«Թափուկի բաշխումն ամենացավալի խնդիրն է եղել, որի մասին բազմիցս խոսվել է, սակայն խնդրի լուծման ուղղությամբ մեր կատարած նորարարություններից է թափուկի բաշխման կարգը՝ համայնքների պահանջով դրանք դուրս են բերվում համայնքների կողմից ներկայացված ցուցակների համաձայն, եւ մատակարարվում բնակիչներին, սա այն քայլն է, որ թափանցիկություն փորձեցինք մտցնել»,-այսօր այս մասին «Հոդված 3 » ակումբում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը՝ Իջեւանում անտառահատումների համար բողոքի ցույցերի շուրջ քննարկմանը:
Կարապետյանն անդրադառնալով հարցին՝ արդյոք փայտանյութի պահանջարկը համապատասխանում է անտառային պաշարներին, ասաց՝ մեր անտառներն ի վիճակի չեն լիարժեք բավարարել բնակիչների պահանջարկը, ուստի որոշ դեպքերում ուժ է կիրառվում ապօրինի անտառահատումների դեմ:
Քննարկման մասնակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանն ասաց՝ կառավարությունն ունի հստակ մոտեցում, տեսլական՝ բնության պահպանումը առանցքային է լինելու, բնությունը գերշահագործել սոցիալական խնդիրների լուծման համար՝ պետք է բացառել: Գալստյանը վստահեցրեց՝ միեւնույն ժամանակ քաղաքացիներին պետք է առաջարկել այլընտրանք.«Կարեւոր է հասկանալ, որ բնական ռեսուրսների կայուն կառավարելը կարելի է այնպես անել, որ դրանք որոշակի եկամտի աղբյուր լինեն տվյալ համայնքների համար»: Գալստյանը որպես օրինակ բերեց էկոտուրիզմը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց՝ 30 տարի առաջ ստանալով անտառապատ տարածքներ՝ 11-12 տոկոս, այսօր ունենք դրա ուղիղ կեսը: Անտառապատ տարածաշրջաններում սոցիալական խնդիրները, ըստ Բագրատյանի, որոշակիորեն լուծվել են անտառների հաշվին եւ ոչ կանոնակարգված: Պատգամավորը նկատեց՝ եթե պատերազմական կամ ծանր իրավիճակներում ինչ-որ առումով հասկանալի էր նման երեւույթը , ապա հիմա դա՝ ապօրինի անտառահատումները պետք է բացառել. «Մենք պետք է գույքագրենք մարդկանց կարիքները, սակայն այդ կարիքները չպետք է լուծվեն ծառահատումների միջոցով: Պետք է լուծենք մարդկանց, սոցիալապես անապահով մարդկանց ամենօրյա ապրելու խնդիրները: Տարիներ շարունակ տնտեսվարող սուբյեկետներն ունեցել են կայուն եկամուտ, պայմանական ասած՝ օրական 5-10 հազար դրամ են տվել… հիմա նրանք, որոնք օրենքից դուրս են, չեն հաշտվում իրավիճակի հետ, այն 10 հազար դրամները, որ վճարում էին մարդկանց, նրանցից պահանջում են մասնակցել ցույցերին: Հարցը դրվելու է այսպես՝ ուզո՞ւմ ես աշխատես օրական 10 հազար դրամ՝ ուրեմն պետք է բողոքես: Սա տնտեսվարողների շահերը սպասարկող կազմակերպված ցույց է: «Թրեյնինգը» լավ էին անցկացրել: Կային առանձին քաղաքացիներ, որ ասում էին՝ ո՞ւր են սղոցարանի տերերը: Այսինքն՝ մարդիկ տիրապետում էին տեղեկատվությանը, եւ հասկանում էին, որ լավ քողարկված ցույցեր են: Այս իմաստով մենք գործ ունենք նոր երեւույթի հետ, սոցիալական կազմակերպված բողոքի, որը կարող ես օգտագործել նաեւ քաղաքական նպատակով: Պետք է այլընտրանք առաջարկենք, նրանք զրկվել են եկամտից, տարեկան 1-1,5 միլիոն դրամ: Հիմա մարդիկ ցույց են անում, որովհետեւ կորցնում են այդ գումարը, տվեք աշխատանք՝ նման բան չենք անի»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ նրանց 200 հազար դրամով աշխատանքի առաջարկություն եղել է, պատգամավորն ասաց, որ դա ժամանակավոր աշխատանք է, մարդիկ պահանջում են մշտական եւ կայուն աշխատանք:
Քննարկման մասնակից , «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն էլ ասաց, որ Հայաստանը չունի արտադրական ծավալի անտառներ, մեզ մոտ հատումները պետք է լինեն սանիտարական եւ խնամքի նպատակով: Նա նկատեց, որ անցյալ տարի 3 անգամ ավելացվեցին օրինական հատումների ծավալները՝ մոտ 90 հազար խմ, այս տարի մոտ՝ 15 հազար:
ՄԱԿ-ի հետազոտությունը ցույց է տալիս, ինչպես փորձագետն ասաց, որ տարեկան Հայաստանում սպառվում է 1,5 միլիոն մետր վառելափայտ, եւ սա խոսում է այն մասին, որ ե՛ւ պահանջարկը կա, ե՛ւ վառելափայտը կա, նույնիսկ Արցախի անտառներից էին բերում: «Այստեղ կա բիզնես շահ, որը կազմակերպված իրականացնում է բողոքի ցույցերը: Իջեւանի պարագայում ահազանգ եղավ, որ ինչո՞ւ պետությունը չի բռնում անտառ կտրողի ձեռքն այն պահին, երբ հատում է: Այսօր մենք տեսնում ենք բողոք՝ թույլ տվեք արդեն կտրած ծառերը անտառից արտահանենք»:
Բուռնազյանն ասաց, որ պետք ուժեղ հսկողություն լինի, քանի որ անտառապահները չեն կարող միանձնյա հսկեն: Նա նաեւ նկատեց՝ հասարակ գյուղացին ինքնուրույն չի կարող այդ ահռելի գործն անել՝ հատուկ գործիքներով, մեքենաներով մտնել անտառ ու հատել. «Ուժային կառույցները պետք է համագործակցեն անտառը պահպանող կառույցների հետ, բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանանք սոցիալական խնդիրները: Այսօր անգամ գազիֆիկացված գյուղերում հրաժարվում են գազ օգտագործել»:
Բուռնազյանն ասաց, որ եթե կա սոցիալական լուրջ խնդիր, ապա պետությունն այլընտրանքային ծրագրեր պետք է իրականացնի այն մարդկանց համար, որոնց եկամուտը անտառահատումն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ