Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանն իրականության հայելի

Հուլիս 19,2019 15:43

Իջևանի դեպքերը ցույց տվեցին, որ ներքին կապը ժողովրդի և մարզային իշխանության միջև բացակայում է: Չի աշխատում նաև իրավապահների գործոնը, քանի որ մասնավորապես ոստիկանության գործառույթների մեջ է մտնում հանցագործությունների կանխարգելումը, ուստի, գնահատելով ժողովրդական դժգոհությունները, սադրիչների առկայությունը, եթե այդպիսիք կային, նրանց վայրկյան առաջ պետք էր մեկուսացնել և արարքներին իրավական գնահատական տալ, իսկ ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ տանել, փորձել փոխհատուցել անտառի հաշվին հացի խնդիր լուծող մարդկանց կորցրած եկամուտը: Սակայն այս ամենը չի կատարվել և արդյունքում մենք ստացանք այն, ինչ ունենք. ոստիկանական զորքեր մտցվեցին Իջևան, ունենք բազմաթիվ վիրավորներ, 13 ձերբակալված, որոնցից ամենայն հավանականությամբ գոնե կեսը մինչ այդ եղել են օրինապաշտ քաղաքացիներ, իսկ այսօր սադրանքների արդյունքում դարձան հանցագործներ:

Սա սարսափելի իրողություն է, այո, համամիտ եմ, որ մասսայական խուլիգանությանը մասնակցած, ոստիկաններին մարմնական վնասվածքներ պատճառած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության`  յուրաքանչյուրն իր չափաբաժնով, սակայն մարզային իշխանության տարբեր օղակները, օպերատիվ իրավիճակը սխալ գնահատած իրավապահները նույնպես չպետք է խուսափեն պատասխանատվությունից:

Խնդիրները խորքային են և եթե դրանք անտեսվեն, ապա ավելի կբարդանան: Հուսալ, որ մարզերում ապրող անձինք ինքնուրույն կլուծեն իրենց հացի խնդիրն առանց պետության միջամտության կամ կընդունեն, որ իրենց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառում, այլ իրենց հարազատների կողմից կատարված հանցավոր արարքներին ուղղակի իրավացիորեն տրվում է քրեաիրավական գնահատական՝ մեղմ ասած միամտություն է:

Հարկավոր է անհապաղ գնահատել վերոնշյալ բոլոր բացթողումները, հաշտվել սեփական ժողովրդի հետ, պատժել օրինախախտներին և սադրիչներին, ներել կամ մեղմացնել վերջիններիս թիրախում հայտնված և ազդեցության տակ ընկած այն քաղաքացիներին, որոնք կատարել են օրինախախտումներ այլ անձանց ազդեցության տակ ընկնելու արդյունքում:

Գտնել այն հեղինակավոր մարդկանց, ովքեր կարող են իջևանցիների և պետության անունից բանակցություններ վարել և հանդարտեցնել իրավիճակը, ստանալ այն արդյունքը, երբ որևէ մեկն անմեղ զոհի կամ պատժից խուսափողի կարգավիճակում չի հայտնվի:

Պատժել այն պաշտոնյաներին, որոնց վրիպելու արդյունքում հնարավոր է դարձել ներկայիս իրողությունը և գուցե հաջողվի նվազագույն վնասներով դուրս գալ այս փակուղուց:

Պետք չէ շարունակել նախկինների սխալները և կողմերի բաժանվելով առճակատման գնալ: Պետք չէ զվարճացնել թշնամիներին՝ չէ որ պատերազմող երկրում «մերոնք» և «ձերոնք» չի լինում:

 Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031