Լրահոս
Օրվա լրահոսը

Քամելիոն պլյուս խաչվող իրականություններ՝ գինու լեզվով

Հուլիս 19,2019 22:44

Գերմանաբնակ հայ նկարիչ Արարատ Հայդեյանի եռաչափ «Քամելիոն» նկարը հայտնվել է «Մալահի» հայկական գինու պիտակին: Հայաստանի գինեգործների միության նախագահ եւ «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը AGBU գրասենյակի այգում ներկայացրեց իրենց «Մալահի» գինիները: Ասաց, որ այս գինու կարգախոսն է՝ երբ խաչվում են զուգահեռները, այնպես որ յուրաքանչյուրի գինով լի գավաթում խաչվող զուգահեռներ են:

Նրա խոսքերով, Սեւ Մալահին հայկական խաղողի աբորիգեն սորտ է, որը Սեւ Արենին է, այս գինում զուգահեռված է երկու իրականություն՝ հանդարտ Արենին՝ անհիշելի ժամանակներից կուտակված իմաստությամբ , նրբությամբ եւ տտիպությամբ պարուրված հանդուգն արգենտինյան Մալբեկն ու Խնդողնին:

Ինչ վերաբերում է Սպիտակ Մալահիին, Հայաստանի գինեգործների միության նախագահի խոսքերով, նրանում էլ երկու իրականություն է միահյուսված՝ Ոսկեհատն ու Արենին՝ ազնվազարմ տիկնոջ չխամրող հմայքով եւ ֆրանսիական քնքուշ Ալիգոտեն:

«Շնորհակալություն, որ այս ճռճռան շոգին ժամանակ գտաք ու եկաք մեր գինու շնորհանդեսին»,-ասաց Ավագ Հարությունյանը: Նաեւ հավելեց, որ գինու միջոցով փորձել են վերականգնել պատմական արդարությունը հենց գինու հանդեպ:

Արարատ Հայդեյանը նշեց, որ շատ ուրախ է ներկա լինել միջոցառմանը: Նա պատմեց, թե ինչպես է Ավագ Հարությունյանը գեղեցիկ հայերենով գրված նամակով պատմել Մալահիի ստեղծման մասին ու առաջարկել, որ իր նկարը լինի գինու պիտակին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031