Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ իրեն խարույկի վրա այրելու կոչի մասին. «Ոստիկանությունը արձագանքում է շատ ավելի lights-ոտ սպառնալիքներին, այդ հարցում որեւէ արձագանք չեղավ».

Հուլիս 19,2019 12:45

Այսօր «Բռնության եւ ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան քննարկմանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ատելության խոսքը կա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ Եվրոպայում. «Եթե այս հարցը հեշտ կարգավորվող լիներ, գոնե ԵԽԽՎ-ում մենք վաղուց գտած կլինեինք այն ֆորմուլան, որը մի կողմից չի վնասի խոսքի ազատությունը, մյուս կողմից մենք իսկապես կկարողանանք լուծել խնդիրը: Ես այն եզակի քաղաքական գործիչներից եմ, ով իր մաշկի վրա է զգացել ատելության խոսքը: Ավագանու ընտրությունների ժամանակ եզակի մարդիկ չէին հայհոյում ինձ, իմ ծնողներին: Իմ մայրը մանկավարժ է, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, 45 տարվա փորձ ունեցող կնոջը, որին երբեւէ չեն տեսել, իմ հայրը մաթեմատիկոս է, որին երբեւէ չեն տեսել, իմ աղջիկը, որը փայլուն բանկային համակարգի մասնագետ է, էլ չեմ ասում ինձ: Բայց այն սեռական բնույթի հայհոյանքները, որ հասցնում էին իմ հորը, իմ մորը, իմ երեխաներին՝ ուղղակի զարհուրելի էր: Եթե ոմանց խնդիրն այն էր, որ ինձ կոտրեն, կարողանան ներազդել, չի ստացվի: Ես էդ տեսակը չեմ: Հայտնի խոսք կա՝ ինչը մեզ չի սպանում, ուժեղացնում է»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այնուամենայնիվ, պետք է այս խնդրին լուծում տրվի, որովհետեւ դա քաղաքական խմբերի ձեռքին դառնում է գործիք՝ մանիպուլացնելու հասարակությանը:

Նա ասաց, որ ԵԽԽՎ-ում քննարկել են այս հարցը ու փորձել գտնել այն նուրբ սահմանը, որը պետք է՝ խոսքի ազատությունը չվնասելու համար: ԵՄ լոկոմոտիվ բազմաթիվ երկրներ գնում են այն ճանապարհով, որ քրեականացնում են ատելության խոսքը սոցիալական մեդիայում, Գերմանիայում 50 մլն եվրոյով տուգանում են, երբ չեն հեռացնում ատելության խոսքը սոցմեդիայից. «Իրենք ենթադրում են տարբեր պատժաչափեր ու բավականին լուրջ ազատազրկումներ: Իմ մեջ անընդհատ կռիվ կա նախկին լրագրողի, ով մշտապես խոսքի ազատությունը պաշտպանել է: Հիմա էլ ես դեմ եմ խոսքի ազատության ցանկացած սահմանափակման: Բայց երբ ես տեսնում եմ սոցիալական մեդիայում ռուս հարբած մուժիկի նման հայհոյող կնոջ, ընդ որում, ոչ ֆեյք, իրական օգտատիրոջ ու բացում եմ էջը, տեսնում եմ, որ իր երեխային գրկած՝ մոմ է վառում նկարներում… մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչն է խնդիրը,, որ մարդիկ իրենց չկայացածությունը, սոցիալական խնդիրները, այն, որ երկիրը թալանել են, հիմա փորձում են սուբլիմացնել հայհոյանքով: Արդյոք սա ճանապա՞րհ է: Ես կարծում եմ, որ սա ճանապարհ չէ, բայց չունեմ հարցի պատասխանը, թե ի՞նչ է պետք հիմա անել օրենսդրորեն: Եթե մենք հիմա գնանք Գերմանիայի ճանապարհով եւ քրեականացնենք ատելության խոսքը, պատկերացնում ենք՝ ինչ աղմուկ բարձրանա, որ ՀՀ-ում ճնշում են խոսքի ազատությունը: Գուցե ես էլ միանամ աղմուկ բարձրացնողներին: Ինձ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, բայց չի կարող բռնության կոչերը, ինչպես վերջերս ինձ վառելու կոչեր հնչեցին…Ես ընդամենը Ստամբուլյան կոնվենցիայի մասին իմ գնահատականը կտամ այն ժամանակ, երբ ՍԴ-ն կասի՝ համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ: Ես չդիմեցի ոստիկանություն, բայց այն դեպքերում, երբ ոստիկանությունը արձագանքում է շատ ավելի lights-ոտ սպառնալիքներին, իմ դեմ սպառնալիքների հարցում որեւէ արձագանք չեղավ: Ես իմ էջում դրեցի այդ օգտատիրոջ սպառնալիքը՝ մորթել, այրել ու ինկվիզիցիայի տարրեր կիրառել: Սրա դեմ հիմա ինչպե՞ս պիտի պայքարենք»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մոնիտորինգ են արել, փորձել են հասկանալ, թե ինչի են հայհոյում. «Շատ դեպքերում չեն կարդում, մենակ նկարը նայում են ու սկսում է հայհոյանքների տարափ: Մեկ-մեկ ասում են՝ սոցիալական մեդիա է, անպատասխանատու հարթակ է, բայց եթե մենք հիմա լուծումները չգտնենք, մի խավ կա, բավականին մեծ տոկոս է կազմում, վերջին 1-1,5 տարվա ընթացքում հետեւողականորեն գրգռեցին այդ խավի ամենաստորին բնազդները ու հիմա այդ խավը փորձում է հայհոյանքով սուբլիմացնել իր սոցիալական, կենցաղային՝ լույսի, գազի եւ այլ օբյեկտիվ պրոբլեմները»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գերմանիայի ՔրՕրի 130 հոդվածը մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսվում՝ ատելության խոսք տարածելու համար. «Այն քաղաքացին, ով կոչ էր անում ինձ Ժաննա դ՛Արկի նման խարույկի վրա այրել, այս հոդվածով պետք է հինգ տարի ազատազրկվեր»:

Նա ասաց, որ պետության օրակարգում առկա խնդիր է ու լուծումները պետք է գտնել միասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031