«Կառավարության խոստացած 45 օրը լրացել է. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ենթակապալառու ընկերությունները կրկին փաստի առաջ են: Հիշեցնենք՝ Aravot.am-ն անդրադարձել էր այս խնդրին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող գլխավոր կապալառուներից «Կորսան Կորվիամ» ընկերության ենթակայության 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններն իրենց կատարած շինաշխատանքների համար գումար չեն ստանում 2018-ի օգոստոսից։
Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն ի նշան բողոքի մայիսի 30-ին փակել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Մայիսի 31-ին նրանց ընդունել էին կառավարությունում: Ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ ենթակապալառու ընկերությունները սպասեն մեկուկես ամիս: Կառավարությունից խոստացել էին, որ այդ ընթացքում կբանակցեն «Կորսան Կորվիամ» ընկերության հետ, և հարցը կհանգուցալուծվի։
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը 21 կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը նշեց, որ «Կորսան Կորվիամ» իսպանական ընկերությունն իրականացրել է հյուսիս-հարավ մայրուղու երեք հատվածների շինաշխատանքները: Մինչև 2018-ի առաջին կիսամյակը ենթակապալառուների հետ փոխհարաբերություններում չեն եղել խնդիրներ. «Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքների դիմաց Կորսանն արդեն հոկտեմբեր-նոյեմբերին հրաժարվել է կատարել վճարումներ՝ պայմանավորելով կառավարության կողմից նախագիծը չֆինանսավորելու հանգամանքով: Կազմակերպությունները տարբեր եղանակներով՝ բանակցային, գրավոր, ֆորմալ, դիմեցին Կորսանին, որ կատարի պարտավորությունները, բայց մինչև տարեվերջ արդյունք չունեցանք: Ենթակապալառուները դիմեցին կառավարությանը, որ պարզաբանվի՝ կառավարությունը ֆինանսավորե՞լ է, թե՞ ոչ և որն է կառավարության անելիքը: Այդ ժամանակ կառավարությունը մեզնից ժամանակ խնդրեց, որ տիրապետեն այս խնդրին: Մինչև հունիս որևէ առարկայական տեղաշարժ տեղի չունեցավ: Մեզ հայտնի է, որ կառավարությունը բանակցություններ է վարում Կորսանի հետ հետագա գործընթացի մասով: Եվ հուլիսի 1-ին կառավարությունում հանդիպում տեղի ունեցավ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, որտեղ պայմանավորվեցինք, որ կառավարությունը ժամկետ սահմանի, որ կարողանա Կորսանի հետ բանակցություններում հասնել արդյունքի: Տրվեց 45 օրվա ժամկետ, որի ընթացքում մենք կառավարությունից պարբերաբար ստացել ենք ընդհանուր բնույթի տեղեկություններ, որ բանակցությունների սեղանին դրված հարցերից ամենակարևորը ենթակապալառուների գումարների վճարման հարցն է: Բայց մենք այդպես էլ չստացանք լիարժեք պատասխան, որ որևէ հարց լուծվել կամ չի լուծվել: Իմ կապը եղել է պարոն Սիսեռյանի հետ, նա ներկայացրել է, որ բանակցություններում խոսվել, քննարկվել է այս հարցը, ներկայացվել են ընդհանուր բնույթի տեղեկություններ: Նա ասաց, թե հուսով են՝ մինչև ամսվա վերջ, կամ մյուս ամսվա սկիզբ կլինի արդյունք: Բայց 45-օրյա ժամկետը սպառվել է, և չունենք որևէ արդյունք»:
Իրավաբանն ասաց՝ չեն ժխտում, որ կառավարությունը վարել է բանակցություններ, բայց կազմակերպություններին և պարտատերերին ավելի քիչ է դա հետաքրքրում, քանի որ մարդիկ ակնկալում են հարցի լուծում:
Կարդացեք նաև
Արմեն Սաքապետոյանն ասաց, որ իրենց կոչը կառավարությանը նա է, որ ընդունի պահանջի իրավունքը այս կազմակերպությունների՝ որպես իր պահանջ, վճարի կազմակերպություններից հյուսիս-հարավի կառուցապատման համար նախատեսված միջոցներից և հետագա բանակցությունների ժամանակ Կորսանից պահանջի այդ գումարները: Իրավաբանը վստահեցրեց, որ ենթակապալառու ընկերությունները չունեն այդ գումարները, որ գնան, դիմեն միջազգային արբիտրաժներ:
Ժակշին ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկել են կառավարությանը, որպեսզի պարտքի զիջում անեն. Կորսանի պարտքի զիջում անեն կառավարությանը և Կորսանի պարտքի գումարը կառավարությունը վճարի իրենց. «Կառավարությունից տեղեկություններ ունեցանք, որ ամսի 12-ին եռակողմ պայմանագիր կազմվել է, ուղարկվել Մադրիդ, որ կնքվի, բայց դրանից հետո եղել են էլի գործողություններ, որ պայմանագիրը Կորսանի հետ չեն երկարաձգում: Ըստ Կորսանի տեղեկության՝ եղել է այն պայմանավորվածությունը, որ պետք է պայմանագիրը երկարաձգվի, և մեր պարտքերը կառավարությունը ստանձնի ու վճարի՝ ըստ պարտքի զիջման: Կառավարությունում չեն ժխտում, որ եռակողմ պայմանագիրն ուղարկել են Մադրիդ և չեն ժխտում, որ երեկ ծանուցել են Կորսանին, որ իրենց պայմանագիրը չի երկարաձգվում: Կորսանում էլ ասում են, որ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ պայմանագիրը երկարաձգվեր, ու մեր պարտքերը վճարեին: Մենք կանգնել ենք փաստի առաջ, որ ոչ մի ձև այս հարցի լուծումը չի ստացվում: Կոչ ենք անում կառավարությանը, որ նա մեր պարտքերը վճարի, հետո եթե Կորսանի հետ գնալու են դատական պրոցեսների մեջ՝ հինգ միլիոն ավելով կամ պակասով, քանի որ Կորսանն ունի կառավարության մոտ երաշխիքային գումարներ և բանկային երաշխիքներ ու պահումներ: Կորսանը ժամանակին առաջարկել է պահումների տասը տոկոսը նվազեցնել, դարձնել հինգ, որը բավարար է մեր բոլոր կազմակերպությունների գումարները վճարելու համար: Սիսեռյանն ասաց, որ այդ հարցը կքննարկեն ու ինչ-որ պատասխան կտան, բայց առ այսօր չունեն պատասխան: Այնինչ մենք ունենք մեծ հարկային պարտավորություններ և այլն: Այսօր բոլորս անդունդի առաջ ենք կանգնած»:
Գուրգեն Հովհաննիսյանը հստակեցրեց՝ 21 կազմակերպություններին պարտքը կազմում է 2 միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ:
Հարցին՝ ի՞նչ քայլերի են դիմելու, իրավաբանը պատասխանեց. «Իրավական ճանապարհը մադրիդյան դատարան դիմելն է, այսինքն՝ բոլոր կազմակերպությունները միավորվեն և դիմեն դատարան: Բայց Կորսանի՝ սնանկ լինելու հանգամանքը դեռ չի նշանակում, որ այդ գումարները հասանելի կլինեն այդ կազմակերպություններին: Իսկ ներպետական որևէ լուծում չկա»:
Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը տեղեկացրեց՝ այսօր առավոտյան եղել են նախկին փոխնախարար Բադալյանի մոտ, պարզվել է, եթե եռակողմ պայմանագրերը հաստատված, ստորագրված լինի Կորսանի կողմից, նրանք կներկայացնեն կառավարական խորհուրդ, որ Կորսանից հետո պահված գումարները կարող են վճարել մեզ, բայց ոչ ամբողջությամբ. «Բայց մենք քիչ հավանական ենք համարում, որ Կորսանը կստորագրի, քանի որ եղել է հայց կառավարության կողմից Կորսանին պայմանագիրը խզելու հետ կապված: Այսինքն՝ Կորսանը չի շարունակելու կատարել ճանապարհի աշխատանքները»:
Ամփոփելով Գուրգեն Հովհաննիսյանն ասաց. «Կորսան Կորվիամ» ընկերության՝ կառավարության հետ պայմանագրի վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Կառավարությունը՝ խզելու դեպքում պարտավոր էր 14 օր առաջ տեղեկացնել: Երեկ տեղեկացրել են, որ խզելու են պայմանագիրը Կորսանի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս քանի օրվա մեջ աչալուրջ որոշում կլինի մեր հարցի վերաբերյալ, կերկարաձգվի պայմանագիրը: Օգոստոսի 1-ին պարզ կլինի, թե ինչ է: Եթե մինչև օգոստոսի 1-ը մեր հարցը ինչ-որ լուծում ստանա, մենք մեր կառավարությանը ու Աստծուն փառք կտանք, եթե ոչ, կորոշենք մեր ակցիաները շարունակել, թե ինչ ձևաչափով, հետագայում կասենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի