Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի հարցազրույցը

Հուլիս 18,2019 20:30

Լսեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթը և կանդրադառնամ միայն իմ մասնագիտական ոլորտին՝ իրավապահ և դատական համակարգին: Նշված ոլորտի վերաբերյալ հնչեցրած խնդիրներից հասկացա երկու իրողություն. առաջինն ինձ հուսադրեց՝ Նիկոլ Փաշինյանն իմ սուբյեկտիվ ընկալմամբ իրոք անկեղծ ցանկանում է, որ մեր երկիրն ունենա լեգիտիմ սահմանադրություն և անկախ դատական համակարգ, և երկրորդ սարսափելի իրողությունը, որ իրավապահ և դատական համակարգի վերաբերյալ հարցերի շուրջ վարչապետին կամ միտումնավոր ամբողջ ճշմարտությունը չեն զեկուցում, կամ, տա Աստված, որ այդպես լինի՝ զեկուցողներն անկեղծ են, ուղղակի ներքին խոհանոցին չեն տիրապետում, քանզի երկրորդ տարբերակի դեպքում զեկուցողներն ի վերջո կծանոթանան և պարոն Փաշինյանին կզեկուցեն իրականությունը:

Անդրադառնալով սահմանադրական դատարանի հավերժ դատավորների խնդրին նշեմ, որ այն կարող է լուծվել մեկ վայրկյանում, պարզապես պետք է առաջարկությամբ դիմել նախագահին և խնդրել, որպեսզի ներկայիս սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակը վերահաստատելու նպատակով խորհրդարանն առաջարկի ներկայիս անդամներին որպես դատավորներ վերանշանակել և նրանք, ովքեր կվերահաստատվեն խորհրդարանի կողմից, կմնան և կաշխատեն որպես սահմանադրական դատարանի դատավորներ, իսկ ովքեր չեն վերահաստատվի, դուրս կգան՝ եթե այդպիսիք կլինեն, թափուր տեղերի համար կառաջարկվեն նոր թեկնածուներ, որոնք էլ համալրելով դատարանի կազմը կընտրեն իրենց նախագահին և վերջ, խնդիրը լուծված է, կունենանք օրինական, հուսալի սահմանադրական դատարան և օդում կախված կմնա միայն լեգիտիմ սահմանադրություն ունենալու հարցը, որը հավատացեք դեռ շատ երկար է մեզ համար խնդիրներ ստեղծելու: Քանի որ առանց ժողովրդի կամքը հարցնելու մեզ մոտ քաղաքական իրավակարգ է փոխվել, ուստի համոզված եմ, որ պետք է ՀՀ քաղաքացիներին տալ նաև ընտրության իրավունք. ինչպիսի սահմանադրությամբ և երկրում ենք մենք ցանկանում ապրել՝ կիսանախագահական, թե խորհրդարանական, այսինքն՝ հանրաքվեի դնել երկու տարբերակ և թող ընդունվի այն օրինակը, որը  կընտրի ժողովուրդը:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից բերված քրեական գործերի օրինակներին, որի քննությունը ձգձգվում է փորձաքննության պատճառով, քանի որ մեր փորձագետները մետրով են չափում ինչ-որ նախկին պաշտոնյայի 80-ից 100 շինությունները և չեն կարողանում դրանք գնահատել, ապա թույլ տվեք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ճիշտ է փորձագիտական կենտրոնները թերի են զինված, սակայն նվազագույնս «Ալի Էքսպրես» կայքում 10 ԱՄՆ դոլարով վաճառվող լազերային չափիչ սարքերին տիրապետում են: Այստեղ հարցերն այլ են՝ քննիչների անփորձություն, ավելորդ կուտակված քրեական գործեր, նույն փաստի վերաբերյալ տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական գործեր, գերատեսչությունների միջև անիմաստ մրցակցություն՝ ցանկություն ավելի հեղափոխական երևալ, ասել է թե՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ և արդյունքում հեռուստատեսությամբ  հրապարակված աղմկահարույց գործերի մասին տեղեկություններ, որոնք դատական վախճան ունենալ չեն կարող, քանի որ շոուից այն կողմ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով հարցը չի զարգանում՝ չկա հստակ ապացուցողական բազա և ինչ է մնում իրավապահ մարմիններին իրենց թերություններից ուշադրությունը շեղելու նպատակով՝ շառը գցել ժողովրդի կողմից արդարացի թիրախավորված անվստահելի դատական համակարգի վրա, որի վերաբերյալ մենք բոլորս առանց այն էլ բացասական կարծիք ունենք: Սա ոչ թե խնդիրների լուծման, այլ խորտակվող նավերի վախճանը հետաձգող քաղաքականություն է:

Ուստի համոզված եմ, որ քննիչների կողմից պատրաստի «գյոզալ» գործերը դատարան չուղարկելու պատճառը միայն դատավորները և փորձագետները չեն: Ես ինքս ինչպես արդեն նշեցի թերահավատություն ունեմ մեր դատական համակարգի նկատմամբ, սակայն, ծանոթ չլինելով վարչապետի կողմից նշված գործերին, պարկեշտ չեմ համարում ավելի հստակ ենթադրություններ անել դրանց վերաբերյալ՝ չնայած վարչապետի օրինակները շատ պատկերավոր էին և համոզված եմ, որ մասնագետները հասկացել են իրողությունը և նման պատճառաբանություններ բերած անձի նպատակը: Միանշանակ կարող եմ հիմնավոր կասկած արտահայտել, որ նշված գործերի մանրամասն ուսումնասիրության արդյունքում ի հայտ կգան թերություններ, որոնք ամենևին էլ կապված չեն լինի փորձագետների և դատավորների հետ: Վստահաբար կարող եմ ասել չկա քննիչ, որ չցանկանա մեկ օր շուտ ազատվել իր վարույթում քննվող ամենափայլուն գործից: Հաշվի առնելով ներկայիս իրականությունը՝ ապացուցողական ամուր բազա ունեցող քրեական գործը նույնիսկ ամենակոռումպացված դատավորը դժվար թե ռիսկի դիմի և տապալի: Կարծում եմ «Իմ քայլը» խմբակցությունում կան պրակտիկ իրավաբաններ, որոնք կհաստատեն իմ այս խոսքերը: Ամենևին չցանկանալով որևէ մեկին վատաբանել նշեմ, որ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների միջին օղակում աշխատող շատ աշխատակիցներ ուրախ են այս փոփոխությունների համար, սակայն միևնույն ժամանակ վախեցած, քանի որ չգիտեն ինչ է լինելու՝ ի վերջո, երբ է քաշվելու այդ կարմիր գիծը, որի արդյունքում իրենք կհասկանան մնում են, թե գնում, բարիկադների որ կողմում են իրենք և եթե գնում են առաջ, ապա հավասարության և օրինականության մասին այդ քաղաքական խոսքերն իրո՞ք ճշմարտություն են:

Հավատացե՛ք, պարո՛ն Վարչապետ, իրավապահները և դատավորները կայունություն են սիրում, անկախ նրանից կոռումպացված են, թե ոչ: Նրանք պարզապես պետք է ունենան աշխատելու հստակ սահմաններ, որպեսզի հասկանան և վստահ լինեն, թե ինչ է իրենց սպասվում առջևում: Երբ կքաշվի այդ կարմիր գիծը, դատավոր, դատախազ, քննիչ, թե ոստիկան հանդարտվելով կա՛մ կհեռանան, կա՛մ էլ հասկանալով, որ կարող են մնալ և աշխատել, կանեն իրենց աշխատանքը ըստ քաղաքական իրողության: Քանզի որևէ մեկը համոզված չէ, որ աշխատելու է և անցյալի կմախքներն իրեն չեն հետապնդելու, հայերեն ասած՝ մեկ-երկու ամիս պաշտոնին մնալու համար նախկինների հետ չեն գնա առճակատման:

Քննիչների մոտ կա այսպիսի մի կարծրատիպ, որ ամենից հեշտը պրակտիկ իրավաբանի գործը քննելն է, քանի որ նա շատ լավ գիտի և՛ օրենքները, և՛ ներքին խոհանոցը, ուստի ապարդյուն չի դիմադրում ու մեղավորության դեպքում, շատ արագ փաստերը ռեալ գնահատելով, ընդունում է իր մեղքը: Այն օրը, երբ հստակ կասվի, թե ովքեր պետք է գնան, իսկ ովքեր մնան, նրանք դա կընդունեն և ակամայից համակարգը կաշխատի անխափան ժամացույցի պես: Ահա թե ինչու այսքան երկար ժամանակ մեր երկրում հեղափոխություններն արդյունքի չէին հասնում:

Այսպիսով՝ դատական և իրավապահ մարմինները միշտ էլ լավ են աշխատել, հարցը նրանում է, թե ով պետք է գնահատի նրանց աշխատանքը և ումից է կախված նրանց բարեկեցությունը: Այդ համակարգերը միշտ պարզապես աշխատել են ինչ-որ մեկի համար, ուստի, եթե ցանկություն կա, որ նրանք գործեն անաչառ և անկախ, պետք է դուրս բերել քաղաքական գործոնը և մեխանիկորեն վարկաբեկված անձինք դուրս կգան համակարգից, իսկ իրական օրինականության ջատագովները կշարունակեն իրենց աշխատանքը արդեն քաշված կարմիր գծից այս կողմ և նոր տրամաբանությամբ, որը մատուցվել է նրանց:

 

Ժիրայր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031