Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ` Սպիտակը չմոռանալ. Հովհաննես Սահակյան

Հուլիս 19,2019 14:24

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել էր աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն, որը Սպիտակի տարածաշրջանից է, ուշադրությամբ է հետեւել խորհրդակցությանը եւ սրտնեղել, քանի որ խորհրդակցության ժամանակ անդրադառնալով աղետի գոտուն, վարչապետը եւ մյուսները խոսել են Գյումրիից, Վանաձորից եւ այլ բնակավայրերից` Սպիտակի տարածաշրջանը տեղավորելով «այլ բնակավայրերի» մեջ: Մինչդեռ, մեր զրուցակիցը նկատում է, որ 1988-ի երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակն էր, որ երկրաշարժից ամենաշատը տուժեցին Սպիտակի տարածաշրջանի բնակավայրեն ու բնակիչները, ավելին, այն ժամանակ բոլորի ընկալումներում «Սպիտակի երկրաշարժ» տերմինն էր:

Հովհաննես Սահակյանը ցավով արձանագրում է. «Սպիտակը մշտապես` բոլոր ժամանակներում, եղել է անտեսված` իր բոլոր խնդիրներով եւ ոչ պատշաճ վերաբերմունքի է արժանացել»:

Մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները, նա օրվա իշխանությունների հորդորում է` անդրադառնալ նաեւ Սպիտակին եւ սպիտակցիների խնդիրներին: «Սպիտակցին իր օրվա հացը հալալ քրտինքով վաստակող եւ ապրող մարդ է, շատ դեպքերում սպիտակցիները իրենց խնդիրների մասին չեն էլ ցանկանում խոսել, բայց դա չի նշանակում, որ իշխանավորները պետք է մոռանան անգամ Սպիտակի անունը շեշտել: 1994 թվականից, երբ ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ առ այսօր, գրեթե ամեն շաբաթ գնում եմ Սպիտակ ու հավաստիացնում եմ` 1990-ականներին անգամ Սպիտակի միջպետական ճանապարհն այդքան վատ վիճակում չէր, ինչ որ այսօր է: Գրեթե անանցանելի է դարձել»,- ահազանգում է մեր զրուցակիցը` օրվա իշխանություններին հորդորելով զբաղվել խնդրով, քանի որ այդ միջպետական ճանապարհից ոչ միայն սպիտակցիներն են օգտվում, եւ ճանապարհի նման անմխիթար վիճակը վնասում է բոլորին:

Հարցին` ինչո՞վ է պայմանավորված, որ այդ ճանապարհի խնդիրը հենց հիմա առաջացավ, Հովհաննես Սահակյանը մանրամասնեց, որ գարնանային ձնհալից հետո, ճանապարհի այդ հատվածի վերանորոգումներն ամեն տարի շատ արագ կազմակերպվել են: Այս տարի հապաղել են ձնհալի արդյունքում ճանապարհին հսկայական փոսեր են գոյացել: Խնդիրը տեղական իշխանությունների՞, թե՞ կապի եւ տրանսպորտի նախարարության տիրույթում է, մեր զրուցակիցը չգիտի, բայց ահազանգում է եւ հորդորում` հարցը արագ լուծել, քանի որ դա հնարավոր է. «Նոր Հայաստանի կոնցեպտի մեջ փորձենք լսելի եւ լուծելի դարձնել ծառացած խնդիրները, իսկ աղետի գոտու մասին խոսել եւ Սպիտակի անունը բաց թողնելը, կարծում եմ, լուրջ խախտում է եւ իշխանությունն ավելի աչալուրջ պետք է լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031