Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամեն շաբաթ կյանքի գնով բերման եմ ենթարկում գեթ մեկ «Իմ քայլականի». Դավիթ Սարգսյանը խնդիր է դրել «Երկիր մեդիա» կանչել 44 պատգամավորի

Հուլիս 19,2019 22:00

«Հայաստանում երբեք լրատվամիջոցների ճամբարավորումն այնքան խորը չի եղել, որքան այսօր: Ինձ ամենաշատն անհանգստացնում է լրագրողների ճամբարավորումը: Եթե քաղաքական գործիչներն իրար հայհոյում են, դա իրենց գործն է, բայց երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են սկսել ավելի շատ պաշտպանել իրենց տերերին, քան լրագրողներին, դա մտահոգիչ է»,- այսօր «Բռնության եւ ատելության խոսքը» թեմայով քննարկմանը այսպիսի տեսակետ հայտնեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Դավիթ Սարգսյանը:

Նա ասաց, որ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել բացարձակ հարցազրույց չտալ որոշ ԶԼՄ-ների. «5-րդ ալիքը դասական օրինակն է: Ես ամեն շաբաթ կյանքի գնով բերման եմ ենթարկում գեթ մեկ «Իմ քայլականի»: Ես ինքս եմ իմ հաղորդման տերը, պրոդյուսեր չունեմ, անասելի ջանքեր եմ գործադրում, առավոտից երեկո խոսում եմ բոլոր «Իմ քայլական» պատգամավորների հետ, որ գեթ մեկը համաձայնի գա ինձ հյուր: Համոզված եմ, նույն վիճակն է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության դեպքում, որովհետեւ այնտեղ էլ գնալով ավելի քիչ եմ տեսնում «Իմ քայլականի»: Տրամագծորեն հակառակը տեսնում եմ Հանրային հեռուստաընկերության դեպքում, որտեղ ամեն օր նստած է «Իմ քայլական»: Չկա այնտեղ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ: Ամեն օր Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլից» մեկն է: Ես ուզում եմ հասկանալ՝ հյուրերի ընտրությունը Հանրայինն ինչպե՞ս է կատարում: Հանրայինում աշխատել եմ 6 տարի, երբեք իր որեւէ փուլում չի փայլել կարծիքների բազմազանությամբ, բայց հիմա Հանրային հեռուստաընկերությունում ավելի վատ վիճակ է, քան 2011-2016-ին, երբ ես այնտեղ աշխատում էի: «Իմ քայլականները», միգուցե անգամ ոչ իրենց նախաձեռնությամբ, հարցազրույցներ տալիս են Հանրայինին, «Ազատություն» ռ/կ-ին եւ հարցազրույցներ չեն տալիս «Երկիր մեդիային», «Կենտրոնին», առավել եւս՝ 5-րդ ալիքին: Ես ուզում եմ հիշել, համեմատել 2-3 տարի առաջվա իրողությունների հետ, չեմ կարծում, որ նման բան կար: Հեռուստաընկերությունների դռները բաց էին քաղաքական ուժերի առջեւ, ամենեւին ոչ բոլոր ՀՀԿ-ականներն էին գալիս, բայց չկար քաղաքական որոշում կայացված՝ հարցազրույց չտալու այս կամ այն հեռուստաընկերությանը եւ հարցերին ի պատասխան՝ թիրախավորելու լրագրողին կամ ԶԼՄ-ին: Ամենասարսափելի բանը, որ կարող է լինել, այն է, երբ դու հարցի պատասխանը ստանալու փոխարեն ստանում ես թիրախավորում: Վերջին «Իմ քայլականը», որ ինձ հյուր էր եկել, իմ ամեն հարցից հետո ինձ ասում էր՝ ես ձեր հարցի մեջ միտում եմ տեսնում»:

Դավիթ Սարգսյանն ասաց, որ այդ պատգամավորը Համազասպ Դանիելյանն էր:

Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ իր առջեւ խնդիր է դրել. «Ուզում եմ հասնել նրան՝ բերել բոլոր 88 «Իմ քայլականներին», ես դեռեւս բերել եմ 44-ին՝ ուղիղ կեսին: Ես մինչեւ հաջորդ տարի էս փուլը, եթե քաղաքական իրողությունները չփոխվեն, խնդիր եմ դրել՝ մնացած 44-ին պիտի բերեմ՝ կյանքի գնով: Ես էդ մարդկանց հետապնդում եմ արդեն: Դա իմ լրագրողական խնդիրն է ու ես ուզում եմ հասնել դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031