Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Էջմիածնում կրակելով սպանել են անտուն շներին, այդ թվում՝ ստերջացվածներին

Հուլիս 19,2019 23:07

Վերջին օրերին՝ հուլիսի 17-ից սկսած, Էջմիածնի մի շարք թաղամասերում ժամը 00:04-00:07-ն ընկած ժամանակահատվածում կրակելով սպանել են 7-8 անտուն շների: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին հայտնեց «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի համակարգող Գոհար Մանուշակյանը: «Շների կազմակերպված սպանդ է տեղի ունեցել՝ բնակելի վայրերում: Կենդանիների դիերի վրա կան հրազենի հետքեր: Մեկ շուն է միայն ողջ մնացել, որը կլինիկայում գտնվում է բուժման մեջ: Կրակողները, միանշանակ, եղել են որսորդներ, որովհետեւ կենդանիներին կրակել են որսորդական զենքերից: Մի դեպքում բնակիչները տեսել են առանց համարանիշի արծաթագույն «Մերսեդես», որից կրակել են, մի դեպքում էլ բնակիչը ճանաչել է կրակողին, բայց վախեցել է անուն տալ»,-տեղեկացրեց Գոհար Մանուշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչեւ Էջմիածնի նոր քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտրությունը շներին ամեն օր կրակելով սպանել են. «Նոր քաղաքապետի օրոք սա նման առաջին դեպքն է, որովհետեւ փետրվարից Էջմիածնի քաղաքապետարանն ու Երեւանի անասնաբուժական կլինիկաներից մեկը համատեղ իրականացրել են շների ստերջացման ծրագիր: Ի դեպ, կրակված շների մի մասը ստերջացված է եղել: Քաղաքապետարանը կատարվածի մասին մեր միջոցով է տեղեկացել: Իրենք էլ են հաղորդում տվել ոստիկանությանը»:

Հավելենք, որ կատարվածի առնչությամբ այսօր գրառում է կատարել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը. «Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման շուրջ: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար: Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Դինգո թիմ»-ի եւ Էջմիածնի բնակիչների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031