Լրահոս
Օրվա լրահոսը

Լրիվ այլ թատրոն․Գյումրու թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր տեսքով (Ֆոտոշարք)

Հուլիս 19,2019 00:05

Գյումրու թատրոնը սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը հանդիսատեսին կներկայանա նոր ճեմասրահով ու դահլիճով։ Այս օրերին թատրոնում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հիմնովին վերանորոգվում է մեծ դահլիճը, որը վերջին անգամ վերանորոգվել է 2003 թվականին, փոխում են լուսային համակարգը, գորգածածկը, որը 20 տարուց ավել չի փոխվել, հնամաշ էր, խունացած,վերանորոգում են նստարանները, առաջին հարկի ճեմասրահի ապակիները, թատրոնի պատուհաններն ու դուռը։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի ասելով, թատրոնի ողջ անձնակազմը արձակուրդում է, սակայն կան մարդիկ, որոնք գալիս են աշխատանքի, քանի որ նոր թատերաշրջանին ունենալու են մեկ այլ թատրոն։ Ըստ տնօրենի, գեղարվեստական որակից բացի, թատրոնում շատ կարևոր է գեղեցկությունն ու հարմարավետությունը։

«Վերանորոգման արդյունքում կունենանք նաև նստակարգերի, նստատեղերի փոփոխություն։ Ճիշտ կլինի այդպես՝ ելնելով անվտանգության կանոններից, կբացվի նոր գիծ, իհարկե, կկորցնենք մեկ կարգ․ եթե մինչ այդ թատրոնն ուներ 648 նստատեղ, այժմ կլինի 615 նստատեղ, բայց արդյունքում կունենանք ավելի հարմարավետություն և՛ հանդիսատես համար,և՛ անվտանգության առումով, բաղկացած կլինի և՛ պարտերից, ինչպես շատ թատրոններում, և՛ ամֆիթատրոնից»։

Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ հանդիսատեսի համար պիտի ստեղծել արվեստին բնորոշ միջավայր։

«Կհասցնենք ամեն ինչ մինչ թատերաշրջանի բացումը։ Թատերաշրջանը թատրոնը պատրաստվում է բացել սեպտեմբերին՝ երկու նոր առաջնախաղերով․ հրավիրված դերասանուհի Անի Խաչիկյանը և մեր ստեղծագործական խումբը՝ Սամվել Գրիգորյանի, Արսեն Միքայելյանի, Տիգրան Գաբոյանի հետ մեկտեղ կունենանք մի շատ հետաքրքիր ներկայացում, որը կոչվելու է «Թռիչք»։ Սա մի այլաբանական ներկայացում է, որն իր ձևով, բեմադրաոճով շատ կտարբերվի։ Թեման շատ հետաքրքրիր է, մեր հերոսները խաղում են կենդանիների դերը, նմանատիպ ներկայացում դեռ չենք ունեցել խաղացանկում։

Մենք շատ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին ու պարտադիր բեմադրություններ ենք անում մեր հանդիսատեսի համար։ Այս անգամ մեր Հովհաննիսյան Հովհաննեսը բեմադրել է շատ հետաքրքիր երաժշտական՝ երգերով, պարերով ուրախ  ներկայացում՝ «Բուրատինոյի արկածները», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ թատրոնը վերանորոգում են իրենց բյուջեի հաշվին, այս հարցով որևէ մեկին չեն դիմել։ Լյուդվիգ Հարությունյանի ասելով, ամենամեծ խնդիրը կտուրը փոխելն է, որը հնարավոր չէ իրագործել թատրոնի ուժերով։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ մեծ ցանկություն ունեն թատրոնի երկրորդ հարկի ապակիները փոխելու, սակայն չեն կարող, քանի որ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ժամանակավորապես տեղադրել են թատրոնի երկրորդ հարկի միջանցքում, և եթե փորձեն ապակիները փոխել, այլևս հնարավոր չի լինի այն  թատրոնից տանել։

«Ապակիներն էլ բավական վթարային վիճակում են, քանի որ նկարը տեղափոխելուց ապակիները հանվել են։ Նկարը մի այլ պատմություն է, որի մասին երկու տարի շարունակ խոսում ենք, ինձանից առաջ նախկին տնօրեններն էլ են խոսել, որ հանձնվել է թատրոնին պահպանման համար, բայց բազում անգամներ ես ինքս նամակ եմ գրել՝ խնդիր ունենք պահպանման, որովհետև նկարն ընթացքում վնասվում է։ Իսկ այն ազգային արժեք է ճանաչվել, որի համար շատ ուրախ եմ, բայց մի ազգային արժեք գնահատելով՝ վնասում ենք մյուս ազգային արժեքը, որովհետև նկարը ճիշտ տեղում չի դրված։

Հանդիսատեսը նույնիսկ  չի դիտում, մենք բազում անգամներ առիթներ ունեցել ենք, խոսել ենք փոխնախարարների հետ, խնդրել ենք նկարը դրվի մի տեղ, որտեղ կարողանա և՛ ժողովուրդը դիտել, և նաև նկարը չվնասի թատրոնին։ Ձմռանն էլ կա ջերմաստիճանի խնդիր, նկարը վնասվում է, կան ճաքեր։ Ինձ պատասխանել են, որ համապատասխան տեղ են փնտրում նկարը տեղափոխելու։ Եվ բնական է, պետք է լինի կառավարության որոշում, ինքնագլուխ չեն կարող այդ ամենն անել», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031