Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը կարո՞ղ էր հայտնվել նախկին իշխանության ներկայացուցիչների մոտ եւ ի՞նչ կշիռ ունի այն

Հուլիս 20,2019 13:00

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի՝ բավականին քննարկված արձանագրության, ԵԽ-ի հայտարարության եւ ընդհանրապես ԵԽ-ի փաստաթղթերի հասանելիության ու կշռի մասին «Առավոտը» զրուցեց ԵԽ փորձագետ Արա Ղազարյանի հետ:

– Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը բավականին մեծ արձագանք գտավ ՀՀ իրավական-քաղաքական շրջանակներում: Նախկին իշխանության ներկայացուցիչներն այդ նստաշրջանի արձանագրությունը հանրայնացնելու համար մեղադրվեցին, քանի որ հարցեր հնչեցին՝ ինչպե՞ս է այդ փաստաթուղթը հասել նախկին իշխանության ներկայացուցչին, եթե այն հասանելի է միայն գաղտնաբառով եւ սահմանափակ թվով անձանց: Արդյոք դա փա՞կ տեղեկատվություն է:

– Դա մեծ հաշվով բաց տեղեկատվություն է. ուղղակի պետք է գրանցվել դրա համար հատուկ ընթացակարգով եւ ստանալ թույլտվություն: Նմանապես ես որպես ԵԽ փորձագետ ունեմ իմ սեփական մուտքանունն ու գաղտնաբառը, որով ես մտնում եմ ԵԽ-ի էջ եւ հարկավոր նյութերը դուրս եմ հանում կամ գրառումներ անում: Սովորական օգտատերը դա անել չի կարող, քանի որ պետք է գրանցման որոշակի ընթացակարգ անցնի: Իրենց էությամբ, մանավանդ ՀՀ-ի օրենքներով, դրանք գաղտնի փաստաթղթեր չեն. ո՛չ պետական, ո՛չ ռազմական, ոչ էլ ծառայողական գաղտնիք են: Հետեւաբար նմանատիպ խոսակցությունները բոլորն ավելորդ են: Այդ մարդիկ ՀՀ օրենք չեն խախտել: Եթե օրենք խախտած լինեին, ասենք՝ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ հանեին, կամ կիբերհանցագործություն կատարած լինեին, այսինքն՝ որոշակի համակարգեր կոտրած լինեին եւ այդ կերպ վերցրած լինեին փաստաթղթեր, կարելի էր այդ մասին խոսել: Բայց չի կարող Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը, որն ունի գլխամասային համար, համարվել գաղտնի: Այն ուղղակի համարվում է սահմանափակ օգտագործման փաստաթուղթ:

– Այսինքն՝ որեւէ խնդրահարույց հարց չկա՞, որ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը:

– Ընդհանրապես թեմա չկա, եւ այդ թեման բարձրացնելը սխալ է, քանի որ խոսքը ԵԽ հարթակում հրապարակված փաստաթղթի մասին է: ԵԽ-ն մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է, եւ այստեղ հարց բարձրացնել այդ փաստաթղթի գաղտնիության մասին, ուղղակի նշանակում է հակասության մեջ դնել ԵԽ-ի նպատակների հետ: Փաստաթղթերը բոլորն անդամ պետությունների, նրանց կիրառության համար են: Դա ուղղակի ծառայողական փաստաթուղթ է սահմանափակ օգտագործման համար:

– Մյուս խնդիրը, որ բարձրացվում է, նշում են, թե այն արձանագրությունը, որին հղում են անում ներկայիս իշխանության քննադատները, զրո նշանակություն ունի: Ըստ նրանց՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում արձանագրվել են ՍԴ նախկին անդամ Վարդան Պողոսյանի պնդումները: Ի վերջո ի՞նչ նշանակություն ունի այդ փաստաթուղթը:

– Նման փաստաթղթերն իրավաբանության մեջ կոչվում են փափուկ օրենքներ: Երբեմն նման արձանագրությունները կամ փաստաթղթերն ավելին են անում, քան սովորական օրենքները: Դրանք նորմատիվ բնույթ չունեն, իհարկե, բայց տրամադրում են շատ կարեւոր սկզբունքների, չափանիշների վերաբերյալ սահմանումներ, որոնք կիրառվում են եւ քաղաքական, եւ իրավական գործընթացներում։ Նույն ինքը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ հղումներ է կատարում նման փաստաթղթերի վրա իր եզրահանգումներում։ Հետեւաբար, հարցը, թե արդյոք դա արձանագրություն է, որոշում, հանձնարարական, թե բանաձեւ, էական չէ, էականը բովանդակությունն է:

– Այն, որ այդ արձանագրության մեջ վեթթինգի հետ կապված դիրքորոշում կա, թե դա կարող է ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար լինել, կամ ՍԴ դատավոր, թե անդամ բառախաղի հետ կապված, սա կարելի՞ է համարել Վենետիկի հանձնաժողովի կարծիք:

– Իհարկե, դա պաշտոնական փաստաթուղթ է: Փաստաթուղթը, եթե ուշադիր նայեք, վերեւի աջ անկյունում կտեսնեք համար, դա փաստաթղթի գլխամասային համարն է, եւ եթե փաստաթուղթը ստանում է գլխամասային համար, դա նշանակում է, որ այն պաշտոնական փաստաթուղթ է, եւ համարը սահմանվել է դրա հետագա վկայակոչման, հղուների համար: Իսկ եթե պաշտոնական փաստաթուղթ է, ուրեմն արտահայտում է այդ կազմակերպության պաշտոնական տեսակետը: Ցավալին այն է, որ նման խոսակցություններ 2004-2005-ին նույնպես հնչում էին: Այն ժամանակ Վենետիկի հանձնաժողովը նույնպես Հայաստանի վերաբերյալ կայացրեց մի շարք որոշումներ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին:

– Հաշվի առնելով այն, որ այս բոլոր քննարկումներից հետո երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որտեղ դատական բարեփոխումների ոլորտում ՀՀ իշխանությունների եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ գործակցությունը բնորոշվում է բեղմնավոր, հետեւաբար այս հայտարարությունն ու այն արձանագրությունը, որը ավելի վաղ էր հրապարակվել, հակասության մեջ չե՞ն մտնում:

– Հակասություն չկա: Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ տարբեր կառույցներ հայտարարել են, որ բարձր են գնահատում այս իշխանությունների քաղաքական կամքը, անձամբ ես էլ բարձր եմ գնահատում իշխանությունների կամքը իրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց միեւնույն ժամանակ ԵԽ մարմիններն անընդհատ հիշեցնում են, որ բարեփոխումները պետք է արվեն սահմանադրականության շրջանակում՝ հարգելով մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Անընդհատ այդ մասին շեշտվում է: Մեր հասարակությունում կա մի թյուրըմբռնում, որ եթե մի բան տեղի է ունենում ժողովրդի կամքով, ուրեմն դա կարելի է իրականացնել ամեն գնով: Ոչ, դա կարելի է իրականացնել՝ հարգելով մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը:

– Փաստորեն, վեթթինգի հետ կապված մեր իշխանությունների ձեռքերը ինչ- որ առումով կապվա՞ծ են, քանի որ ունենք նման դիրքորոշում Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե՞ առանձնապես դա կարեւոր դիտարկում չէ:

– Նրանց ձեռքերը Վենետիկի հանձնաժողովը չի կարող կապել, քանի որ մեծ հաշվով այս որոշումները խորհրդատվական բնույթ ունեն: Ուստի ըստ էության իշխանությունները կարող են իրականացնել այն, ինչ ծրագրել են, դա նրանց ավտոնոմ իրավունքն է, բայց միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ վեթթինգը բազմածավալ գործընթաց է, որ կարող է երկար տեւել եւ դրա ընթացքում անընդհատ բախումներ կլինեն մարդու իրավունքների հետ, եւ այդ բախումները էապես կդանդաղեցնեն պրոցեսը։ Օրինակ, դատավորները իրավունք պետք է ունենա՞ն բողոքարկել վեթթինգի մասին որոշումները, եթե այո, այդ ընթացքում պետք է շարունակե՞ն պաշտոնավարել ու ստանալ աշխատավարձ, եթե այո, բողոքարկումը պետք է արվի ընդհանուր կարգով, թե՞ առանձնացված վարույթով, քանի որ առաջինի դեպքում բողոքարկումը կարող է տեւել ամիսներ, իսկ գուցե տարիներ, եւ այլն։ Եվ մի շարք այլ հիմնարար մարդու իրավունքներ նույնպես հարկ կլինի հարգել: Եվ իշխանությունները պետք է ունենան բավարար քաղաքական, նաեւ կազմակերպչական, ինտելեկտուալ ռեսուրսներ, որ բոլոր այս բարդությունները հաղթահարեն: Արդյունքում կլինեն մեծ դժվարություններ: Առաջին դժվարությունն արդեն կա. բախումը տեղի ունեցավ ԵԽ-ի հետ, այն, ինչ մենք ասում էինք դեռ սեպտեմբեր ամսին: Կրկնում եմ, դեմ չենք, որ դատավորների կազմում իրականացվեն ինչ-ինչ բարեփոխումներ, բայց դա պետք է արվի հարգելով օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները: Իսկ դա բավականին դժվարացնելու է գործընթացը: Հարց է առաջանում՝ արդյոք արժե՞ մտնել այդ ամբողջի տակ, երբ 47 երկրներից միայն մեկում՝ Ալբանիայում է իրականացվում վեթթինգ եւ այդ մեկում էլ իրականացվում է ոչ թե ԵԽ, այլ Եվրոպական միության պահանջով: Դրանք տարբեր կազմակերպություններ են, որոնց մեջ կան հակասություններ: ԵՄ-ի բազմաթիվ օրենսդրական նորմեր հակասում են ԵԽ նորմերին: Բավական է միայն նշել, որ մի քանի տարի առաջ ԵՄ արդարադատության դատարանը ԵՄ օրենսդրությանը հակասող ճանաչեց ԵԽ-ին անդամակցելու մասին համաձայնագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այսինքն՝ ԵՄ եւ ԵԽ իրավական կառուցակարգերի միջեւ կան այնքան հակասություններ, որ չի կարելի ասել, թե ԵՄ կողմից առաջարկվող իրավական բարեփոխման որեւէ փաթեթ ինքնին չի կարող հակասել ԵԽ նորմերին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031