Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչինչ անհետեւանք չի մնում

Հուլիս 19,2019 10:00

Երբ արեւմտյան մշակույթի մարդիկ ասում են՝ «դե ինչ արած, դա իմ կարման է», նրանք հաճախ նկատի ունեն իրենց բախտը, ճակատագիրը: Բայց «կարմա» բառի այդ մեկնությունը հեռու է իրական իմաստից: «Կարմա» նշանակում է պատճառահետեւանքային կապ, հատուցում եւ, եթե կարճ ձեւակերպենք, ենթադրում է, որ մեր ցանկացած արարք իր համապատասխան հետեւանքն է թողնելու մեր կյանքում: Ամեն ինչ պարզ է՝ դու մարդուն ցավ պատճառեցիր, հայհոյեցիր, անիծեցիր, ուրեմն հավաքեցիր «բացասական կարմա», եւ դա անպայման իր հետեւանքն է ունենալու քո կյանքի հետագա ընթացքում: Դու մեկին ձեռք մեկնեցիր,  քաջալերեցիր, կարեկցեցիր, դա քո կյանքի համար, այսպես ասած, «դրական միավոր» է: «Կարման» Աստծու պատիժ կամ խրախուսում չէ, դա կյանքի բնական ընթացքն է:

«Կարման» հնդկական «վեդանտայի», իսկ հետագայում՝ բուդդիզմի տեսություն է, բայց մարդկանց կյանքի երջանիկ պահերի եւ  դժբախտ պատահարների ու նրանց վարքի պատճառահետեւանքային կապն ընդունում են նաեւ հոգեւոր այլ ուսմունքներ:  «Չխաբվեք, Աստված չի ծաղրվում (այսինքն՝ Նրան հնարավոր չէ խաբել – Ա.Ա.), որովհետեւ ինչ մարդս սերմանում է, նույնը կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ հարմար ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք», – գրում է Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված իր թղթում:

Տարբերությունն այն է, որ հնդիկներն ու բուդդիստները կարծում են, թե մարդու հոգին տեղափոխվում է մարմնից մարմին, իսկ մենք վստահ ենք, որ հոգին ապրում է միայն մեկ մարմնում, որի ֆիզիկական մահից հետո որոշվում է, թե որտեղ է այն հայտնվելու: Դա մի կողմից լավ է, քանի որ մենք պատասխանատու ենք միայն մեր կյանքի համար եւ մեր սխալները ուղիղ արտապատկեր չեն ուրիշ մարմիններում: Մյուս կողմից, վատ է, որ «հոգու վրա աշխատելու» հնարավորություն է տրվում միայն մեկ անգամ մեր կարճատեւ կյանքի ընթացքում:

Լեւ Տոլստոյը, որն, ինչպես հայտնի է, քրիստոնեության ջատագով էր՝ չնայած խնդիրներ ուներ պաշտոնական եկեղեցու հետ, թարգմանել էր հնդկական մի առակ, որն այդպես էլ կոչվում  է՝ «Կարմա»: Բազմաթիվ մեղքեր գործած եւ դժոխքում հայտնված ավազակին հնարավորություն է տրվում  դուրս գալ դժոխքից՝ բարձրանալով սարդոստայնով: Բայց հենց որ նա նայում է ներքեւ, տեսնում է, որ նույն սարդոստայնով բարձրանում են հազարավոր մարդիկ: Եվ նա բացականչում է՝ «թողեք այդ սարդոստայնը, այն իմն է, այն չի դիմանա մարդկային ամբոխի ծանրությանը»: Այդ պահին սարդոստայնը կտրվում է, եւ ավազակը դարձյալ հայտնվում է անդունդում:  Առակն ավարտվում է հետեւյալ եզրահանգմամբ. «Նա, ով ցավ է պատճառում ուրիշին, չարիք է պատճառում ինքն իրեն: Նա, ով օգնում է ուրիշին, օգնում է ինքն իրեն: Թող վերանա անձի պատրանքը (ավելի վաղ պատմվածքի մեջ տրվում է ավելի հասկանալի ձեւակերպում՝ դադարեք ձեզ համարել առանձին էակ – Ա.Ա.), եւ դուք կբռնեք առաքինության ճանապարհը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հետաքրքիր էր։ Շնորհակալութիւն։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Իսկ առանց «կարմա» ու Պողոս-Պետրոս խաղացնելու կամ էլ նոյնիսկ տոլստոյական պրիմիտիվ առակների հնարավո՞ր չի նորմալ մարդ լինել: Ի՞նչ իմաստ ունի այստեղ օգտագործել «աստված», «հոգի», «դժոխք» եւ այլ կրոնական կատեգորիաներ, եթե վաղուց հայտնի է, որ դրանք բովանդակությունից բացարձակապես զուրկ են եւ բարոյականության հետ ընդհանրապես կապ չունեն… 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031