«Այս ամենը դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ ծավալելով՝ արդյոք ուղերձ չե՞ն ուղարկում բոլոր դատավորներին, որոնք ապագայում կքննեն Ռոբերտ Քոչարյանի գործը: Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, դա կասկածից դուրս է»,-«Sputnik Արմենիա»-ի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը՝ հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռեւս այս տարվա փետրվարին քաղաքացիներից մեկը հաղորդում է տվել հանցագործության մասին, նախաքննական մարմինն էլ նրանից ստացել է բացատրություններ եւ նյութեր, որոնք ինքը կարող էր ներկայացնել, ապա որոշում կայացրել քրեական գործի հարուցումը մերժել. «Այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, այդ քրեական գործը հարուցվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց»:
Ալումյանի բնորոշմամբ՝ եթե խուզարկության նպատակը հանցագործության հետ կապված իրեր հայտնաբերելն է, անձի կարգավիճակն արդեն իսկ «մեղադրյալ» է. «Քրեական հետապնդում դատավորի հանդեպ կարող է իրականացվել միայն ԲԴԽ համաձայնությամբ: Այսինքն, այդ գործողությունները կարող էին կատարվել՝ նախապես ունենալով ԲԴԽ որոշումը, ինչը դատախազությունը չուներ, նա իր հայտարարության մեջ ասել է, որ պարզապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին»:
Պաշտպանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանի հանդեպ հետապնդումներն իրենց հուզում են այն պատճառով, որ այս պահին նրա վարույթում է Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, նաեւ՝ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու մասին այդպես էլ չքննված միջնորդությունը. «Գրիգորյանի հանդեպ այս հարվածն ուղերձ է մյուս բոլոր դատավորներին՝ չհամարձակվեք կայացնել Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում, այլապես կհայտնվեք Դավիթ Գրիգորյանի վիճակում»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/641407063006586/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ