Ցավոք սրտի, եթե այս տեմպերով շարունակենք, մենք ոչ միայն չենք կարողանա Սեւանի ջուրն օգտագործել միջազգային շուկայում, այլեւՙ երկրի ներսում այն օգտագործելու հնարավորությունից կզրկվենք: Խնդիրները շատ են: Դրանցից լճի տակ մնացած անտառների մասին արդեն նախորդ համարում խոսել եմ: Հիմա անդրադառնանք մյուս կարեւոր կետերին: Լճին բավականին մոտ կառուցված են բազմաթիվ հանգստյան գոտիներ, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն: Իսկ որտեղ են թափվում այդ հարյուրավոր օբյեկտների կոյուղաջրերը: Եթե դրանք նույնիսկ թափվում են հատուկ փորված տարածքների մեջ, միեւնույն է, լճից հեռավորությունն այնքան շատ չէ, որ հասցնի ֆիլտրվել:
Հաջորդ կարեւոր վտանգը, որը կարծես ոչ ոքի չի հուզում, լճի ավազանում գտնվող ցանքատարածություններին տրվող պարարտանյութերի խնդիրն է: Գաղտնիք չէ, որ այսօր, ի տարբերություն խորհրդային տարիների, դաշտերն ավելի շատ ու չափազանց են պարարտացվում, քանՙ անհրաժեշտ է: Գիտության զարգացմանը զուգահեռ երեւան են եկել այնպիսի նյութեր, որոնք, կոշտ ձեւակերպումով, թունավոր են: Գարնանն ու ամռանը ցանքատարածությունների նմանօրինակ պարարտացումից հետո միանգամից տեղացող հորդառատ ու երկարատեւ անձրեւների միջոցով այդ ամբողջը հասնում է լճին. եւ պատկերացրեքՙ 20-30 տարի, այդպես շարունակ:
Բացի այն, որ հեկտարներով անտառահատվածներ մնացել են ջրի տակ ու սկսել են ակտիվ մամուռ արտադրել, այսօր նվազել է նաեւ օդի թթվածնի խտությունը, հետեւաբարՙ նվազել է նաեւ թթվածնի տարածումը ջրի մեջ, իսկ թթվածնի պակասը խթանում է մամուռների աճին: Այդ տխուր վիճակին նպաստեցին վերջին տասնամյակների խոշոր անտառահատումները:
Առաջնային խնդիրը լճի ջրառը պակասեցնելն ու զրոյականի հասցնելն է: Դա կարելի է իրագործել Արաքսի ու Ախուրյանի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելով: Նախորդ հոդվածում էլ նշվել է, որ այդ գետերի ջրերով կարելի է առատորեն ոռոգել ամբողջ Արարատյան դաշտը: Միջանկյալ պետք է նկատել, սակայն, որ Թուրքիան արդեն տարիներ շարունակ ամեն բան անում էՙ իր տարածքից Արաքս թափվող գետերն ու վտակները հնարավորինս «սանձելու» ուղղությամբՙ դրանց վրա ՀԷԿ-եր ու ջրամբարներ կառուցելով: Օրինակՙ Արաքս գետի ու նրա վտակների վրա այս պահի դրությամբ գործում են տասից ավելի ջրամբարներ ու ՀԷԿ-եր, մոտ հինգն էլ նախատեսված են ավարտին հասցնել մինչեւ 2021թվականը: Օրինակՙ Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների կառուցումը խիստ վտանգ է ներկայացնում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի համար: Այդ մասին նույնիսկ ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցները 2014թ.ին համատեղ զեկույց էին պատրաստել ՙ «Արարատյան դաշտի մակերեւութային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով» վերնագրով: Ցավոք, Հայաստանն այս երեք տասնամյակների ընթացքում Արաքսից, բացի ձուկ բռնելուց, որեւէ լուրջ օգուտ չի քաղել, եթե, իհարկե, չհաշվենք այն բազմաթիվ երգերը, որ երգում ենք սեղանների շուրջ, գինովցած ու «Ստամբուլն արյան ծով» դարձնելու տրամադրվածությամբ: Ոմանց այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով ու իրավունքով կարելի է անել դա, պատասխանեմ. Հայաստանը Թուրքիայի հետ երկու ջրային պայմանագիր ունի: Առաջինը 1927թ. հունվարի 8-ին Կարսում Հայկական ԽՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրն է, համաձայն որիՙ սահմանային ջրերը պետք է օգտագործվեն երկուստեքՙ 50/50 ձեւաչափով: Երկրորդըՙ 1973թ. հոկտեմբերի 26-ին Անկարայում ստորագրված համաձայնագիրն է, որը վերաբերում էր Ախուրյանի ջրամբարինՙ կրկին 50/50 ձեւաչափով: Այդ համաձայնագրերի մեջ եղել են հատուկ կետեր, որոնց համաձայնՙ երկուստեք պետք է հիմնվեին հատուկ դիտակետեր, «ջրգողության» դեպքերը բացառելու նպատակով: Դրանք, բնականաբար, չիրագործվեցին, եւ այսօր Թուրքիան սահմանային ջրերի առյուծի բաժինն իրեն է վերցնում, որը, գաղտնիք չէ, ազդում է Արարատյան դաշտի ստորերկրա ջրային պաշարների վրա, եւ մեզ ստիպում դիմել Սեւանի «ջրային առատաձեռնությանը»: Թե ինչու հայկական կողմը վերջին 30 տարիների ընթացքում չի զբաղվել այս հարցով, խնդիր է, բայց, ուզենք-չուզենքՙ կորած բան է, հիմա կարեւորն ապագան է, որի համար հայկական կողմը պետք է օգտագործի Արաքսի 50 տոկոսը, ըստՙ համաձայնագրի: Այլ տարբերակ չկա, եթե ցանկանում ենք փրկել Սեւանը:
Կարդացեք նաև
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում: