Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը եւ գիտակցում են երկրի առջեւ եղած դժվարությունները

Հուլիս 19,2019 08:40

«Ամերիկայի ձայն». Ջերմ ողջույններ ու բարեկամական զրույցներ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հինգշաբթի ողջունում էին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները:

Հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրն ընդգծում է՝ անհամբեր սպասում է Հայաստան կրկին այցելությանը: Կոնգրեսականը Հայաստանում էր եղել 2017-ին, սակայն, ցանկանում է անձամբ տեսնել երկրի առաջընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրինդիսին, նոր է ներգրավվում Հայաստանի հետ բարեկամության հաստատման գործընթացներին, սակայն, սեփական արմատների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:

2018-ին Արարատ Միրզոյանին փոխվարչապետի կարգավիճակով Վաշինգտոնում հանդիպած Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը կատակում է, որ վերջին հանդիպումից ի վեր Միրզոյանը կարծես թե կարիերայի աճ է արձանագրել: Կոնգրեսականի խոսքով, Հայաստանի օրենսդիրների այցը Միացյալ Նահանգներ կարեւոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար.

«Կարեւոր է, որ այստեղ հայկական պատվիրակությունը պատմում է մեզ, թե ինչ է տեղի ունենում «Թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես է աշխատում Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր խորհրդարանը, որքանով սերտ համագործակցություն են նրանք ակնկալում Միացյալ Նահանգների հետ քաղաքական ոլորտում, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ոլորտում, այնպես որ մենք մեր կողմից կարողանանք այս համագործակցությանը ռազմավարական բնույթ տալ, ինչպես նաեւ՝ զարգացնել մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները»:

Ջոն Սարբանես, Ջուդի Չու, Դեյվիդ Սիսիլինի սա Հայաստանի համար կարեւորագույն օրենքի նախագծերի հեղինակների անուններ են: Հանդիպման ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Էլիոթ Էնգելը հայ խորհրդարանականների հետ զրույցում հատուկ ընդգծեց՝ ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը եւ գիտակցում են երկրի առջեւ եղած դժվարությունները:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031