Լրահոս
Օրվա լրահոսը

Սոպրանոն «դրսի» առաջարկը մերժել է, Հայաստանում էլ առայժմ աննկատ է մնում

Հուլիս 19,2019 13:00

Օպերային երգիչների այցեքարտը համարվում է այս կամ այն դերերգի փայլուն կամ տպավորիչ մեկնաբանությունը, ինչն էլ ողջ կարիերայի ընթացքում մեծ հաշվով ուղեկցում է նրանց:

Այցեքարտ ունի նաեւ օպերային սոպրանո Տաթեւիկ Աշուրյանը, այն է՝ Մադամ Բաթերֆլայ Պուչինիի համանուն օպերայում: Այս դերերգի լավագույն կատարման համար երգչուհին արժանացել է հատուկ մրցանակի՝ 2013թ. Մոլդովայում կայացած Մարիա Բիեշուի անվան միջազգային մրցույթում: Այս կերպարում էր նրան տեսնում մեր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը: Այդպես էլ Տաթեւիկ Աշուրյանին մինչ օրս որեւէ գլխավոր դերերգով չենք հանդիպել թատրոնում: Թեեւ նրան մասնագիտական շրջանակներում բարձր են գնահատել, օրինակ՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի մրցույթներում:

Լեոնորայի կերպարում (Տորոնտոյի թատրոն, 2013թ.)

Ի դեպ, 2012թ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակաբաշխությանը սոպրանոյի մասնակցությունից հետո, որպես գլխավոր մրցանակակրի հավակնորդ, հոլովվում էր նաեւ Տաթեւիկ Աշուրյանի անունը, բայց այդպես էլ ոչ ոքի չշնորհվեց մրցանակը:

Տաթեւիկ Աշուրյանը՝ Ռենե Ֆլեմինգի հետ

Երեւանի օպերային թատրոնում երգչուհուն հանդիպել ենք ընդամենը երկու երկրորդական դերերգի կատարումներով՝ Ընկերուհի՝ Տիգրանյանի «Անուշ», Պուսետ՝ Մասնեի «Մանոն» օպերաներում:

Հովարդ Վատկինսի հետ

Փոխարենը՝ 2012թ. սոպրանոն կանադական «Օպերա Բելկանտո» ընկերության կողմից հրավիրվել է Տորոնտոյի թատրոն՝ հանդես եկել Լեոնորայի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուրում»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը հիշեց. «Տորոնտոյում էի շուրջ մեկ տարի ու մասնակցում էի մշակութային կյանքին: Հինգամսյա հրավերիս ժամկետը երկարաձգելու խնդրանքով տեղի քաղաքապետը դիմել էր Մոսկվա…»: Դիտարկմանը, թե վերադարձաք Երեւան ու փաստորեն՝ «լռում» եք մինչ օրս, երգչուհին պատասխանեց. «Դա այդպես չէ: Հենց Երեւանի թատրոնում մասնակցել եմ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնած բոլոր վարպետության դասերին՝ ճանաչված այնպիսի հռչակավոր երգիչների ղեկավարությամբ, ինչպիսիք են, օրինակ, Ռենե Ֆլեմինգը, Հովարդ Վատկինսը:

Պուսետի կերպարում (Երեւանի թատրոն, 2018թ.)

Թատրոնում առաջին քայլերս եմ արել Լեւոն Ջավադյանի ղեկավարած «Երիտասարդական օպերային ծրագրում»: Ռեպլիկին՝ ասում են, նոր եք վերադարձել դասերից՝ այս անգամ Իտալիայում անցկացվող, մեր զրուցակիցը հայտնեց. «Իտալիայում կայացած վարպետության դասերի նպատակը նեոպոլիտանական երգերի ճիշտ մատուցումն էր: Դասերը վարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Ջուզեպե Կարաննտեն, որը հետաքրքրված էր հայկական արվեստով, մասնավորապես՝ Կոմիտասով ու դուդուկով: Մտերմացել էի նրա հետ եւ արդյունքում մաեստրոն որոշեց գրել ստեղծագործություն ձայնի, դուդուկի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար: Ճանաչված երաժիշտը հրավիրյալ դիրիժոր է նաեւ Ռումինիայի թատրոնում, ինձ առաջարկեց հանդես գալ նաեւ Բուխարեստում: Հրաժարվեցի, որովհետեւ Երեւանի թատրոնում ես դեռ ծրագրեր ունեմ…»: Տաթեւիկ Աշուրյանը հավելեց, թե իտալացի երաժիշտը նաեւ բարձրակարգ կլարնետահար է եւ հավաստիացրել է՝ Երեւան գալուն պես պատրաստ է անցկացնել անվճար վարպետության դասեր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031