Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ այս օրերին վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում․ թատերաշրջանը բացվելու է լուսավոր ճեմասրահով, ձևափոխված դահլիճով, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» հայերենից բացի կներկայացվի նաև անգլերենով։ Որքան էլ թվում էր, թե անհնար է փոքր տարածքում Մարկես ներկայացնելն ու նրա մոգական խոսքը լայն շրջանակներին հասանելի դարձնելը, այն ամենապահանջվածներից է․ գյումրեցի երիտասարդների սիրած ներկայացումներից մեկը, որն հաճախակի են խաղում Մհեր Մկրտչյան անվան փոքր դահլիճում։
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր թատրոնը պարբերաբար ինչպես ռեժիսորների, այնպես էլ դերասանների է հրավիրում, մենք պահում ենք ավանդույթը։ Որոշեցինք, որ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ խաղալու կհրավիրենք Ինա Խոջամիրյանին, կփոխվի նաև տղայի դերակատարը, կխաղա Արսեն Միքայելյանը և սեպտեմբերի 25-ին Մհեր Մկրտչյան փոքր բեմում կունենանք որպես թատերական առաջնախաղ, նախագիծ։ Մտահղացում կա նաև այլ լեզվով՝ անգլերենով ներկայացնելու»։
Մեր ճշտող հարցին ՝ զբոսաշրջիկների համար եք անգլերեն ներկայացնելո՞ւ (նկատենք, որ Գյումրու փողոցները որքան էլ քարուքանդ են՝ ընթացող փողոցաշինության պատճառով, այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են ճեմում քաղաքի պատմական հատվածում, Ա․Ն․), Լյուդվիգ Հարությունյանն ասաց․ «Ե՛վ զբոսաշրջիկների համար է, և՛, ինչու չէ, փառատոներին ներկայանալու։ Իհարկե, կարող ենք և հայերեն խաղալ, բայց երբ որ փառատոների ենք գնում, լավ կլինի, եթե նյութը հնարավորություն է տալիս, նաև օտար լեզվով խաղալ ներկայացումը , հատկապես որ դերասանները կարող են։ Համոզված եմ և՛ Ինան, և՛ Արսենը կհաղթահարեն և կունենանք մի շատ հետաքրքիր ներկայացում»։
Կարդացեք նաև
Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը, Գյումրին կունենա լրիվ այլ թատրոն։
Թե ինչ փոփոխություններ են սպասվում, կանդրադառնանք քիչ հետո։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
Իսկ ակցե՞նտը: