Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողկոմիտեի նախագահ. «Երեխաներն իրար ասում են` գիտե՞ք, տիկին Իվանյանը կասկածյալ է»

Հուլիս 19,2019 15:36

Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը եւ ծնողկոմիտեի այլ անդամներ ցանկանում են սատար կանգնել դպրոցի գործող տնօրեն Մաշա Իվանյանին: Վերջինս մասնակցել էր մայիսի 15-ին դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին եւ 3 «կողմ», 5 «դեմ» ձայների հարաբերակցությամբ չէր հաղթել: Ի պատասխան, մայիսի 16-ին ծնողներն ու աշակերտները մարզպետարանի դիմաց դասադուլ էին արել:

Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը «Տեսակետ» ակումբում ներկայացրեց խնդիրը: Նրա ձեւակերպմամբ, իրենք ներկայացրել են դիմումը` դասադուլ կազմակերպելու վերաբերյալ եւ ինքն ուղեկցել է դասադուլի մասնակիցների երթը դեպի մարզպետարան: Հայաստան Հակոբյանը կարծում է, որ մրցույթի վերջնարդյունքը խորհրդի անդամների ուղղորդված լինելու հետեւանք է եւ իր տպավորությամբ, մարզպետը չի ցանկանում աշխատել տիկին Իվանյանի հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Դպրոցի ծնողկոմիտեի նախագահը զարմացած է, թե ինչո՞ւ են դեմ Մաշա Իվանյանի թեկնածությանը, որը լավագույն տնօրեն է ճանաչվել: Նա նշեց, որ սկզբում կարծում էին, թե «վերեւում» թեկնածու ունեն, բայց երբ նոր մրցույթ հայտարարվեց, «դրսից» ոչ մի թեկնածություն չդրվեց, եւ միայն դպրոցից միայն երկու փոխտնօրեններն էին թեկնածությունները դրել: Տիկին Հայաստանը նաեւ տարակուսած է, որ կառավարման խորհրդում հայտնվել են փոխքաղաքապետի հարսն ու փոխքաղաքապետը, ինչը շահերի բախում է:

Մանրամասները` տեսանյութում

 

Նա տեղեկացրեց, թե ինչպես է փոխվել խորհրդի կազմը, որը մարզպետը ժամկետների խախտումով է հաստատել, նաեւ հայտնեց, որ նամակ է ստացել, որտեղ նշված է, թե պատասխանատվության են ցանկանում ենթարկել իրեն` որպես ցույցի կազմակերպիչ:

Մանրամասները` տեսանյութում

Դասարանական ծնողկոմիտեի նախագահ Քնքուշ Սերոբյանը հավելեց, որ երբ մարզպետի հետ հանդիպման էին, հարց են տվել մարզպետին` կա՞ն փաստեր, որ տնօրենը չարաշահումներ է արել, մարզպետն ասել է, որ չկան: Նաեւ հարցրել են` հնարավո՞ր է Իվանյանի հետ լարվածությունը ՀՀԿ-ական լինելու պատճառով է:

«Մեզ ասացին` ի՞նչ եք ասում, մարզպետարանի գրեթե 90 %-ը Հանրապետական է, դա նշանակում է բոլորին պետք է աշխատանքից ազատե՞նք: Նման խնդիր լինել չի կարող: Մարզպետի պատասխանը սա է եղել»,-նշեց Քնար Սերոբյանը:

Հավելենք, որ ծնողները նամակներ են գրել մի շարք ատյանների եւ հարցի արդարացի լուծում են ակնկալում, քանի որ, նրանց ասելով, տնօրենի անվան եւ անձի շուրջ ոչ բարենպաստ մթնոլորտ է ստեղծվում, եւ իրենց վկայությամբ երեխաներն իրար ասում են` «գիտե՞ք տիկին Իվանյանը կասկածյալ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031