Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել իջեւանցու բառերից՝ ես իմ երեխային շուտ եմ քնեցնում, որ լրացուցիչ անգամ նա ուտել չուզի». Նաիրա Զոհրաբյանը՝ ցույցերի մասին

Հուլիս 19,2019 15:51

«Ես կողմնակից եմ, որ տուգանքները մեծացվեն ապօրինի ծառահատման համար, դա՝ միանշանակ է: Մենք պիտի հասկանանք՝ որքանո՞վ են իրավաչափ ոստիկանների գործողությունները: Այն, որ որեւէ մեկը չպիտի ունենա ինդուլգենցիա ապօրինի ծառահատման՝ դա փաստ է եւ այստեղ ես պաշտպանում եմ վարչապետի տեսակետը: Որեւէ մեկը չպիտի գնա եւ ապօրինի ծառահատման ենթարկի անտառները»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Տավուշում ցույցերի մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ սանիտարական հատումների դեպքում պետք է թույլատրվի, որ մարդիկ ամենօրյա կարիքների համար դրանից օգտվեն, բայց այստեղ կա նաեւ հարցի մյուս կողմը՝ բա այդ մարդկանց այլընտրանքային ի՞նչ պետք է առաջարկվի. «30 եւ ավելի տարիներ շարունակ դրանով են զբաղված եղել, չի եղել աշխատանք, չի եղել այնպիսի կազմակերպված պետություն, որ այդ մարդկանց առաջարկվեր աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անեն՝ պիտի համալրեն արտագաղթի ավտոբուսների թիվը: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե պիտի տանեն էսկալացիայի, բախումը հրահրեն, այլ պիտի նստեն կառավարությունը, համայնքը, մարզային իշխանությունը լուծումները գտնեն: Ապօրինի ծառահատումներ չպիտի լինեն, երկու կարծիք լինել չի կարող, բայց ի՞նչ է առաջարկվում մարդկանց: Երբ որ ես երեկ լսում էի մի իջեւանցու, որն ասում էր՝ ես իմ երեխային շուտ եմ քնեցնում, որ մեկ լրացուցիչ անգամ նա ուտել չուզի, որովհետեւ չեմ կարող նրան օրը 3 անգամ կերակրել, գիտեք, ամբողջ գիշեր ես չեմ կարողացել քնել էդ երիտասարդի բառերից: Լավ, բա ի՞նչ անեն էդ մարդիկ: Տարածքային կառավարման նախարարը հայտարարեց, որ այս պահին աշխատանք կա ու այնպիսի թիվ ասեց՝ օրը 17 հազար դրամ, որ անգամ ինձ համար գայթակղիչ թիվ է: Եթե կա օրը 17 հազար դրամով աշխատանքի առաջարկ եւ իրենք հրաժարվում են, ապա ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են հրաժարվում, որովհետեւ ես չեմ կարծում, որ անտառ հատելը ֆիզիկական առումով ավելի թեթեւ աշխատանք է, քան այն, ինչ իրենք առաջարկում են՝ 200 աշխատատեղով»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս ամբողջ թնջուկին ծանոթանալուց հետո հրապարակային հայտարարություն կանի:

Հարցին՝ ցույցերն ուղղորդված լինելու մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ուղղորդված է, որովհետեւ էդ մարդկանց հետ տարիներ շարունակ շփվել եմ, իրենց եկամտի միակ աղբյուրը եղել է դա: Ցավոք, նրանցից շատերի հետեւում կանգնած են եղել հայտնի մարդիկ, նրանց անունները երեւի թե հիմա կհրապարակեն, ովքեր ուղղակի թալանել են մեր անտառները եւ այսօր մենք ունենք բնապահպանական աղետի կարմիր սահմանագիծ՝ անտառածածկ տարածքների հետ կապված: Ես ինձ չէի հարգի, եթե կոչ անեի, ասեի՝ գնացեք ու ոչնչացրեք անտառները, բայց կոչ եմ անում կառավարությանը այդ մարդկանց աշխատանք տալ, որովհետեւ մարդիկ պիտի կարողանան իրենց ընտանիքները պահել, այլապես այդ մարդիկ դառնալու են արտագաղթի ավտոբուսների հերթական հաճախորդները եւ դա լուծում չի»:

Մեր հարցին՝ նրանց հետեւում բիզնես անողները չե՞ն կանգնած՝ նա պատասխանեց. «Ես համամիտ եմ ձեզ հետ, որ միգուցե կանգնած են, բայց ես չեմ կարող խախտել որեւիցե մեկի անմեղության կանխավարկածը եւ այս պահին չունենալով ամբողջ փաթեթը, առանց փաստերի հիմա նման հայտարարություն անեմ: Եթե անեմ, կասեք՝ դե տվեք էդ բիզնեսմենների անունները: Ես կարող եմ ենթադրել, բայց ինձ համար շատ ազնիվ էր այն երիտասարդի մղումը, ով ասում էր՝ ես իմ երեխային քնեցնում եմ շուտ, որպեսզի նա երրորդ անգամ ուտելու ցանկություն չունենա: Ես նրան հավատում եմ եւ հավատում եմ»:

Նաիրա Զոհրաբյանն անհանգստություն հայտնեց, թե ինչ էկոաղետի առաջ կկանգնենք, եթե անտառահատումների դեմը չառնենք, ինչպես եղավ ցույցերի. «Տարիներով Սեւանի թալանն էր պատճառը, երբ որ տարիներ շարունակ Սեւանի ափամերձ հատվածները մաքրելու համար բյուջեից տվել են, նաեւ դրամաշնորհներ են տվել, տարբեր բնապահպանության նախարարներ էդ գումարները լափել են, հետո ծլկել են Հայաստանից: Հիմա ի՞նչ, մենք ուզում ենք նույն իրավիճակն ունենալ նաեւ Հայաստանի անտառածածկ տարածքների՞ դեպքում»:

Մենք ճշտեցինք՝ գումարները լափող ու ՀՀ-ից ծլկող նախարար ասելով՝ Արամ Հարությունյանի՞ն նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Դրանից առաջ էլ է եղել: Մեկը ծլկել է, մյուսները մնացել են, չեն ծլկել, բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչպիսի վնասներ են հասցրել նույն Սեւանի էկոհամակարգին ու սա մեկ, երկու տարվա խնդիր չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031