Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ

Հուլիս 20,2019 12:30

Հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել դատարան` եթե որեւէ ծառայություն խտրականորեն նրան հասանելի չլինի

Հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել դատարան` խտրականության հիմքով, եթե որեւէ մարմնի տրամադրած ծառայություն խտրականորեն իրեն հասանելի չէ: Սա ամրագրվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով: Մեկ այլ կետով էլ` հասարակական կազմակերպությունները կարող են հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանել դատարանում: Գործող օրենքում այս դրույթը բացակայում է, ինչը հաշմանդամություն ունեցող անձանց` դատարան դիմելու հնարավորությունները սահմանափակել է:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության փորձագետ Հայկ Մկրտչյանը, որը այլ մասնագետների հետ միասին մասնակցել է հուլիսի 18-ին տեղի ունեցած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովը բաղկացած է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններից: Քննարկման թեման եղել է նախագիծը, որը դեռեւս շրջանառության մեջ դրված չէ: Մասնագիտական քննարկումներ անցնելուց հետո միայն նախագիծը կտեղադրվի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում`հանրային լայն քննարկման:

Այդուհանդերձ, պարոն Մկրտչյանը ներկայացրեց նախագծի կետերից մի քանիսը` նշելով, որ առաջին հայացքից նոր օրենքը առաջադեմ է` չնայած, դեռեւս, այս հարցով մասնագիտացված հ/կ-ներով լուրջ փորձագիտական ուսումնասիրության պետք է ենթարկեն: Ըստ պարոն Մկրտչյանի, նախագիծն ամբողջությամբ հիմնված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի կոմիտեի տրված զեկույցի մեկնաբանությունների վրա: Նախկին օրենքը, եթե ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը, ապա նորն ուղղված է նրանց իրավունքներին: Մեր զրուցակցի խոսքով, նախագծից պարզ է դառնում, որ պետությունը բավականին շատ պարտավորություններ է ստանձնել եւ հանձնաժողովի նիստի ընթացքում ներկաների հետաքրքրության շրջանակներում եղել է նաեւ պարտավորությունների կատարման ընթացքը: Փորձագետի կարծիքով՝ օրենքի ընդունումից հետո կլուծվեն մի շարք խնդիրներ. ինչպես արդեն նշել էինք` կարգելվի «հաշմանդամության հիմքով խտրականությունը», այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ:

Նախագծով նաեւ սահմանվում է անկախ կյանքի իրավունքի գաղափարը եւ համայնքում ներառման իրավունքի իրացում է ենթադրում: «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծով էլ հիմնովին կփոխվի ԲՍՓ` բժշկասոցիալական փորձաքննության համակարգը: Տարբեր համայնքներում, ներկայումս գործող հանձնաժողովները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որոշում էին մարդու հաշմանդամության կարգը, այլեւս չեն լինի: Մշակվել է նոր մոդել, որի հիմքում դրված է սոցիալական գնահատականը: Այսինքն՝ հաշմանդամության գնահատման հիմքում ընկած է լինելու ոչ միայն անձի առողջության խաթարումը, այլեւ անձի կարողությունն ու կատարողականության գնահատումը: Ըստ նախագծի, կկատարվի անձի բազմակողմանի գնահատում եւ դրա արդյունքում կմշակվի ծառայությունների անհատական ծրագիր: Մոդելի ներդրմամբ, ըստ մասնագետների, կբարձրանա հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

Երեկ «Ֆունկցիոնալության գնահատման մասին» նախագծի դրույթներից որոշ մանրամասներ ներկայացրեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանը: Նրա խոսքով, օրինակ՝ ներկայումս հաշմանդամություն ունեցող անձը ունի էլեկտրատրանսպորտից օգտվելու արտոնություն, բայց հեռավոր մարզում ապրող մարդու համար, այդ արտոնությունն առոչինչ է: Այսինքն՝ սրա փոխարեն հեռավոր մարզի բնակչին այլ աջակցություն կտրամադրվի:

Աննա Հակոբյանի խոսքով. «Ներկայումս գործող բժշկասոցիալական հանձնաժողովների փոխարեն կձեւավորվի մասնագետների ռեեստր, որտեղ բացի բժիշկներից՝ հաշվառված կլինեն նաեւ այլ մասնագետներ՝ էրգոթերապիստներ, վերականգնողաբաններ, ֆիզիոթերապիստներ, եւ այդ բազմամասնագիտական թիմը կարող է լիարժեք գնահատել անձի կարիքը եւ որոշել այն ծառայությունները, որոնք պետք են նրան»:
 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031