Լրահոս
Օրվա լրահոսը

«Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռռում»

Հուլիս 19,2019 13:30

Ձեր թերթում 2019 թ. հուլիսի 12-ին տպագրված «Վարչապետին են դիմել դատավորների բակով անցնող կոյուղու հարցով» հոդվածին արձագանքելով, պատասխանում եմ: Այսպես. նախկին սեփականատիրոջ կողմից թույլատրվել է մեկ ընտանիքի ժամանակավորապես օգտվել այսօրվա մեր կոյուղուց, մինչեւ հնարավորություն ունենար կառուցելու իր սեփականը, սակայն տարիներ շարունակ մեր նախազգուշացումներն այդ ընտանիքին` իրենց կոյուղին առանձնացնելու համար, մնացել են անհետեւանք։ Տարիների ընթացքում մի քանի ընտանիքներ, բնակվող տարբեր հասցեներում, առանց մեր գիտության միացել են մեր կոյուղուն, այն դեպքում, որ կոյուղին նախատեսված է մեկ տան, մեկ ընտանիքի համար։ Իսկ Ձեր թերթում տպագրված հոդվածից մեզ պարզ դարձավ, որ 20 չափահաս անձ եւ չգիտենք քանի երեխա օգտվել են մեր կոյուղուց։ Եվ այս ամբողջ տարիների ընթացքում նրանց անբարեխիղճ եւ անպատասխանատու օգտագործելու հետեւանքով բազմաթիվ անգամ խցանումներ են առաջացել, եւ մենք ենք մաքրել մեր միջոցներով։

Ստիպված ջրերը հաճախակի բաց էինք թողնում, որ հնարավոր խցանումներ չառաջանան, ինչպես նաեւ գարշահոտություն չգար ինչպես մեր ավտոտնակից, որտեղից տուն ենք մտնում, այնպես էլ սանհանգույցներից։ Հաճախ այդ միջոցներն անգամ չէին վերացնում գարշահոտությունը։

Իրենց նամակով, շանտաժի լեզվով անհիմն զրպարտում են մեզ, որ իբրեւ մենք

ենք փակել կոյուղին։ Եթե մենք ենք փակել, ինչու պետք է գիշերով ոմն Անուշավանին` ինչ-որ մեկի հետ, ներկայանալով որպես հարեւաններ, թույլ տայինք մեր ավտոտնակում գտնվող դիտահորը` բետոնե եզրերը քանդելու միջոցով բացել` խցանման պատճառը պարզելու համար, եւ մեկ օր հետո էլ թույլ տալ իրենց մասնագետներին գալ, որոնք էլ դիտահորից երկու աղյուս հանեցին։ Եթե, ըստ նրանց հայտարարության, այդ աղյուսներն են խցանման պատճառը, ապա ենթադրվում է, որ դրանք հանելուց հետո կոյուղին պետք է գործեր, մինչդեռ այն չի գործում նաեւ աղյուսները նրանց կողմից հանելուց հետո։

Նրանց դիմումի հիման վրա այցելել են նաեւ ոստիկանությունից եւ պարզել, որ մեր կողմից որեւէ միջամտություն չի եղել, մենք չենք փակել կոյուղին։

Նրանց բողոքների կապակցությամբ մեր տուն է այցելել նաեւ Կենտրոն թաղապետարանի համապատասխան մասնագետը։ Պարզվեց, որ խնդիրներ կան կապված կոյուղու խողովակների հետ, որոշ հատված անհրաժեշտ է քանդել եւ որոշ խողովակներ էլ փոխել, քանի որ այդպիսի տարողունակությամբ խողովակները նախատեսված չեն այդ քանակի անձանց օգտագործման համար։ Իսկ մենք չենք կարող թույլ տալ քանդել մեր հողամասը, փոխել խողովակները, որոնց մի մասն անգամ անցնում է մեր շինությունների տակով։

Նման պայմաններում, երբ մեր կոյուղու տարողունակությունը հաշվառված է մեկ տան համար, չի կարող սպասարկել մի քանի ընտանիքների։ Մեր տունը գտնվում է Աղյուսագործների փողոցին զուգահեռ Ռոստոմի փողոցի վրա եւ կոյուղագիծն էլ միացված է Ռոստոմի փողոցով անցնող հիմնական կոյուղագծին։ Այդ ընտանիքները հնարավորություն ունեն առանձին կոյուղագծով միանալ իրենց` Աղյուսագործների փողոցը սպասարկող հիմնական կոյուղագծին, ինչպես այդ փողոցում բնակվող մյուս բնակիչները։ Նրանք դրա համար ունեցել են բավականին ժամանակ, այն էլ տարիներ, սակայն ոչ մի տեսակի միջոցներ չեն ձեռնարկել` մեր զգուշացումներն ու ահազանգերը թողնելով անհետեւանք։ Ընտրել են հեշտագույն ճանապարհ` օգտագործել ուրիշի պատրաստի կոյուղագիծը՝ պատճառելով նյութական եւ բարոյական վնասներ։ Փաստորեն, նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հարցի լուծման համար իրենց նեղություն տալ, անգամ իրենց հողամասում դիտահոր չեն տեղադրել՝ նման դեպքերի ժամանակ խցանումները վերացնելու համար։ Մինչդեռ, լրատվամիջոցին նրանք հայտնել են, որ հարցը առանձին կոյուղագծով լուծելու համար նրանցից` 5֊6 ընտանիքից պահանջվում է 350000 դրամ:

Փոխարենը, նրանք փորձում են շանտաժի եւ զրպարտանքի միջոցով, շահարկելով մեր ընտանիքի հասարակական դիրքը, ոտնահարելով մեր սեփականության իրավունքը, հասնել հարցի միայն իրենց համար բարենպաստ լուծմանը։ Եվ դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ հանդուրժել ենք նրանց կողմից մեզ պատճառած անհարմարությունները` կոյուղաջրերի արտահոսք, կոյուղու խցանումներ, դրանք վերացնելու համար լրացուցիչ բարեկարգման աշխատանքներ եւ անհարկի ծախսեր։ Ես այլեւս առողջություն եւ ցանկություն չունեմ շարունակ խցանումներ մաքրելու եւ գարշահոտություն շնչելու։

ԵԼԵՆԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի

91 տան սեփականատեր

«Առավոտ» օրաթերթ, 

18.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031