղեկացնեմ, որ 2015, 2016, 2018 թվականներին մի քանի դեպքեր են եղել, երբ օրինակ, Մոլդովայի, Վրաստանի, Լեհաստանի Սահմանադրական դատարանների նախագահները դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար:

Ի դեպ՝ Մոլդովայի ՍԴ նախագահի դիմումը հենց քրեական օրենսգրքի հոդվածին էր վերաբերում: Սա լայն տարածում ունեցող գործիք է ու չափազանց արդյունավետ: Այսինքն, այստեղ Վենետիկի հանձնաժողովը ոչ թե որպես դատարան է հանդես գալիս, այլ իրավական, նույնիսկ սահմանադրաիրավական հարցադրումների վերաբերյալ տրամադրում է խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձագիտական կարծիք:

Հետևաբար, սա նոր գործիք չէ և լայն տարածում ունի»,ասաց նա՝ շեշտելով, որ այլ հարց է, որ, միգուցե, ՀՀ-ում այն դեռևս պետք է ընկալվի:

«Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանին, ապա սա արդեն ամբողջովին նոր գործիք է: 16-րդ արձանագրությունը դեռևս նոր մշակված, նոր ընդունված փաստաթուղթ է. Եվրոպական դատարանն այդ առումով դեռ մեկ դեպք է ունեցել. Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանն էր դիմում ներկայացրել Եվրոպական դատարանի բարձր պալատին:

Սա նոր գործիք է, բայց այստեղ ընթացակարգը մի քիչ ավելի տարբեր է: Նախ՝ պետք է այս դիմումը վարույթ ընդունվի, ինչն իրենից, ըստ էության, ենթադրում է մոտ 45 օր տևողության գործընթաց: Դրանից հետո արդեն պետք է որոշում կայացվի, որը կրկին խորհրդատվական բնույթի կարծիք է: Այսինքն, այն Եվրոպական դատարանի որոշում չէ, վճիռ չէ, խորհրդատվական բնույթի կարծիք, եզրակացություն է: Խոսքը կրկին իրավական, սահմանադրաիրավական բնույթի, եվրոպական կոնվենցիոնալ իրավունքների հարցերի վերաբերյալ կարծիքի, եզրակացության մասին է»,-նշեց սահմանադրագետը:

 

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031