Մեր իրականությունում ամենաբարդ խնդիրը եղել ու մնում է մշտական աշխատատեղ չունենալը, նաեւ մշակույթի ոլորտում: Բայց, պարզվում է, կան սեփական գործունեությունը ինքնուրույն կազմակերպող մեկ-երկու արվեստագետներ, որոնց թեեւ չի բավարարում հոնորարային «ձեւաչափը», այնուամենայնիվ, շարունակում են անտրտունջ ստեղծագործել, այն էլ մի քանի ոլորտներում:
Այդ եզակիներից է երկու «ֆրոնտում» զուգահեռ ստեղծագործող, ըստ էության, գործազուրկ գեղանկարիչ, օպերային տենոր Հայկ Թոնգուրյանը: Օրերս Կոմիտասի անվան գրադարանում հանդիպեցինք նաեւ նրա իմպրեսիոնիստական աշխատանքներին, վերջերս էլ Ազգային օպերային թատրոնում Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերային բեմականացման մեջ՝ Կավալեր Բելֆիորեի դերերգով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հայկ Թոնգուրյանը հայտնեց, որ սկսած 2006թ. պարբերաբար մասնակցում է երեւանյան, նաեւ մարզային ցուցադրություններին՝ դասականից մինչեւ իմպրեսիոնիստական եւ աբստրակտ աշխատանքներով: Կանխելով մեր հարցն էլ, նշեց, թե գեղանկարների վաճառքից դժգոհ չէ, բայց դրանք իրացնում է հիմնականում արտասահմանում:
«Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին մասնակցել եմ Գոհար Գասպարյանի եւ Մոլդովայում կայացած Մարիա Բիեշուի անվան վոկալիստների միջազգային մրցույթին, նաեւ Ղազախստանում՝ Բիբիգյուլ Տուլենգենովայի մրցույթին: 2018-ին Իտալիայում Պեզերոյի Ռոսինիի անվան ակադեմիայում հաճախել եմ վարպետության դասընթացների պրոֆեսոր Ինգա Բալաբանովայի ղեկավարությամբ: Հուլիսի 29-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական նախագծերից մեկում հանդես կգամ Ռոդրիգոյի դերերգով Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարման մեջ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, եթե չենք սխալվում, դա ձեր առաջին համագործակցությունը չէ ֆիլհարմոնիկի հետ, տենորն ասաց. «Էդուարդ Թոփչյանի հրավերով ժամանակին մասնակցել եմ Պուչինիի «Բոհեմ» եւ «Թիկնոցը» օպերաների կատարմանը»:
Հետաքրքրությանը, թե ժամանակին արտասահմանում մենահամերգ է ունեցել ճանաչված օպերային երգիչ Անդրեա Բոչելիի հետ եւ կարճ ժամանակահատված էլ հանդիսացել է Վոլգոգրադի Ցարեցինյան օպերային թատրոնի առաջատար մեներգիչ, արվեստագետը մանրամասնեց. «Երկու համերգներ եմ երգել Բոչելիի հետ՝ առաջին բաժինը նա էր, երկրորդում՝ ես, մեկը՝ 2016-ին, Օմանի մայրաքաղաքում, մյուսը հենց հաջորդ տարի՝ Շվեյցարիայի Գշտադ քաղաքում: Ինչ վերաբերում է Վոլգոգրադի թատրոնում իմ գործունեությանը, դա 2016 թվականն էր, այնտեղ հայտնվեցի լսումների արդյունքում եւ շատ կարճ ժամանակահատվածում՝ չորս ամիսների ընթացքում, հանդես եկա Կավարադոսի դերերգով Պուչինիի «Տոսկայում», Դոն Խոզեի՝ Բիզեի «Կարմենում» եւ Վոդեմանի՝ Չայկովսկու «Իոլանտայում»: Մասնակցություն ունեցա նաեւ թատրոնի գալա-համերգներին: Իսկ վերադարձա զուտ ընտանեկան հանգամանքներից դրդված»: Հատուկ նշեց, որ այդ թատրոնում խաղացանկային օպերային ներկայացումները «գնում» են շաբաթական 3-4 անգամ:
Այնուամենայնիվ, օպերային եւ կերպարվեստի ոլորտներում մեծամասնություն կազմող իր գործընկերների օրինակով «աչքը դուրսը չէ՞» եւ ինչպե՞ս է «գլուխ հանում»՝ չունենալով իմպրեսարիո, Հայկ Թոնգուրյանը պատասխանեց, որ հիմնականում «դրսի» ելույթները արդյունք են տարբեր մենեջերական գործակալությունների հետ համագործակցության եւ օրինակ բերեց 2018թ. Շվեյցարիայի Ֆրայբուրգ քաղաքում կայացած առաժմ իր միակ մենահամերգը:
Հայկ Թոնգուրյանի գեղանկարներից
Հարցին, թե իր դեպքում ո՞ր ոլորտն է շահութաբեր, արվեստագետը պատասխանեց. «Երաժշտարվեստում համեմատաբար կարճ ժամանակ է պահանջվում ճանաչման համար, ինչը չեմ կարող ասել կերպարվեստի ոլորտում գործունեության մասին: Հետեւաբար իմ դեպքում շահութաբերը օպերային արվեստն է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.07.2019