Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն նստավայրում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) հրապարակվեց Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանն այն մերժեց:
Aravot.am-ի հետ զրույցում Արման Արզումանյանը տեղեկացրեց՝ որոշումը դեռ չեն ստացել ու մանրամասնեց. «Մեզ փոստով կառաքեն: Իսկ որոշումն աներկբա բողոքարկվելու է: Մենք համարում ենք, որ ճիշտ ենք մեր դատողություններում: Թե որոշումն ինչ հիմնավորմամբ է կայացվել, չգիտեմ, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք՝ Արման Արզումանյանը նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Մկրտումյանի գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տրվի, սակայն միջնորդությունը մերժվել էր, Արման Արզումանյանը բողոքարկել է դատարան:
Ըստ պաշտպանի՝ Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Գոռ Մկրտումյանը սկզբում իր մոտ գտնվող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, և այդ ընթացքում Արման Մկրտումյանը ինչ-որ առարկայով հարվածներ է հասցնում Ռիժենկոյի մարմնի տարբեր մասերին: Տեսանյութից երևում է, որ ինքնաձիգն արդեն գտնվում է Գոռ Մկրտումյանի ձեռքում և դրանով հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյին: Ըստ պաշտպանի՝ այդ պահին զինված հարձակումն արդեն դադարած է եղել:
Կարդացեք նաև
Պաշտպանի խոսքով՝ Հովհաննես Ռիժենկոն գրեթե ուշաթափ է եղել, չի կարողացել կառավարել մարմինը՝ կոորդինացիան կորցրել և տեսողությունը մթագնել է՝ հաշվի առնելով, որ դեմքին կրակել են գազային ատրճանակով:
Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել, Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։ Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։ Հարուցվել էր քրեական գործ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ