Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ մաֆիայի հովանավորները հո օդո՞վ չեն փայտը տարել. ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը տեղյակ են եղել». իրավապաշտպան

Հուլիս 19,2019 13:36

«Որոշ հարցերի դեպքում պատասխանները չեմ գտել իշխանության ներկայացուցիչների հարցազրույցներից: Կուզենայի հասկանալ՝ երբ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասում է, որ ըստ փորձագիտական տվյալների՝ ՀՀ-ում ամեն տարի մինչեւ մեկ միլիոն խ/մ փայտ է հատվում, նոր եք իմացե՞լ այդ մասին: Ինչո՞ւ քրեական գործեր չկային: Հետո էլ ասում է, որ քրեական գործեր են հարուցվել անտառապահների եւ փայտահատների նկատմամբ: Սրանից խոսում են, թե կազմակերպված է, թե մեծ գումարներ են պտտվել, անօրինական շրջանառություն են արել: Ցույցից հետո իմացա՞ք այդ մասին»,-«Նոյյան տապան»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Իջեւանի միջադեպերին՝ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նրա գնահատմամբ՝ աղմուկի պատճառն այն է, որ ամեն անգամ պատժվել են փայտ կտրողները միայն եւ ժողովուրդը. «Եթե գիտեիք, որ միլիոնավոր դոլարների շրջանառություն կա, դատախազությունն ի՞նչ էր անում: Այդ մաֆիայի հովանավորները, որոնք փակել են բոլորի աչքերը, հո օդո՞վ չեն փայտը տարել, տեղափոխել են, չէ՞, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն էլ տեղյակ է եղել: ԱԱԾ ղեկավարն էլ նոր է ասում, որ ըստ տեղեկությունների՝ դա կազմակերպված է եղել: Բա մի տարի ի՞նչ էիք անում: Չեմ կարող հավատալ, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ մարզպետը տեղյակ չեն եղել տարեկան 40 միլիոն դոլարի շրջանառության մասին»:

Անդրադառնալով բախումների հետեւանքով տուժած ոստիկաններին՝ իրավապաշտպանը շեշտեց, որ վիրավորների մեծ մասը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում. «Նրանք գնում էին ցույցի, եւ ենթադրելի էր, որ նման խնդիր կլինի. Որքա՞ն կարելի է ոստիկանին մատաղ անել, ինչո՞ւ նա սաղավարտ չի ունեցել: Չի կարելի ոստիկանին նման կերպ վերաբերվել: Ոստիկանը դարձել է անպաշտպան, ոստիկանապետն էլ շնորհակալություն է հայտնում նրանց: Ինչի՞ համար, որ էլի ծեծ են կերե՞լ, որ ոստիկանը սաղավարտ ու պաշտպանվելու հնարավորություն չունի՞՚»:

Ոստիկանների գործողությունների օրինականության առնչությամբ էլ Նինա Կարապետյանը շեշտեց՝ բնակիչների պատմածն, առաջին հայացքից, չափազանցություն է թվացել. «Բայց գործընկերս հաստատեց՝ բաժիններում որոշ մարդիկ անդրավարտիքով են եղել: Այդ ի՞նչ հանցագործ էիք բռնել, որ հնարավորություն չեք տվել հագնվել: Մի տեղում էլ մտել են մի ընտանիք, որի տղան հաշմանդամություն է ունեցել: Ում պատահել է, փորձել են բերման ենթարկել: Ոչ մի օպերատիվ տեղեկություններ էլ չեն ունեցել, ուղղակի մտել են ակտիվ մարդկանց տները: Բա չէիք մտածո՞ւմ, որ տեղաշարժվել չկարողացող մարդը չէր կարող ցույցի գնալ: Սրանից էլ հետեւություն, որ ոստիկանությունը չի փոխվել, որովհետեւ ոչ մի դեպքում մեղավորները չեն պատժվել՝ «Խորենացի», «Սարի թաղ», «Էլեկտրիկ Երեւան», «Մարտի 1»… Ոստիկանության վրա ձեռք բարձրացրած քաղաքացին պետք է պատժվի, բայց նաեւ ազնիվ լինենք: Տասնամյակներ շարունակ մեղավոր ոստիկանները չեն պատժվել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/472937476869003/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031