Լրահոս
Օրվա լրահոսը

23 նոր աշխատատեղեր՝ հեռավոր, դատարկվող Ամասիայում․ բացվեց բրդի գործարանը (Ֆոտոշարք)

Հուլիս 19,2019 19:40

Այսօր Ամասիայում պաշտոնապես բացվեց բրդի գործարանը, որ հիմնվել է Եվրամիության աջակցությամբ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության ծրագրի» շրջանակում։ Գործարանի բացմանը մասնակցում էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության  և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ Եվրամիության դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց չեխական «Մարդը կարիքի մեջ» հ/կ-ին, որը  կողմից էլ իրագործվել է ծրագիրը։

«Երբ մենք սկսեցինք ծրագիրը, որը կազմում էր մի շարք պիլոտային, փորձարարական ծրագրերի մաս, մենք մի փոքր այլ գաղափար ունեինք, բայց իմ գործընկերները մոտեցան ինձ և ասացին՝ լսիր, այս ծրագիրն այնքան յուրահատուկ է , պետք է անպայման ծանոթանալ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաջարկին։ Իհարկե, ես համաձայնեցի, բայց պիտի նշեմ, որ ամենամեծ առավելությունն այն էր, որ այս ծրագիրն իրականացվելու էր Ամասիայում։ Ես 2016 թվականին այցելեցի Ամասիա, ծանոթացա տարածաշրջանի հետ, տեսա, որ Ամասիան կարիք ունի նոր պլանների»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Ամասիա խոշորացված համայնքի համայնքապետ Ջեմմա Հարությունյանն էլ իր ելույթում նշեց, որ Ամասիայում ստեղծվել է 23 նոր աշխատատեղ (այս պահին գործարանում փաստացի 16 հոգի աշխատում է, Ա․Ն․), որը մեծ նվաճում է համայնքի համար։ Համայնքապետը նաև նշեց, որ բրդի գործարան հիմնելու նպատակներից մեկն էլ տարածաշրջանում ոչխարաբուծությունը զարգացնելն է։

«Մեր ֆերմերները համոզվեցին, որ այդ գործարանի ստեղծմամբ հնարավորություն ունեն բուրդ մթերելու, իրենց աչքով տեսան, որ բուրդն արժեւորվում է, հետևաբար և նրանք ավելի շատ կզբաղվեն ոչխարաբուծությամբ, իսկ մեր համայնքում ոչխարաբուծության զարգացման համար մեծ հեռանկարներ կան, ունենք ալպիական արոտավայրեր»,-ասաց համայնքապետը։

Նա նաև նշեց, որ աշխատատեղերի ստեղծումն ու ֆերմերային տնտեսության զարգացումը կնվազեցնի արտագաղթը, որը բավական շատ է Ամասիայից:

Գործարանի տնօրեն Աբրահամ Թադևոսյանն էլ Aravot.am զրույցում նշեց, որ  արտադրում են 7 տեսակի թելեր, տարբեր կտորներ ՝ սկսած վերարկուից մինչև ամենատարբեր գործվածքների համար։ Անկողնային պարագաների համար էլ կիսաֆաբրիկատներ են արտադրելու՝ շերտավոր, մեկ մետր լայնությամբ։

Ըստ տնօրենի, իրենք ունեն գերժամանակակից սարքավորումներ, կադրերն էլ համապատասխան դասընթացներ են անցել, շուտով գործարանը կաշխատի իր ողջ հզորությամբ։ Տնօրենն ասաց, որ շուկայի խնդիր էլ չունեն, շուկան ուսումնասիրված է, բոլորը պատրաստ են իրենց հետ համագործակցելու։

Նշենք, որ Ամասիայում տեղական բուրդն ունի 16 գունային երանգ, և այդ բրդատեսակը շատ հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։

Այս ծրագրով Շիրակի մարզում 60 կայուն աշխատատեղեր կստեղծվեն։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ բրդի գործարանի բացումը հնարավորությունների բացում է, և ոչ միայն Ամասիայի համար։

«Այն ապրանքը, որ արտադրվելու է այստեղ, ամբողջ Շիրակի մարզի, եթե ոչ ամբողջ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի վրա մեծ ազդեցություն է  ունենալու»,- ասաց Շիրակի մարզպետը։ Նա նշեց, որ արտադրանքը կօգտագործվի տեքստիլ ու կարի արդյունաբերության ոլորտում։

Եվրամիության դեսպանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է այս ծրագրի իրագործմամբ Ամասիայում։ Նա մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ Գերմանիայի և Ավստրիայի իրենց գործընկերները շուտով Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում նոր ծրագրեր են իրականացնելու, որով կզարգացնեն տուրիզմը և գյուղատնտեսությունը, իսկ բյուջեն կլինի 30 միլիոն եվրո։

Պյոտր Սվիտալսկին վստահություն հայտնեց, որ Հայաստանում իրեն հաջորդող դեսպանը կշարունակի  իր սկսած քաղաքականությունը․ ուշադրություն կդարձնի մարզերի զարգացմանը, մասնավորապես աղքատ տարածաշրջանների։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031