Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը կհայտնվի մանիպուլյացիոն գոտում, Հայաստանը` իրավական ճգնաժամում»

Հուլիս 19,2019 14:00

«Բացի այդ, եթե ընտրվելու իրավունք տրվում է Սամվել Բաբայանին, ապա ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է ունենա այդ իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ մի շարք այլ անձինք եւս, մասնավորաբար՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլն, նույնպես կարող են. իսկ սա ընդհանրապես կփոխի դասավորությունը ՀՀ տարածքում, ներառյալ Արցախում»,-«Առավոտի» զրուցակիցներն անդրադառնում են ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների նախաձեռնած ստորագրահավաքի բացասական հետեւանքներին:

«Սրա քաղաքական առաջին բացասական ազդեցությունը, որի դրոշմը չի անհետանում Հայաստանի քաղաքականությունից, քաղաքական, իրավական, նաեւ սահմանադրական տարբեր գործիքներ մանիպուլյացիայի ենթարկելու միտումն է, սեփական շահի համար այդ գործիքներն աշխատեցնելու մտադրությունը, որը կործանարար է անդրադառնում թե Հայաստանի, թե Արցախի քաղաքական շահի համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի համակիրների նախաձեռնած ստորագրահավաքին: Հիշեցնենք, ստորագրահավաքի նախաձեռնողներն առաջարկում են Արցախի նախագահի թեկնածուի համար հանել օրենքով սահմանված` վերջին 10 տարում Արցախում բնակության ցենզը: Այդ փոփոխությամբ ակնկալվում է, որ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը կկարողանա մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

Օրերս Արցախում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսպիսի կարծիք էր հայտնել. «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաեւ ընտրելու իրավունք: Հետեւաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել եւ բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել եւ պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝ այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարեւորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, եւ այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք եւ ավելի կարեւոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»:

Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքեց այս դիրքորոշմանը` հակադարձելով. «Ի վերջո արցախցին այսօր ստորագրում է այն նախագծի տակ, որով թույլ է տրվում ՀՀ քաղաքացուն մասնակից դառնալ իր զավակի պաշտպանած հողում ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի կայացմանը»: Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նման ամրագրում-հիշեցում էլ կա. «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ -ում նախագահական ընտրություններում առաջին անգամ առաջադրվեց՝ կրկին չունենալով մշտական բնակություն ՀՀ-ում՝ հղում տալով ԼՂՀ հռչակագրին»։ Անուշ Սեդրակյանը համամիտ է այդ արձանագրման հետ եւ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում եւս համարում է քաղաքական ու իրավական մանիպուլյացիայի արդյունք, որի հետեւանքը եղավ իրավական այն ճգնաժամը, որի տակից մինչ օրս չենք կարողանում դուրս գալ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիության թեմային, մեր զրուցակիցը նկատում է. «Կա դե յուրե եւ դե ֆակտո իրավիճակ: Ընդհանրապես, միջազգային հանրությունը, որպես կանոն, շատ քիչ է անդրադառնում դե ֆակտո կարգավիճակին, որովհետեւ օրենքի ջատագով լինելով, Եվրոպան առաջին հերթին կենտրոնանում է դե յուրե դաշտի պահպանման վրա: Մենք պետք է հասկանանք, որ Արցախի հարցի շուրջ բանակցությունները, ինչքան էլ Արցախը` հոգով, սրտով, արյունով, բոլորիս եւ առաջին հերթին իմ հայրենիքը լինի, այդ ձեւաչափում, առայժմ, գործում է Արցախի ինքնորոշման մոդելը: Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այդ ձեւաչափը, որտեղ ընթանում են Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցությունները, դեռեւս չի փոխվել: Հատեւաբար, Հայաստան եւ Արցախ քաղաքացիությունը, բոլորիս ջերմագույն մտադրությունները եւ ցանկություններն անտեսելով, դեռեւս մնում են խնդրահարույց` միջազգային հանրության աչքում: Իսկ մենք մեծապես կախված ենք այն զարգացումներից, որոնք այդ ձեւաչափի ներսում եւ դրսում պետք է ընթանան: Դրա համար, քաղաքական վնասակար հետեւանքը կարող է լինել այն, որ եթե որեւէ մեկը ցանկանա օգտագործել հերթական մանիպուլյացիոն գործիքները, լինի դա Սամվել Բաբայանը, ներկա, թե նախկին իշխանությունները` դա բացարձակ կապ չունի, հիմա, երբ մենք հայտարարել ենք Հայաստանի լիակատար ժողովրդավարացման մասին, մենք ուղղակի պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական գործիքները` եւ արտաքին, ձեւական, եւ ներքին` ինչպես ասում են, տառը եւ ոգին»: Մեր զրուցակցի համոզմամբ, հիմա մենք առավելապես պետք է գտնվենք օրինական դաշտում եւ քաղաքական ենթատեքստով իրականացվող ցանկացած իրավական խախտման, անգամ մանիպուլյացիաներին, պետք է շատ խտրական վերաբերվենք, այլապես, թե Արցախը կհայտնվի մանիպուլյացիոն գոտում, թե Հայաստանը կհայտնվի իրավական ինքնության ճգնաժամի մեջ, եւ ՀՀ-ի ժողովրդավարության հաղթանակը կվիճարկվի, ինչպես նաեւ թե Արցախի, թե Հայաստանի քաղաքականությունների միասնականությունը, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ եթե Սամվել Բաբայանը բավարարում է Արցախի Սահմանադրությամբ Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու կարգին` թող առաջադրվի, եթե ոչ, ապա, ըստ նրա, Հայաստանի ժողովուրդն իրավունք չունի միջամտել Արցախի ներքին, իրավական հարցերին: «Արցախը թեեւ հայկական պետություն է, մենք միասնական ժողովուրդ ենք, բայց Արցախն անկախ պետություն է եւ Հայաստանի ժողովուրդը ներպետական միջամտության իրավունք չունի»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդպիսով ինքներս վտանգի տակ կդնենք Արցախի անկախությունը եւ այլեւս անիմաստ կդառնա որեւէ մեկից պահանջել այդ անկախության ճանաչումը: «Հայաստանի քաղաքացին Արցախի նախագահի ընտրության հարցում ստորագրահավաք անելու իրավասություն չունի»,- հայտարարեց մեր զրուցակիցը` հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Սամվել Բաբայանին, գնահատում է նրա ներդրումը արցախյան ազատամարտի հաղթանակում, բայց իրավունքի նորմերի թելադրանքները չպետք է անտեսենք, որից հետո ինչ-որ մեկին մեղադրենք անօրինական գործունեության մեջ:

Իրավաբան Արա Ղազարյանը նույնպես գտնում է, որ Վլադիմիր Վարդանյանի մտահոգություններն իրավաչափ են: Հիշեցնում է, որ Հայաստանում ժամանակին եւս նման մտահոգություններ եղել են` կապված երկքաղաքացիների` Հայաստանի սահմաններից դուրս ընտրությունն ապահովել-չապահովելու մասով: Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով Սամվել Բաբայանի գրասենյակի բերած օրինակին անդրադառնալով, Արա Ղազարյանը նկատեց, որ խոսքը միացման մասին է, բայց թե ՀՀ, թե Արցախի իշխանությունները դեռ չեն ցանկանում այդ ճանապարհով գնալ: Այս իմաստով, նա Սամվել Բաբայանի գրասենյակի համեմատություններն ասում է՝ տեղին չեն եւ հստակեցնում` Արցախի քաղաքացիների իրավունքն է Արցախի նախագահ ընտրելը, իրենց իշխանություն, կառավարություն ձեւավորելը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի սկզբունքային տեսակետն էլ այն է, որ Արցախի նախագահի, խորհրդարանի եւ այլ ընտրություններ ընդհանրապես չլինեին. «Դա ժամանակին դրսի համար իբրեւ աչքակապություն էր որոշվել, բայց մենք դրսին չկարողացանք խաբել, ինքներս մեզ խաբեցինք եւ լուրջ խնդիրներ առաջացան»: Իսկ Սամվել Բաբայանի համակիրների նախաձեռնած ստորագրահավաքին ինքը կողմ չէ: Գտնում է, որ Վլադիմիր Վարդանյանը միանգամայն իրավացիորեն է նկատել` եթե Հայաստանի քաղաքացուն տալիս ենք ընտրվելու իրավունք, նաեւ ընտրելու իրավունք պետք է տանք: «Բացի այդ, եթե ընտրվելու իրավունք տրվում է Սամվել Բաբայանին, ապա ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է ունենա այդ իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ մի շարք այլ անձինք եւս, մասնավորաբար՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլն, նույնպես կարող են. իսկ սա ընդհանրապես կփոխի դասավորությունը ՀՀ տարածքում, ներառյալ Արցախում»,- ասաց Արա Պապյանը: Ինչեւէ, Արցախի օրենսդրության համաձայն, ստորագրահավաքին պետք է եւս երկու փուլ հաջորդի` Արցախի գերագույն դատարանը պետք է քննի հարցի սահմանադրականությունը, ապա խորհրդարանը պետք է հաստատի այն: «Սա միայն առաջին, ամենահեշտ փուլն է: Մյուս երկու փուլերը, որ պետք է անցնի, քիչ հավանական եմ համարում»,- ասաց Արա Պապյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031