Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ Մոսկվային

Հուլիս 19,2019 12:00

«Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», ԱՄՆ-ում արձանագրում է պաշտոնական Երեւանը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օրերս Atlantic Council կենտրոնում իր ելույթի ընթացքում նշել է, թե Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։ «Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, եւ որ մենք չենք կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», – ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե Երեւանը Թեհրանի հետ բանակցություններ է վարում սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով: Ավելի վաղ Թեհրանում հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստ էր տեղի ունեցել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետի խոսքերով՝ առաջին անգամ են ընթանում բանակցություններ այս ձեւաչափով: Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում նշել էր. «Իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է աճել, ներկայում բազմակողմանի բանակցություններ են ընթանում «սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքում սկսելու համար»։

Օրեր առաջ թեմայի շուրջ «1in.am»-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որը նշել է. «Կարծում եմ՝ իրականությունը մի քիչ այլ է, բոլոր ժամանակներում էլեկտրաէներգետիկայի եւ գազի բնագավառներում համագործակցել ենք, ինչը Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության առանցքն է կազմել: Իրանից գազ դրամական վճարի դիմաց չենք ստանում, որովհետեւ նպատակահարմար գին չի առաջարկվել, դա եղել է բոլոր ժամանակներում, հիմա էլ այդպես է: Ինչ վերաբերում է գազի եւ այլ ապրանքների փոխանակությանը, այստեղ եւս երկար տարիներ գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որը հաջողությամբ հիմա էլ աշխատում է: Առաջիկա տարիներին նորությունը կարող է լինել այն, որ կարող է շահագործման հանձնվել երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումն ընթացքի մեջ է»։ Թումանյանը ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ֆիքսվել է ժամանակը՝ 2020թ. վերջ, որից հետո ավելի մեծ քանակությամբ գազ-էլեկտրաէներգիա փոխանակություն կունենանք:
Դեսպանի խոսքերով՝ բանակցություններ են ընթանում այն խնդրի շուրջ, որն իրատեսական է: Այսինքն՝ հայկական կողմը պատրաստ է գազի ծավալները ավելացնել, իրանական կողմը դրա դիմաց վճարում չի ստանալու, էլեկտրաէներգիայի մասով եւս ավելացում ենք ունենալու: Իսկ դիտարկմանը, թե իրանցի պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ Իրանին «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը այդքան էլ անհրաժեշտ չէ, բայց, հաշվի առնելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, իրենք գնում են այդ գործարքին, Թումանյանը պատասխանել է. «Համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ: Ընդհանրապես երկու պետությունների հարաբերությունները կարող են լինել կայուն եւ հարատեւ, եթե փոխշահավետ են, սա բարեգործություն չի: Եթե մենք գազ ենք ստանում եւ դրա դիմաց վճարում ենք էլեկտրաէներգիայով, ձեռնտու է նաեւ իրանական կողմին: Այնպես որ, գործող սխեման փոխշահավետ է»:

Հայաստանի առաջին կառավարությունը չէ, իհարկե, որը բանակցում է Իրանի հետ սպառման համար գազ ձեռք բերելու շուրջ, պարբերաբար նման տեղեկություններ շրջանառվել են նաեւ նախկինում, բայց ի վերջո կողմերը համաձայնության չեն հանգել, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իրանական կողմը հրաժարվել է ցածր գնով գազ վաճառել։

Կան նաեւ կարծիքներ, որ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման հզորությունները բավարար չեն, եւ հիմա կառուցվում է 3-րդ բարձրավոլտ գիծը, որի շահագործման դեպքում միայն Հայաստանը հնարավորություն կունենա 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը:

Արդյոք հայկական կողմի ծրագրերը Թեհրանի հետ վկայում են այն մասին, որ պաշտոնական Երեւանը դժգոհ է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններից, եւ իրանական կողմի հետ բանակցությունները կարող են ծառայել նրան, որ ռուսական կողմը հայկական կողմի համար ընդունելի քայլերի դիմի։ Ամեն դեպքում հայ-իրանական հնարավոր բանակցությունները, թերեւս, որոշակի ուղերձ են Մոսկվային։

Մի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ բանակցություններն են, մյուս կողմից՝ վստահաբար, ոչ պակաս ծանր բանակցությունները Մոսկվայի հետ։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031