Լրահոս
Օրվա լրահոսը

Լոուքոսթերները գալիս են պատրաստի ձևավորված շուկա և ոչ թե շուկա են ձևավորվում. «Ժամանակ»

Հուլիս 20,2019 12:47

«Փոքր ավիացիայի զարգացման քայլերն արդեն սկսվել են»,- նախօրեին ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել:

Քայլերն արդեն սկսվել են»,- ասել էր նա։ Ռևազյանն ընդգծել էր, որ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, մինչդեռ այս պահին քաղավիացիան փորձում է վեր հանել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծել էր, որ նախատեսում են օրենքով փոփոխություններ կատարել։ Օրենսդրական փոփոխությունների մասին խոսելիս Ռևազյանը նկատել էր, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի, այսպես ասած՝ օդի փողը հանվի ՀՀ ավիաշուկա նոր մուտք գործող ավիաընկերությունների համար:

«Օդի փողը ամենամեծ խոչընդոտն է, 10 հազար դրամը փոքր գումար չի: Նաև «Զվարթնոց»-ի ծառայություններն են թանկ: Ավիաընկերությունները մեզ ասել են՝ եթե օրենքը ընդունեք, օդի փողը հանեք և, միաժամանակ, «Զվարթնոցն» էլ իր սակագներն իջեցնի, իրենք մուտք կգործեն Հայաստանի շուկա, եթե «Զվարթնոցը» զեղչեր տա նոր ուղղություններին՝ իրենք մուտք կգործեն շուկա 2020-ի գարնանը: Դրանք «Ռայնէյր» (Ryanair) և «Վիզէյլր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններ են: «Վիզէյլրը» Վրաստանում է թռնում, հայերը հիմնականում հենց «Վիզէյլր»-ի համար են գնում Վրաստան»,- ասել էր Ռևազյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց»-ից էլ ասել են՝ իրենք պատրաստ են զեղչեր տալ նոր ուղղություններին:

Ավիացիոն խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը, անդրադառնալով քաղավիացիայի պետի դիտարկումներին, նկատեց, որ եթե կար լոուքոսթերներ բերելու ծրագիր, ապա ինչու «այդ «Գոբլի» ծրագիրը հանրային չեն դարձնում, որ քննարկվի, ընդամենը հարցազրույցի ընթացքում ծածանեց 2 թերթ և շտապ պահեց»։

«Ես կարծում եմ, որ չկա նման ծրագիր, ամեն ինչ իր մոտ պահի տակ և առանց խոր վերլուծության է ծրագրվել: Լոուքոսթերը թռչում է միայն կետից կետ, ոչ մի ավիաընկերության հետ չի համագործակցում, շահույթ-վնաս չի հաշվարկում իր բիզնես պլանում, հաշվի է առնվում միայն ուղևորաքանակը։ 3 ժամից ավելի չի թռչում հիմնականում, որ ավիասնունդ չտա և բորտը շուտ փակի ու թռնի։ Լոուքոսթերները գալիս են պատրաստի ձևավորված շուկա և ոչ թե շուկա են ձևավորվում, կամ, իր խոսքերով ասած՝ «ուղղություն զարգացնում»։ Լոուքոսթերը իր էժան սեգմենտը տանում է արդեն պատրաստի շուկայից, քանի անգամ սա ասել եմ, բայց ասողին լսող է պետք։ Իսկ մեր մոտ նման շուկա չկա։

Բացի դրանից՝ լոուքոսթերների համար պարտադիր է վիզաների ազատականացումը՝ իսկ մեր երկրի և Եվրոպայի միջև կա՞ նման բան։

Հարևան Վրաստանը դրա մասին հայտարարեց 2017-ին, բայց անցած տարի աշնանը միայն Եվրամիությունը վիզաները ազատականացրեց, պրակտիկան ցույց է տալիս՝ հայտարարելուց առնվազն 1 տարի հետո դա կարող է իրականություն դառնալ: Բացի սրանից էլ լոուքոսթերները Royalty են ուզելու օդանավակայանից կամ պետությունից՝ Ryanair-ի պահով ամեն ուղևորի համար մոտ 70 եվրո էր մի քանի տարի առաջ, ընդ որում՝ անգամ նման գումար ստանալու դեպքում իրենք բացարձակ շահագրգռված չէին մտնել հայկական շուկա: Առանց նշված Royality-ի 70 եվրոյից՝ Եվրոպայից դեպի Երևան թռչելու ինքնարժեքը մեկ ուղևորի հաշվով մեկ ուղղության վրա կազմում է մոտ 125$, մեր հաշվարկները տվել ենք ՔԱԿ-ի նախագահին դեռևս փետրվարին, հիմա այդ ինչպե՞ս է Ryanair-ը խոստացել Ռևազյանին 50$-ով թռչել դեպի Հայաստան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այն ամենը, ինչն էժան գներ է առաջարկում, դա փուչիկ է, հետևաբար, կարճաժամկետ և բացարձակ անվստահելի։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031