Խնդիրները շատ ավելի խորքային են եւ միայն Իջեւանի դեպքերին չեն վերաբերում։ Մեծ հաշվով՝ նույն իրավիճակն է նաեւ Սեւանի ավազանում, որտեղ տեղացիները ժամանակ առ ժամանակ աղմուկ են բարձրացնում՝ պահանջելով, որ իշխանությունները չխոչընդոտեն իրենց ապօրինի ձկնորսությունը։ Իշխանություններն էլ չեն զիջում եւ պնդում են, որ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաներն ու բնության անխնա ոչնչացումը տեղ չունեն նոր Հայաստանում։
Սրանք հենց հին եւ նոր մտածողությունների բախման ամենավառ օրինակներն են, բայց նախ անդրադառնանք այն շահարկումներին, թե իբր ձկնագողությունը կամ ապօրինի անտառահատումները սոցիալական լրջագույն հարցեր են լուծում, եւ դրանց դեմ պայքարելով՝ իշխանությունները խեղճ գյուղացիներին զրկում են օրվա հացից։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Տարիներ շարունակ ապօրինի անտառահատումները հսկայական հանցավոր եկամուտներ են ապահովել առավելագույնը մի 10-15 ընտանիքների համար, իսկ «ոլորտում ներգրավված» հազարավոր գյուղացիներն ընդամենը չարքաշ աշխատանքով մի կերպ օրվա հաց են ապահովել ու վաստակել այնքան, որքան կվաստակեին ցանկացած այլ աշխատանքով զբաղվելով։ Ու հիմա այդ նույն 10-15 ընտանիքները, չկարողանալով հարստանալ նախկին սխեմաներով ու զրկվելով գերշահույթներից, հրապարակ են հանել իրենց ճորտերին՝ վախեցնելով աշխատատեղերը կորցնելու հեռանկարով։
Սա է, ուրիշ բան չկա, որովհետև շարքային գյուղացիները, ովքեր «փայտի բիզնեսի» հետ կապ չունեն եւ անտառից օգտվում են բացառապես իրենց կարիքների համար, այս ամենին չեն մասնակցում ու դրա կարիքը չունեն էլ՝ ոչ մեկն «իրենց ետեւից չի ընկնելու»։
Նույն վիճակն էլ ապօրինի ձկնորսության դեպքում է. դա գերշահույթներ ապահովող բիզնես է ընդամենը 10-15 ընտանիքների համար։ «Ձկան բիզնեսին»այս կամ այն կերպ առնչվում է Գեղարքունիքի մարզի բնակչության առավելագույնը 2-3 տոկոսը, իսկ 97-98 տոկոսը ձուկը գնում է այնպես, ինչպես ցանկացած այլ մարզի բնակիչ։ Այսինքն՝ այդ ամենը որեւէ լուրջ սոցիալական հարց չի լուծում։ Մինչդեռ Սեւանն աղետալի վիճակի հասցնելը հաստատ կազդի մարզի (եւ ընդհանրապես՝ Հայաստանի) ողջ բնակչության վրա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում