Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին. «Անպայման ամեն ինչ պետք է բացատրե՞մ»

Հուլիս 19,2019 15:00

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն  Նիկողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը: Դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է հղել այդ որոշման դեմ:

https://www.facebook.com/aravot.am/videos/606124083213433/

Նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց՝ գործով մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանը նիստից առաջ գրավոր դիմել է դատարանին՝ նշելով, որ նախապես նշանակված մեկ այլ գործի մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ: Քոչարյանի պաշտպանները նկատեցին, որ այս գործով այլ դատախազներ էլ են ներգրավված, ուստի իրենք կարող էին ներկայանալ: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին ասաց, որ ինքը եւ իր պաշտպանները դեռ մի քանի օր առաջ գիտեին այս նիստի մասին. «Կարծում եմ՝ դատախազը նույնպես… սա նիստը ձգձգելու համար է արվում»:

Դատավոր Նիկողոսյանն էլ նշեց՝ իրեն նպատակահարմար է ողջամիտ ժամկետներում քննել ցանկացած գործ՝ անկախ նրանից, թե ում է այն առնչվում. «Բայց կարեւոր է նաեւ բողոքաբեր կողմին լսել, ուստի դատարանը որոշում է հետաձգել դատական նիստը: Այս նիստը նշանակելիս դատարանը որեւէ կողմից չի ճշտել օրվա հարմար լինելու հանգամանքը, քանի որ այն առաջինն էր»: Առաջիկա նիստը հուլիսի 24-ին 12:00-ին է:

Մինչ ոստիկանները Ռոբերտ Քոչարյանին կուղեկցեին, լրագրողները նրան մի շարք հարցեր ուղղեցին, որոնք մնացին անպատասխան: Նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է որոշել այս բողոքի քննությանը մասնակցել (առաջին ատյանի դատարանում նիստերին մասնակցում էին միայն նրա պաշտպանները): «Անպայման ամեն ինչ պետք է բացատրե՞մ»,-ասաց Քոչարյանը, ապա հեռացավ՝ հաջողություն մաղթելով:

https://www.facebook.com/aravot.am/videos/389975041876692/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031