Այսօր «Բռնության եւ ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան քննարկմանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, խոսելով սոցցանցերում կանանց հայհոյանքների մասին, ասաց, որ իրենք հրապարակել են «Հայհոյում են իրական կանայք» նյութեր ու եթե մինչեւ դա հրապարակելը ֆեյսբուքում ամեն երրորդ կինը, որը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, հայհոյանք էր գրում, հիմա ամեն հինգերորդն է, այսինքն, արդյունք է տվել. «Մենք ընթացքում տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ շատ կոնկրետ կապ ունեցող մարդիկ են էդ հայհոյանքներ գրողները: Մի էջ կար, Իսրայելյան անունով, որը մի երիտասարդի հետ խոսում էր սեռական ակտի մասին, նա ուղղակիորեն կապ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ»:
Սամսոնյանը, խոսելով բռնության քարոզի մասին, այսպիսի արտահայտություններ արեց. «Հայհոյանքը կնոջ կողմից Հայաստանում գոնե կարելի է կասեցնել, տղամարդկանցը դժվար է, որովհետեւ էդ մարդկանց կամ պետք է բռնես ծեծես, որից հետո կհայտնվես համապատասխան վայրում,կամ ուրիշ ձեւով չես կարող էդ մարդկանց ստիպել, որ չանեն»:
Նա նաեւ նշեց, որ Նաիրա Զոհրաբյանին խարույկի վրա այրելու կոչը «լայքել» էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, «սրտիկել» էին, այսինքն, նրանք ոչ միայն ոստիկանական բաժանմունքում ոստիկան են ծեծում, նաեւ նման բաներ են անում: Լրագրողի հարցին՝ սա ատելության խոսք չէ՞՝ ուղղված հենց այդ համայնքին՝ Նարեկ Սամսոնյանը պատասխանեց. «Ես բռնության եւ ատելության խոսքին դեմ մարդ եմ: Սուրբ չեմ, եթե բռնության դիմելու կարիք է լինում, չեմ ասում՝ անում եմ: Տենց եմ սովորել միշտ: Չեմ ամաչում դրանից, երբեք ինձ հայհոյող մարդուն չեմ ասում՝ նա ինձ հայհոյեց, եկեք փրկեք ինձ: Էդ համայնքի մարդիկ, որպեսզի էդ համայնքի ներկայացուցիչների հանդեպ իմ հանդուրժողականության աստիճանը պարզեք, ասեմ, որ ես իմ ուսանողական տարիներին ՀՀ-ում սովորել եմ խոստովանած գեյի հետ, երբեք խնդիր իր հետ չեմ ունեցել, նույն կուրսում ենք եղել: Շատ հայտնի գեյ էր ինքը Հայաստանում: Երբեք խնդիր չեմ ունեցել էդ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց երբ այդ համայնքի ներկայացուցիչների վրա անգամ նայում ես, իրենք դա դարձնում են ատելության խոսքի քարոզ: Երբ որ մեկը, օրինակ, տրանսսեքսուալ մարմնավաճառ Կարաբինան տիկին Զոհրաբյանին վառելու կոչը սրտիկել էր ու ես դա ֆիքսում եմ, ի՞նչ է նշանակում, որ դա ատելության խոսք է նրանց նկատմամբ: Նրանք ոստիկանությունում ոստիկանի ծնոտ էին կոտրել ու չեմ իմանում մի տրանսսեքսուալ, որ դրա համար պատժվել է: Ընդհանրապես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ՀՀ-ում կա չափից ավելի շատ հանդուրժողականություն, քան եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ նահանգներում, որտեղ անգամ արգելված է դրսում համբուրվելը: Թվացյալ ատելությունը պրոպագանդայի եւ գրանտները ՀՀ ուղղելու միջոց է, ես շատ լավ էդ համայնքը ներսից ուսումնասիրել եմ, մեխանիզմները նայել եմ: Էդ համայնքը այսօր Հայաստանում անգամ իշխանության է ու էդ համայնքը վաղը եթե պահի ցիկլը, մնա իշխանության, էդ համայնքը ամենաբռնի կոչերով թե բուն գործողություներով հայտնի է դառնալու ՀՀ-ում, որովհետեւ իրենց մեջ այնքան ատելություն կա»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Ես կրակում էլ չեմ այրվում, ասեմ, այնպես որ զուտ փորձեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ